Ի դեմս Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները կասեցնելու` ԱՄՆ-ն շատ պարզ և թափանցիկ քայլ իրականացրեց: Գործողությունների նման դինամիկան վաղուց էր նկատելի: Վաղուց էր նկատելի նաև այն, որ Բելառուսը Ռուսաստանի նկատմամբ քաղաքական կուրսի փոփոխության էր պատրաստվում: NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ հանդես եկավ ռուսական պետական քաղաքականության դեմ հայտարարություններով, այնուհետ այդ երկիրը Ռուսաստանի հանդեպ սկսեց պատժամիջոցներ կիրառել, Կալինինգրադում կանգնեցրեց բեռնատարերի մի մեծ շարասյուն: Ակնհայտ է` Միացյալ Նահանգները չի թողնում, որ Ռուսաստանը պոտենցիալ դաշնակիցների, գոնե նեղ շրջանակ ունենա: ԱՄՆ-ն բոլոր երկրների հետ լավացնում է հարաբերությունները, հանում պատժամիջոցները: Սա խոշոր աշխարհաքաղաքական գործընթաց է, որը միտված է Ռուսաստանի մեկուսացմանը»,- ասաց Անուշ Սեդրակյանը` հավելելով, որ Միացյալ Նահանգների նմանօրինակ քայլը դատապարտված է հաջողության:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահի համոզմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն իրեն սխալ կերպով համոզել է, որ այս ժամանակաշրջանը գաղափարական պայքարի և դրան հաջորդող պատերազմի ժամանակաշրջան է, մինչդեռ ակնհայտ է, որ այժմ տնտեսական բարեկեցության ժամանակաշրջան է: «Սա նրա քաղաքական խոշոր սխալն է, որով Պուտինը Ռուսաստանը դատապարտել է քաղաքական և տնտեսական մեկուսացման»,- ընդգծեց Անուշ Սեդրակյանը` շեշտելով, որ Բելառուսի նման պահվածքն ակնհայտորեն տանում է ԵՏՄ-ում իր դերի նվազեցման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման:
Ամփոփելով` քաղաքական գործիչը նկատեց, որ բացի Հայաստանից` բոլորն ակտիվորեն ԵՏՄ-ի այլընտրանքներ են փնտրում: «Միայն մենք ենք, որ պատրաստվում ենք սուզվել ու մնալ այդ փլատակների տակ: Մենք չենք ուզում տեսնել բացահայտը և համակերպվել բացահայտ պարտության հետ»,- նկատեց նա: Նյութի աղբյուրը ` Newsbook.am