Tert.am–ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, անդրադառնալով նրան, որ Ղազախստանի ու Բելառուսի խորհրդարանները չներառեցին ԵՏՄ–ին Հայաստանին միանալու պայմանագիրն իրենց խորհրդարանների քառօրյաների օրակարգում, նշեց, որ իրավաբանորեն Հայաստանը չի կարող 2015-ի հունվարի 1-ից լինել ԵՏՄ անդամ: Սակայն նա կարծում է, որ ՌԴ-ին կհաջողվի այս երկու երկրների վրա ճնշումներով լուծել այս հարցը: «Ռուսաստանին Հայաստանը շատ անհրաժեշտ է՝ թե՛ որպես ձայն, թե՛ որպես հարավկովկասյան գործընկեր և լավ կլինի, որ դա մերոնք էլ՝ հայաստանյան քաղաքական ու պետական գործիչները գիտակցեն»,– ասաց նա:
-Պարո՛ն Քոքոբելյան, Ղազախստանի ու Բելառուսի խորհրդարաններն իրենց նստաշրջաններում չներառեցին Հայաստանի ԵՏՄ–ին Հայաստանին միանալու պայմանագիրը: Քանի որ Հայաստանը պետք է հունվարի 1-ից լիներ ԵՏՄ անդամ, ապա սա նշանակո՞ւմ է արդյոք, որ իրավաբանորեն Հայաստանը ԵՏՄ անդամ լինելու է:
– Ակնհայտ է, որ նման պայմաններում, հունվարի 1–ից Հայաստանը չի կարող լինել ԵՏՄ անդամ, որովհետև մինչև հունվար Ղազախստանն ու Բելառուսը Հայաստանի հարցով արտահերթ նիստեր չեն հրավիրի: Այնպես որ, իրավական առումով Հայաստանը հունվարի 1-ից չի կարող լինել ԵՏՄ անդամ: Եվ հենց երեկ Տնտեսական հանձնաժողովում Եվրասիական տնտեսական միության անդամության մաքսային դրույքաչափերի հետ կապված օրենքներ անցկացվեցին, ցավոք սրտի, հաստատվեցին, բայց այդուհանդերձ, այնտեղ հստակ նշված է, որ այդ որոշումներն ուժի մեջ կմտնեն մեր անդամակցության պահից սկսված: Այսինքն՝ զուտ իրավական առումով պարզապես մնացել է բելառուսական և ղազախական խորհրդարանների հաստատումը: Բայց դրանց վերաբերյալ, պարզ ասեմ, այն կարծիքին չեմ, որ բելառուսներն ու ղազախները չեն վավերացնի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը, այլ պարզապես նրանց՝ այդ հարցը օրակարգում չընդգրկելու պահը խոսում է այն մասին, որ արդեն իսկ այսօր ԵՏՄ-ում առկա են չհամաձայնեցված գործողություններ: Եվ որ այդ երեք երկրների միջև կան հակասություններ զուտ տնտեսական առումով, ինչո՞ւ ոչ՝ քաղաքական առումով, որովհետև եթե ուշադիր նայենք՝ որքան էլ Ռուսաստանը փորձեց ղազախներին ու բելառուսներին ներքաշել սանկցիաների հետ կապված գործընթացներին ու արձագանքներին, ո՛չ նրանք, ո՛չ նրանք չգնացին այդ քայլին: Ուզում եմ հիշեցնել Սերգեյ Լավրովի այդ հայտարարությունը, որը ես լրջագույն խնդիր եմ համարում: Այն է, որ սանկցիաների դեպքում Եվրասիական տնտեսական միության կանոնակարգը հնարավորություն է տալիս, որ որպես գործիք այլ երկրները՝ ԵՏՄ անդամ պետությունները հակառակ սանկցիաներ կիրառեն կամ ինչ-որ այլ բաներ:
Բայց, կրկնում եմ, չեմ կարծում, կամ ՝ քիչ հավանական եմ համարում, որ բելառուսական կամ ղազախական խորհրդարանները չեն վավերացնի Պայմանագիրը՝ Հայաստանի մասով: Հակառակ պարագայում այդ երկրների նախագահները՝ Նազարբաևն ու Լուկաշենկոն չէին վավերացնի այդ պայմանագիրը:
-Այդ դեպքում իմաստը ո՞րն է հետաձգման, ցույց տալ, որ Հայաստանը, իր տնտեսությունը բալաստ է իրենց համար:
-Կա մեկ խնդիր, որը շատ պարզ է, և բոլորը այդ մասին խոսում են, այդ թվում՝ ղազախական ու բելառուսական կողմերը, որ Հայաստանի անդամակցությունը, որը ակնհայտ է, որ մեզ պետք չէ, դա ավելի շատ և զուտ քաղաքական որոշում է՝ կայացված ռուսական իշխանությունների կողմից: Եվ Ռուսաստանին Հայաստանը շատ անհրաժեշտ է թե՛ որպես ձայն, թե՛ որպես հարավկովկասյան գործընկեր և լավ կլինի, որ դա մերոնք էլ՝ հայաստանյան քաղաքական ու պետական գործիչները գիտակցեն: Ռուսաստանին սա շատ անհրաժեշտ է և ինքն այդ քայլին գնացել է, վստահ եմ, որ ռուսական իշխանությունները ճնշում կգործադրեն, ուղղակիորեն այդպես էլ ասում են, որ եթե ղազախական կամ բելառուսական կողմից վավերացման ցանկություն չլինի, իրենք՝ ակնհայտ ճնշում գործադրելով՝ այդ խնդիրը կլուծեն: Որովհետև դա բխում է իր քաղաքական շահերից: Այնպես որ, այս գործընթացում մեր անելիքը գրեթե զրոյական է լինելու: Այլ խնդիր է, որ օրինակ՝ մինչև մայիս, որը քիչ հավանական եմ համարում, ռուսական իշխանությունների ազդեցությունն իր գործընկերների վրա այնքան թուլանա, որ չկարողանա խնդրին քաղաքական լուծում տալ: Իսկ՝ քաղաքական, որովհետև դա զուտ քաղաքական խնդիր է:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ այդ ճնշումը չի կարող լինել մինչև հունվար, և մենք հունվարից 1–ից չե՞նք լինի ԵՏՄ անդամ: Ինչո՞ւ եմ կրկնում, որովհետև ԱԳՆ խոսնակը այս կապակցությամբ , երբ դեռ նշված նիստերը տեղի չէին ունեցել, միայն ասել էր, որ
«այդ ապատեղեկատվությունը մեկնաբանության կարիք չունի»:
-Հունվարի 1-ից մենք չենք լինելու ԵՏՄ անդամ: Ստացվեց այնպես, որ մեր խորհրդարանը վավերացրեց, մեր օրենքները այս արտահերթ նիստում համապատասխանեցնում ենք այդ կառույցին, այդ օրենքները մտնում են, արդեն համապատասխան հանձնաժողովներ դրական եզրակացությունը տվել են և վստահ եմ, որ այս արտահերթ նիստում այդ օրենքները կանցնեն: Եվ Հայաստանը կունենա արդեն պատրաստի՝ այդ կառույցին անդամակցությանը լիովին համապատասխանեցված օրենքներ, բայց կսպասի բելառուսական և ղազախական պառլամենտների վավերացմանը:
Ինքս պառլամենտում առաջարկել եմ, որ ճիշտ կլիներ, որ Հայաստանը սպասեր, որ ԵՏՄ անդամ երկրները վավերացնեին, նոր Հայաստանը գնար այդ քայլին: Բայց, ինչևիցե, եղավ այն, ինչ եղավ:
-Այս ընթացքում արտաքին քաղաքական բնույթի մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ: Այն, որ հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ,իսկ ՀՀ քաղաքացիների համար այսպես ասած՝ վիզաների դյուրացման ռեժիմ, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա ՀՀ քաղաքացիների լայն շերտի համար»:
– Այդ օրենքի նախագիծը կար մինչև «սեպտեմբերի 3»-ը, այսինքն՝ կար որոշակի քաղաքական համաձայնություն, ամենաբարձր մակարդակներով, որ մենք պետք է ունենայինք այդ հեշտացված վիզային ռեժիմը: Եվ սա ձգձգվեց մի քիչ, բայց այդուհանդերձ, վավերացումը խոսում է այն մասին, որ արևմտյան կողմը ուղղակիորեն այս փուլում շարունակում է բարելավել և զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ: Սա միայն դրական է և շատ կարևոր մեր ժողովրդի համար՝ հաշվի առնելով մեր հայրենակիցների այն մեծ քանակը, որը ապրում է Արևմուտքում: Եվ սա իմ խորին համոզմամբ՝ ԱՄՆ–Հայաստան թե՛ տնտեսական հարաբերությունների և թե՛ քաղաքական հարաբերությունների զարգացման, շատ անհրաժեշտ և կարևոր պայման է՝ խոչընդոտների վերացման, զուտ հաղորդակցության տեսանկյունից: