Առաջին լրատվականի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
-Պարոն Քոքոբելյան, Դուք ԵՏՄ հայեցակարգը համարում եք հակասահմանադրական, մինչդեռ ՍԴ-ն այն սահմանադրական համարեց, և հիմա ԱԺ-ն պիտի վավերացնի այն: Ի՞նչ է լինելու դրանից հետո:
-Նախ նշեմ, որ ՍԴ որոշումը հակասահմանադրական է, և կարծես թե մատի փաթաթան են դարձրել, որ ՍԴ որոշումները չեն մեկնաբանվում: Եթե նախկինում ՍԴ-ն փորձում էր իր ոչ արդարացի որոշումները գոնե լղոզել և հասարակությանը ներկայացնել որպես ճշմարտանման, ապա այս դեպքում դա էլ չարվեց: Ես ՍԴ որոշումը չեմ համարում իրավական փաստաթուղթ, քաղաքական վճիռ է կայացվել, և դա քաղաքական փաստաթուղթ է: Շատ խոսուն փաստ է այն, որ ԵՏՄ-ում կա տնտեսական կոմիտե, որի որոշումները պարտադիր կատարման ենթակա են անդամ պետությունների համար, մինչդեռ մեր Սահմանադրության առաջին և 114-րդ հոդվածները բացառում են ցանկացած վերազգային կառույց, որի որոշումը ՀՀ համար լինի պարտադիր: Հիշարժան եմ համարում նաև Անկախության հռչակագրի 8-րդ կետը, որտեղ նշված է, որ Հայաստանը պիտի ունենա իր մաքսային կառույցը: Եթե մենք փաստացի մտնենք ԵՏՄ, որը ցավոք արդեն իրողություն է, ՀՀ մաքսային օրենսգիրքը 2015-ի հունվարի 2-ից չի գործելու, փոխարենը գործելու է միացյալ տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: Այսինքն՝ փաստացի մենք ունենալու ենք այնպիսի մաքսատուրքեր, որոնք սահմանել է ընդհանուր տնտեսական միությունը: Սրանք փաստեր են, որոնք ավելորդ մեկնաբանության կարիք չունեն:
Ցավոք, մինչ այս պահը մեր հասարակությունը հնարավորություն չունեցավ առերեսվելու ԵՏՄ պայմանագրին, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները: Եթե նրանց հարցնեք, շատերն անգան չեն էլ կարողացել ունենալ այդ փաստաթուղթը, որ կարդան: Նույն խնդիրը մենք ունեցանք ԵՄ-ի հետ ասոցացման խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի դեպքում, երբ 3.5 տարի բանակցություններ ընթացան, բայց հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե ինչից հրաժարվեցինք մենք: Եթե այն դեպքում ասում էին, որ բանակցային փուլում չի կարելի, որ փաստաթուղթը մատչելի լինի լայն հանրության համար, ապա այս դեպքում ՌԴ-ն նույնիսկ վավերացրել է փաստաթուղթը, որով հաստատել է, որ ինքը դեմ չէ, որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ:
Ես բազմիցս նշել եմ, որ սա ոչ թե Հայաստանի համար հնարավորություն է, այլ մեծ մարտահրավեր տնտեսական ու քաղաքական առումներով: Եթե ուշադիր եք եղել, ԵՏՄ կողմնակիցները հիմնականում խոսում են երեք գործոնից. անվտանգության բաղադրիչ, նոր շուկաների հնարավորություն և աշխատուժի տեղաշարժ: Ակնհայտ է, որ այս տարվա օգոստոսին շփման գծում տեղի ունեցող սադրանքներն ու լարվածության աճը ապացուցեցին և ի չիք դարձրեցին անվտանգության բաղադրիչի հետ կապված փաստակները: Օրերս էլ ղարաբաղյան ուղղաթիռի խոցումից հետո մինչ այս պահը հնարավորություն չունենք մոտենալ ու դուրս բերել մեր օդաչուներին: Եթե խոսում են անվտանգության բաղադրիչից, ապա թող բարի լինեն հիշել, թե ինչ ծավալով է Ռուսաստանը զենք վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին: Հատկանշական է, որ Ադրբեջանն իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ երկրորդ տեղում Բելառուսն է:
Ինչ վերաբերում է նոր շուկաների հնարավորությանը, ապա արժե հիշել, որ ռուսական ռուբլին արդեն մոտ 30 տոկոսով արժեզրկված է, և անգամ ռուս վերլուծաբանների կանխատեսումներով՝ սպասվում է մինչև 50 տոկոսի անկում: Եթե մեր բիզնես միջավայրն այնպիսին էր, որ կարող էին հաշվարկել 20-30 տոկոսի շահույթ ռուսական շուկայում, ապա այսօր դա գոյություն չունի: Կարծում եմ, տեղյակ եք, որ գինեգործների միությունում հայտարարություն է եղել, որ այս վերջին ընթացքում հսկայական վնաս են կրել գինի ու սպիրտ արտահանողները: Երբ առանձին-առանձին խոսում ես ձեռներեցների հետ, բոլորը նշում են, որ այսուհետ բոլորովին նպատակահարմար չէ ապրանք արտահանել ռուսական շուկա, որովհետև դա պարզապես հակասում է տնտեսական օրենքներին: Այսինքն՝ այդ բաղադրիչն էլ քննության չի դիմանում:
Ստացվում է, որ մենք գնում ենք մի միություն, որը որևէ հեռանկար չի խոստանում, որը ոչ թե նպաստելու է օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքին դեպի Հայաստան, այլ լինելու է լուրջ խոչընդոտ այդ ներդրումների համար: Որովհետև ոչ մի օտարերկրյա գործարար չի ցանկանում ներդրումներ անել մի հարթությունում, որը ոչ միայն անհասկանալի է, այլև աստիճանաբար գնում է ինքնամեկուսացման: Վերջապես, սա ոչ համարժեք քայլ է այսօրվա աշխարհում, և այն պատժամիջոցներն ու ճնշումները, և այն մեկուսացումը, որում այսօր գտնվում է Ռուսաստանը, մենք ինքնաբերաբար գնում ենք դեպի այդ մեկուսացումը: Ուզում եմ հիշեցնել նաև G20-ի հավաքի ժամանակ Պուտինի մեկուսացած և մեղմ ասած՝ անհարմար վիճակը:
-Սեպտեմբերի 3-ից տևական ժամանակ է անցել: Ի՞նչ են արել այն ուժերը, այն մարդիկ, որոնք այլ կերպ էին մտածում: Անգամ հարթակում այդ այլընտրանքը չկա, նաև տեսնում ենք, որ այդ հարթակին այլընտրանք չկա: Արդյոք այս մեկ տարին բավարար չէ՞ր, որ հասարակությանն իրազեկեին ԵՏՄ-ի վնասների և ԵՄ-ի հետ ասոցացման առավելությունների մասին:
-Շատ կարևոր հարց է. նախ այլընտրանքները լինում են գաղափարական իմաստով և կան, իսկ հանրությանը իրազեկելու և տեղեկացնելու առումով այն քաղաքական ուժերը, այդ թվում նաև մենք՝ «Ազատ դեմոկրատներս», որ ի սկզբանե դեմ ենք եղել ԵՏՄ-ին, բնականաբար, այդ հնարավորությունը չենք ունեցել: Որպեսզի քննարկվի, թե հասարակության քանի տոկոսն է դեմ Մաքսային միությանը, պետք է լինեն լայն քննարկումներ, հասարակական լսումներ, նաև լրատվամիջոցների միջոցով հասարակությունը ծանոթանա այդ քննարկումներին և տեղյակ լինի, թե դեպի ուր է գնում երկիրը: Անգամ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը հասարակությունը չտեսավ: Ի դեպ, այդ պայմանագրի որոշ հատվածներ տպագրվել է հենց մեր ուժերով: Ցավում եմ, որ եվրոպացիները նախանձախնդիր չեղան, որ գոնե դա տպագրվի: Իսկ ԵՏՄ-ի դեպքում արդեն կա կայացած փաստ, բայց մինչև այս պահը չկա որևէ կայք կամ լրատվամիջոց, որը հնարավորություն է ստացել հրապարակելու այդ պայմանագիրը:
-Բացի դասախոսություններից, տեսությունից, գործնականում ի՞նչ քայլեր պիտի արվեն:
-Քաղաքական ուժերը հասարակության հետ աշխատելու մի գործիք ունեն՝ հաղորդակցվելու և այն նյութը, որին իրենք կողմ են կամ դեմ, հրամցնելու հանրությանը: Այդ հնարավորությունն այսօր իսպառ բացակայում է: Նախ՝ չկա բուն պայմանագիրը, և այս լուսավոր 21-րդ դարում կարծես ամայություն է տեղեկատվական առումով: Հասարակությունը հնարավորություն չի ունեցել առերեսվել այդ փաստաթղթին, իսկ այդ դեպքում ո՞րն է ճանապարհը, որ դու հասարակության հետ խոսես այդ մասին: Վերջապես հասարակությունը պետք է քաջատեղյակ լինի այն նյութին, որի մասին ուզում ես լսել նրա կարծիքը: Երբ տեղյակ չեն փաստաթղթից, բայց հայտարարում են, որ դա կավելացնի մեր այս կամ այն բաղադրիչը, հասարակությունն այդպես էլ չի իմանում՝ ինչո՞ւ պիտի ավելացնի կամ չավելացնի:
Ընդ որում, ԵՏՄ-ին կողմ հանդես եկող քաղաքական ուժերի դեպքում գործ ունենք կոնյուկտուրային խնդրի հետ, իսկ հասարակության կողմ կամ դեմ լինելը այս փուլում գնահատելը պարզապես անիմաստ է և անթույլատրելի: Չի կարելի քննարկել, թե հասարակության որ մասն է կողմ կամ դեմ, եթե մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչին են դեմ ու ինչին՝ կողմ: Շատերն ասում են՝ կողմ ենք Ռուսաստանին կամ դեմ ենք Ռուսաստանին, բայց այստեղ Ռուսաստանին կողմ կամ դեմ լինելու խնդիր չէ, այլ պետք է դիտարկել, թե որքանով էր շահավետ այս միությունը Հայաստանի համար: Եթե կցանկանաք, ես կարող եմ տրամադրել ձեզ այդ պայմանագիրը, և կտեսնեք, որ այնտեղ բավական խրթին հարցեր կան: Գրեթե բոլոր գլուխներում կան խնդիրներ և վիճահարույց մեծ հարցեր: Եթե խոսում են այն մասին, որ Ռուսաստանը կարող է շուկա լինել մեր գործարարների համար, ուզում եմ այդ մարդկանց ասել, որ այնտեղ կա փաստացի քվոտավորում, և եթե Հայաստանը ներմուծելու է ինչ-որ ապրանքատեսակ, ապա դա թույլատրված է միայն իր թվաքանակին համապատասխան, իսկ դրանից ավելիի դեպքում ներմուծումը լինելու է շատ բարձր գներով: Այսինքն՝ հնարավորություն չի տրվում, որ հայ գործարարը ազատորեն գործի և ռուսական շուկան ծառայեցնի իր գործարար շահերին: Դրա համար հայ գործարարը ստիպված է լինելու իր գործունեությունը ծավալել ՌԴ-ում կամ Ղազախստանում, որտեղ բնակչությունն ավելի մեծ է:
Ավելին՝ տեսանյութում: