Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին «ՀՀ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կառավարության անդամներին, որոնք ներկայացնում էին պայմանագրի դրական ու բացասական կողմերը՝ հարց ուղղեց, նշելով, թե չի ուզում քննարկել այս պայմանագրի սահմանադրականության հարցը, բայց կառավարության անդամների բացատրություններից այդպես էլ ոչինչ պարզ չդարձավ. «Քննարկեցինք, թե պայմանագիրը քանի էջից է բաղկացած, բայց մենք չլսեցինք, թե ի՞ նչ է տալու ՀՀ-ին այս պայմանագիրը եւ ինչից է զրկելու: Կուզենայինք լսել, թե ո՞ր ապրանքատեսակների թանկացում է սպասվում, հստակ նշեք: Ցանկացած պայմանագիր ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, խնդրում եմ նշեք թե ո՞րն է այս պայմանագրի թույլ կողմը, զարմանալի կլինի, որ չունենա թույլ կողմ, եւ ո՞րն է ուժեղ կողմը»:
Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ 750 ապրանքների հիմնական մասի համար բացառությունը 5 տարով է՝ ժամկետի երկարաձգմամբ: Շատ քիչ մասն է, որ 5 տարուց պակաս է գործելու. «Միանշանակ ասել, որ 5 տարի հետո այդ ապրանքները կթանկանան, կամ 8 տարի հետո՝ վաղ է: Ընթացքում կերեւա: Ակնկալում ենք, որ որոշակի մաքսատուրքերի նվազեցում տեղի կունենա, դրա համար հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե որ ապրանքը կթանկանա: Հիմնականում այդ ռիսկերը փորձել ենք նվազեցնել մեր տնտեսվարողի համար: Զուտ ապրանքի սերտիֆիկացման տեղաշարժի համար մենք առանց որեւէ խոչընդոտի հնարավորություն ունենք ապահովել: ԵՏՄ-ում գործում է 34 տեխնիկական կանոնակարգ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս,որ պահանջներն ավելի խիստ են, քան ՀՀ-ում է, հետեւաբար մենք լուրջ աշխատանք ունենք անելու լաբորատորիաների վերազինման ուղղությամբ»:
Աղբյուրը` Aravot.am