Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ուղղված Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցումը և հարցման պատասխանը:
Հարգելի պարոն Երիցյան,
2014-2015թ.թ. ընթացքում ՌԴ միգրացիոն օրենսդրությունում իրականացված փոփոխությունների պատճառով ՀՀ քաղաքացիները դժվարություններ են ունենում ՌԴ մուտք գործելիս, մասնավորապես ՀՀ շատ քաղաքացիներ ՌԴ մուտք գործելու արգելք ունեն նվազագույնը 3 տարի ժամկետով, և այդ մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ կրկին պատրաստվում են մեկնել ՌԴ:
Համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի 5-րդ հոդված ը. կետի և 7-րդ հոդվածի բ. կետի կցանկանայի ճշտել.
- Վերջին տվյալներով քանի՞ ՀՀ քաղաքացի է հայտնվել ՌԴ միգրացիոն ծառայության «սև ցուցակում», և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունն ու ՀՀ միգրացիոն ծառայությունն այդ խնդիրը լուծելու ուղղությամբ:
- 2015թ.-ից Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է, ի՞նչ է տալիս դա ՀՀ-ից ՌԴ մեկնող միգրանտներին և ինչո՞ւ չեն մեղմվել ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտք գործելու պայմնանները:
Հարգանքներով`
Խաչատուր Քոքոբելյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Հարգելի պարոն Քոքոբելյան
Ձեզ ենք ներկայացնում Ձեր հարցման մեջ ներկայացված հարցերի պատասխանները` ՌԴ միգրացիոն օրենսդրությունում իրականացված փոփոխությունների վերաբերյալ:
1. Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում, ՌԴ-ում որևէ խախտում կատարած օտարերկրացիների մուտքը այդ երկիր հետագայում արգելվում է:
Ռուսական աղբյուրների համաձայն, ներկայումս 3 մլն-ից ավելի անձինք հայտնվել են ՌԴ օրենսդրական նորմերը խախտողների թվում, որոնց նկատմամբ կիրառվել է ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով: Նույն աղբյուրի համաձայն, ռիսկի խմբում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 180.000, իսկ ՌԴ մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիներինը` 32.000: Վերջիններս այն անձինք են, ովքեր արդեն իսկ դուրս են եկել ՌԴ տարածքից(հիմնականում գտնվում են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
Վերոհիշյալ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին:
Նշված աշխատանքները սկսվել են 2014թ-ի հունիսից: 2015 թ-ի փետրվարի 13-ի դրությամբ ծառայությունում ստացվել է 4514 դիմում, որոնցից 3796-ը ուղարկվել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Վերջինիս ուղարկած պատասխանների ընդհանուր թվի շուրջ 24 տոկոսը դրական է և վերացված է արգելանքը:
2.«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված չեն դրույթներ, որոնք վերաբերում են միգրացիոն օրենսդրությունը խախտողներին, այդ թվում` մուտքի արգելք ունեցողներին դրանից ազատմանը:
Պայմանագրով կարգավորվում են աշխատանքային միգրացիային առնչվող խնդիրներ: Մասնավորապես 2015թ. հունվարի 2-ից սկսած, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույտվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում և պատենտ: Ինչը նշանակում է, որ ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ձեռք բերել պատենտ և ներկայացնել.
- ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր
- թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:
Բացի դրանից ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքների անդամները կարող են աշխատանքային միգրանտի պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ժամանակավոր գտնվել(բնակվել) ԵՏՄ անդամ պետությունների տարածքում: Ընդ որում պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները կարող են ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց (գտնվելու վայրում հաշվառվելուց), աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:
Հարգանքով` Ա. Երիցյան