Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ելույթը «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով քննարկման ժամանակ:
Հարգելի բանախոսներ, կազմակերպիչներ և ներկաներ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նման քննարկման կազմակերպման համար, կարծում եմ, այսպիսի ֆորմատների կարիք մենք իրոք ունենք:
Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այդ հարցում նոր ուղիների մատնանշման վերաբերյալ, կցանկանայի նախ մի փոքր պատմական ակնարկ անել, քանզի շատ է խոսվում, թե չիմացանք թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը: Կարծես թե դա նշում են թե’ իշխանության ներկայացուցիչները, թե’ մեր եվրոպացի գործընկերները: Իմ գնահատմամբ, մինչ այս պահը պրոֆեսիոնալ և քաղաքական մակարդակում որևիցե լուրջ բանավեճ, քննարկում, հեռուստատեսային բանավեճեր, խորհրդարանական քննարկումներ չեն եղել Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրերի վերաբերյալ, որպեսզի հասարակությունն հասկանա, թե ինչից է հրաժարվում, կամ թե ինչ է ձեռք բերելու: Նույնն էլ տեղի է ունեցել ԵՏՄ անդամակցության հետ կապված և, ցավոք, սա չի խոսում մեր երկրում ժողովրդավարության բարձր մակարդակի մասին կամ, ինչու չէ, լրատվամիջոցների ազատության մասին:
Ես միշտ համարել եմ և այժմ էլ պնդում եմ, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը Հայաստանին պարտադրված որոշում է եղել, քանզի 3,5 տարի ԵՄ-ի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո 1-2 օրվա ընթացքում 180 աստիճանով շրջադարձ կատարելու հանգամանքը ակնհայտորեն խոսում է այն մասին, որ դա պարտադրված քայլ էր: Եւ այդ որոշումը, ցավոք սրտի, չի կայացվել ՀՀ մայրաքաղաք Երևանում, այլ կայացվել է Մոսկվայում:
Նշեմ, թե ինչու է մեզ պետք ԵՄ-ի հետ համագործակցությունը և թե ինչու պետք է ՀՀ-ն օր առաջ դեմքով շրջվի դեպի Եվրամիություն: Երբ մենք անդամակցում էինք ԵՏՄ-ին հիմնականում խոսվում էր երկու գործոններից` տնտեսական և անվտանգության: Ես նաև կավելացնեմ, որ ընդհանրապես ցանկացած ինտեգրացիոն գործընթացի Հայաստանի մասնակցության համար պետք է ավելացվի նաև երրորդ կետը` քաղաքական համակարգի բաղադրիչը, թե մենք ինչպիսի քաղաքական համակարգ ենք ուզում ունենալ մեր երկրում:
Տնտեսական գործոնը շահարկողները խոսում էին 170 միլիոնանոց շուկայի մասին, բայց այսօր գրեթե չկա դեպի ռուսական շուկա որևէ արտահանող, որն ուղղակիորեն չփաստի, որ ինքը սկսել է ռուսական պահեստներից հետ բերել իր ապրանքը: Այսինքն որպես այդպիսին, այդ 170 միլիոնանոց շուկան գոյություն չունի: Եւ դժվար չէր դեռ սեպտեմբերի երեքին հաշվարկել, որ այն հակամարտությունը, որ հասունանում էր միջազգային թատերաբեմում տանելու է ռուսական շուկայի լիիրավ մեկուսացման և տնտեսության ոչնչացման: Դա պետք էր հաշվարկել դեռ այն ժամանակ և հասկանալ, որ փաստի առաջ է կանգնելու նաև Հայաստանի Հանրապետությունը:
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, որը անհնարին չէ` ինչպես մեր ընդդիմախոսներն էր ասում, լրացուցիչ հնարավորություն կստեղծեր, նոր արտահանման շուկաներ ունենալու և ամենակարևորը` նոր ներդրողներ ներգրավելու համար: Երբեմն պարզունակ պատճառաբանություններ են բերում, թե մենք չունենք տնտեսության մրցունակ ճյուղեր, որոնցով կկարողանայինք դուրս գալ եվրոպական շուկա և մրցունակ լինեինք: Այո, կա այդ փաստը, բայց պետք է խոստովանենք, որ մենք ընդհանրապես տնտեսության մրցունակ ճյուղ չունենք, սակայն դա չի նշանակում, որ պետք է փնտրենք երկրորդական շուկաներ, որտեղ անորակ ապրանքների իրացումը հեշտ է, այլ ընդհակառակը` պետք է մտածենք տնտեսության զարգացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Անվտանգության բաղադրիչի հետ կապված նշեմ մեկ պարզ բան` ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը չի բերել անվտանգության մակարդակի բարձրացման. դրա վառ ապացույցն է այսօր` մեր սահմաններում օր օրի ավելացող լարվածությունը, դրա վառ ապացույցն է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ուղղակիորեն զինելու երևույթը, որը երբեմն ցինիկաբար որակվում է որպես բիզնես և որը 1997թ. ստորագրված հայ-ռուսական պայմանագրի ակնհայտ խախտում է: Այսքանից հետո խոսել այն մասին, թե հանուն անվտանգության մերժվել է Ասոցացման համաձայնագիրը և կայացվել ԵՏՄ անդամակցության որոշումը, ուղղակի անհեթեթ պնդում եմ համարում:
Շատ հայտնի փաստ կա, որ անվտանգության բաղադրիչի ապահովման միակ երաշխիքը զարգացող և զարգացման հեռանկար ունեցող պետությունն է, և ցանկացած ինտեգրացիոն քայլ կատարելիս մենք պետք է հաշվի առնենք հենց այդ փաստը:
Այո, ՀՀ առաջին և կարևորագույն խնդիրն անվտանգությունն է, որն էլ բխում է տնտեսության զարգացման հեռանկարից: Եթե մենք չենք փոխելու մեր քաղաքական համակարգը, եթե մենք արմատախիլ չենք անելու կոռուպցիան, եթե մենք չենք ստեղծելու տնտեսական հավասար պայմաններ, ապա տնտեսության զարգացման մասին խոսելը ավելորդ, իսկ առանց զարգացող տնտեսության, առանց քաղաքական թափանցիկ համակարգի, առանց ժողովրդավարական պրոցեսների անվտնագության մասին անիմաստ է խոսել:
Իսկ ի՞նչ էր մեզ տալու ԵՄ-ի հետ ասոցացումը: Նախ կուզենայի որպես Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ նշել, որ մեզ համար ԵՄ-ին անդամակցություն ծրագրային դրույթ է, բայց առայժմ մենք խոսում ենք ինտեգրացիայի մասին: Վստահ եմ, որ ինտեգրվելով ԵՄ-ին ՀՀ-ում օր օրի առավել մեծ հնարավորություն կունենանք նպաստելու կոռուպցիայի վերացմանը: Այստեղ նշվեց, թե որևէ բան մեզ չի խանգարում եվրասիական տարածքում Եվրոպա կառուցելու, անկեղծ, չեմ ուզում լուրջ վերաբերվել այս պնդմանը, քանզի մի պարզ ճշմարտություն կա, որ եթե ինտեգրվում ես մի կենտրոնի, որտեղ վխտում է կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումը, դու չես կարող անմասն մնալ այդ ամենից: Իսկ հակառակը պնդողները, թող ուղիղ հայտարարեն, որ մենք ինտեգրվել ենք ԵՏՄ-ին, բայց դա ձևական բնույթ է կրում և այնտեղ ընթացող պրոցեսները մեզ վրա չեն ազդելու: Ես իրոք կարծում եմ, որ այդ միությունը ձևական բնույթ է կրում` այն պուտինյան ռեժիմին հարմարեցված կառույց է և, ցավոք սրտի, խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի համար արտաքին քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրացիոն գործընթացները զարգացնելու առումով:
Մեր եվրոպական գործընկերների կողմից բազմիցս բարձրացվում է այն հարցը, թե որն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Հայաստանը կարող է ինտեգրացիոն գործընթացների մեջ մտնել Եվրոպական միության հետ: Իմ գնահատմամբ` Հայաստանը չպետք է բավարարվի այն ամենով ինչ առաջարկում են. առաջին խնդիրը, որ պետք է ՀՀ-ն լուծի նա ինքը պետք է դառնա նախաձեռնող:
Եվս մի կարևոր հանգամանք` ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը ապա Հայաստանում անվտանգության խնդիր էր առաջանալու, թե իբրև այստեղ էլ կրկնվելու էին ուկրաինական դեպքերը: Բնավ, ոչ մի խնդիր չէր առաջանալու, և պետք չէ Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռներ անցկացնել: Նախ առաջին` այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում ուկրաինայի ժողովրդի պայքարն է ինքնուրույնության ձեռք բերման համար, բայցի այդ` Ուկրաինայում մեծ շահերի բախում է ընթանում: Ակնհայտ է, որ Հայաստանը չէր կարող դառնալ այն հարթակը, որտեղ կբախվեին գերտերությունների շահերը: Եվ դա փաթաթել ժողովրդի վզին ու համոզել, որ գիտեք եթե չհրաժարվեինք Ասոցացման պայմանագրից, ապա խնդիրներ կունենայինք: Իսկ ինչ մնում է այն պնդումներին, թե Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք Վիլնյուսում ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, որևէ բան չեն շահել դրանից, ապա նշեմ, որ որևէ մեկը չի ասել, թե ստորագրելուց հետո Վրաստանում կամ ԱլԳ մյուս երկրներում միանգամից վերանալու են սոցիալական խնդիրները: Վերցնենք մեր հարևան Վրաստանը, ակնհայտ է, որ Վրաստանի քաղաքացիները շահել են ամենակարևորը` այն բոլոր գործընթացները, որոնք գնում են իրենց տնտեսության մեջ, այն բոլոր բարեփոխումները, որոնք կատարվում են քաղաքական համակարգում, դրանք միայն Վրաստանի քաղաքացիների շահերից բխող և Վրաստանի առաջընթացին միտված քաղաքականություն է:
Չի կարելի էլեմենտար ճշմարտությունները փորձել կոծկել և ասել` գիտեք մենք այլընտրանք չունեինք` այլընտրանք ստեղծում են, այն որևէ մեկը մեզ չի նվիրելու, այնպես, ինչպես ոչ ոք մեզ անվտանգություն չի նվիրելու: Չի կարելի ասել, որ ԵՄ-ն չունի անվտանգության համակարգ` ամենաապահովված աշխարհամասն է, չմոռանանք նաև ՆԱՏՕ-ի մասին: Ցավում եմ, որ մենք չենք կարողանում մինչև այս պահը գիտակցել, որ Հայաստանը չի կարող փակ սահմանների առկայությամբ ապրել, Հայստանը չի կարող մեկուսացած իրավիճակում զարգացում ապահովել: Հայաստանի թիվ մեկ խնդիրը արտագաղթն է, որի թիվ մեկ պատճառն այս տնտեսական և քաղաքական համակարգն է: Օր առաջ Հայաստանը որպես նախաձեռնող կողմ պետք է նոր փաթեթ առաջարկի եվրոպական մեր գործընկերներին` մենք պետք է համարձակություն ունենանք մեր վրա պատասխանատվություն վերցնելու և բարեփոխումներ սկսելու: Առանց ԵՄ-ի հետ համագործակցության անհնարին է Հայաստանում իրականացնել համարձակ բարեփոխումներ, իսկ ԵՏՄ անդամակցությունը մեզ միայն հետ է մղում այդպիսի առաջընթացից: Մենք պետք է օր առաջ դեմքով շրջվենք դեպի Եվրամիություն ու դա ոչ միայն բառեր պետք է լինեն, այլ պետք է լինեն գործնական, շատ հստակ քայլեր:
Եւ վերջում ուզում եմ մի փաստի վրա հրավիրել Ձեր ուշադրությունը` տեսե’ք, քննարկման մեկնարկի անմիջապես 10-15 րոպե հետո վերացան բոլոր տեսախցիկներ, իսկ սա խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա պետական մոտեցում այս կարևորագույն խնդրի վերաբերյալ և ես չեմ կարող դա ցավով չարձանագրել:
Շնորհակալություն: