Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ելույթը ՀՀ ԱԺ գազային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ:
Նախևառաջ կուզեի շեշտել, որ այս հանձնաժողովի ստեղծումը, փաստացիորեն, իզուր է եղել, քանզի այն նպատակով ինչի համար ստեղծվել է, այդպես էլ չի իրագործել:
Ինչ խնդիր պետք է լուծեր այս հանձնաժողովը, հատկապես հաշվի առնելով այն, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը` նկատի ունեմ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները, այդ հանձնաժողովում իրենց մասնակցությունն ունեցել են:
Առաջին խնդիրը, որի պատճառով անհրաժեշտ եղավ այս հանձնաժողովի ստեղծումը, դա «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի օրինական կամ ոչ օրինական լինելու հարցն էր: Այդ խնդիրը խիստ իրավական է և այդ պատճառով ես չեմ ուզում քննարկել այժմ դրա ճշմարտացի լինելու հարցը, ուղղակի ուզում եմ փաստենք ու արձանագրենք, որ գազային հանձնաժողովի նախագահ պարոն Այվազյանը այս ամբիոնից հայտարարեց, թե իրենք պարզել են, որ այդ 20 տոկոսի վաճառքը օրինական է եղել:
Երկրորդ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծեր գազի հանձնաժողովը, դա գնագոյացման հարցի պարզաբանումն էր, այսինքն ինչպե ս է լինում, որ Հայռուսգազարդը սահմանի վրա 189 դոլարով գազ է ստանում, որը, սակայն, մինչև հասնում է հայ սպառողին կրկնակի թանկանում է: Դա շատ զավեշտալի է, և կարծում եմ, որ այստեղ տեղին կլիներ, որ հանձնաժողովի ընդդիմադիր ներկայացուցիչները փաստեին, որ այդտեղ կա ատկատի խնդիր: Դա տրիվիալ է և եթե մեր հանրապետական գործընկերները չեն ուզում դրանից խոսել, ապա մենք չենք կարող դա չբարձրաձայնել:
Երրորդ խնդիրը կալորիականությունն է. ընդհանրապես ով մի թեթև գաղափար ունի գազից, գիտի, որ գազի համար կարոր չափանիշ է նաև ջերմաստիճանը: Եւ այն հաշվիչները, որոնք օգտագործում են մեր սպառողները, այնտեղ ջերմաստիճանի ցուցմունքի հետ կապված որևիցե սղագրում չի արվում: Եւ հանձնաժողովի փաստաթղթերում կարծես թե խոսք կա, որ կալորիականության խնդիրը չեն կարող հստակ որոշել: Բայց մենք «Սպառողների մասին» ՀՀ օրենք ունենք և գոնե եզրակացության տեսքով պետք է այս հանձնաժողովի որոշման մեջ լիներ առաջարկ, որ պետական մակարդակով ստեղծվեն լաբարատորիաներ` հասարակության լայն շերտերի վերահսկողությամբ, որպեսզի կարողանանք վերահսկել և հաշվել գազի կալորիականությունը: Դա շատ պարզ մեթոդներով է արվում և հայաստանյան մասնագետների ռեսուրսներով կարելի է ստեղծել նման լաբարատորիաներ:
Մյուս խնդիրը կրկին գնագոյացման հետ է կապված`մասնավորապես թե ինչպես է կատարվում ծախսագրումը: Հանձնաժողովին չի հաջողվել պարզել, թե ինչպիսի ծախսեր են ծախսագրվում, օրինակ` այդ կազմակերպությունը կարող է վարկ վերցնել և բնականաբար իր տոկոսները պետք է ծախսագրի և դա գնագոյացման առումով ուղղակի մնում է մեր սպառողի հաշվին: Իսկ այդ վարկով նրանք աշխատավարձ են վճարում, կամ մեքենա են գնում, կամ էլ գործուղումներ են վճարում: Այսինքն այս ամենը գնագոյացման ուռճացման հնարավորություն է տալիս այս կազմակերպությանը:
Մենք պետք է փաստենք, որ գազային հանձնաժողովը, այսքան երկար աշխատելով, անկախ հանձնաժողովի անդամներնի տարբեր կարծիքներից, միևնույն է ներկայացրել է մի փաստաթուղթ, որով հիմնավորում է, որ 20 տոկոսի վաճառքը կատարվել է օրենքի սահմաններում, որևիցե փաստ չի բերել, թե որն է պատճառը, որ սահմանից մինչև սպառողին հասնելը գազի գինը երկու անգամ ավելանում է և որևիցե բացահայտում, կամ հիմնավորում չկա, թե ինչու է նմանատիպ ծախսագրումներ անում այդ հիմնարկությունը: Բոլորը ծանոթ են այդ հիմնարկության աշխատավարձերին, քավ լիցի ես երբևիցե դեմ չեմ, որ մեր քաղաքացիները, հայաստանյան որևիցե կազմակերպության աշխատակիցները բարձր աշխատավարձ ստանան, բայց դրան կա շատ հստակ լուծում` նրանք կարող են այդ վճարները կատարել իրենց եկամուտներից, ալ ոչ թե դա էլ ծախսագրեն:
Փաստորեն ստացվում է, որ հերթական անգամ ՀՀ ԱԺ-ում ստեղծելով այսպիսի կարևորագույն խնդիրն ուսումնասիրող հանձնաժողով, որը բացառիկ հնարավորություն ուներ պարզելու, թե ինչի պատճառով է մեր քաղաքացին բարձր վճարում գազի համար, թե ինչն է պատճառը, որ մեր քաղաքացին ցածր կալորիականությամբ գազ է ստանում, թե որն է պատճառը, որ քաղաքացին չգիտի, թե իր գազի հաշվիչը մոտավոր ցուցմունք ցույց տվող հաշվիչ է, թե ռեալ: Ես այս ամբիոնից հայտարարում եմ, որ այն հաշվիչները, որոնք օգտագործում են մեր սպառողները բացարձակ ունակ չեն գազի ճշգրիտ ցուցմունք գրանցելու, և այս պարագայում ամենապարզագույն խնդիրները չլուծեց այս հանձնաժողովը: Այսինքն այն հնարավորությունները որ ունեցել է այս հանձնաժողովը այդպես էլ չի փորձել օգտագործել, ինձ համար հասկանալի կլիներ, եթե հանձնաժողովի անդամները հավելյալ ժամանակ խնդրեին, այլ լծակներ ու հնարավորություններ խնդրեին, որպեսզի կարողանային այս խնդիրները վեր հանելու և պարզելու: Միայն մի եզրակացության եկան բոլորը և հավատացեք որ հասարակությունն էլ համոզվեց դրանում, որ այս հանձնաժողովը ժողովրդական խոսքով ասած` ծածկադմփոց արեց, որևէ այլ խնդիր չի լուծվել: Ես այսքանով կբավարարվեմ և ուղղակի մեկ բան կնշեմ` սա խայտառակություն է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: