Մեր զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պարոն Քոքոբելյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց ընդամենը 10 դեմ ձայներով։
Նախ ուզում եմ ասել, որ տասը դեմ չէ, օրինակ՝ մենք ևս դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, որի մասին հայտարարել ենք։ Եթե որոշ մարդիկ դա չեն հասկանում, իրենց խնդիրն է։ Ես այդ նիստին ներկա եմ եղել, գրանցվել եմ ու չեմ քվեարկել և հայտարարությամբ հանդես եմ եկել՝ ասելով, որ անընդունելի եմ համարում, որ ԱԺ-ում մեկ ժամվա տարբերությամբ սեղանին դրվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը հնարավորություն չի տալիս զուտ տեխնիկական առումով նույնիսկ ընթացակարգային արագացված տեմպով ծանոթանալ, թե ինչ փոփոխություն է կրել նախնական ներկայացրած տեքստը։ Վերջապես խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխված նախագծի մասին է, և հնարավոր է, որ այդտեղ լինեին նաև առանցքային փոփոխություններ։ Ի դեպ, կան այդպիսի փոփոխություններ։ Ես նույնիսկ մեր առաջարկների հետ կապված չեմ կարողացել հասցնել ծանոթանալ, թե որ առաջարկն է ընդունվել, որը չի ընդունվել։ Այն պնդումը, թե հնարավոր էր ծանոթանալ, որովհետև ամեն մեկն իր առաջարկները գիտի, ես չեմ ընդունում։ Այդ մեկ ժամը բավարար չէր, որովհետև եղել են նաև մասնավոր հանդիպումներ մեր գործընկերների, քաղաքական ուժերի կողմից, այդ հանդիպումների ժամանակ առաջարկներ են ներկայացրել, որոնք այստեղ չեն հնչեցվել։ Եթե նայենք ավարտական փաստաթուղթը, կտեսնենք, որ այնտեղ, այո, կան ընդգրկված կետեր, որոնց մասին ԱԺ-ում նույնիսկ չի խոսվել։ Ես սա խիստ սկզբունքային եմ համարում, որ ԱԺ պատգամավորն առանց հնարավորություն ունենալու ընթերցելու տեքստը, օրենքի նախագիծը, առավել ևս սահմանադրության փոփոխությունների նախագիծը, իր մասնակցությունն ունենա այդ փոփոխությանը։
Ես հայտարարել եմ, որ մենք դեմ ենք այդ նախագծին, իսկ թե ինչու ենք առաջարկներ ներկայացրել, որովհետև խոսվել է նաև բովանդակային քննարկմանը մասնակցելու հետ կապված, արդեն անցյալով կարող եմ ասել, որ շատ արդարացված էր մեր մասնակցությունը բովանդակային քննարկումներին, և մեր առաջարկներով գոնե 6 առանցքային կետեր են փոխվել, որոնք մենք համարում ենք շատ սկզբունքային։ Օրինակ, ԱԺ նախագահին հետ կանչելու մեխանիզմը։ Նախնական տարբերակում դա չկար, ԱԺ նախագահն ընտրվում էր ողջ ժամանակահատվածի համար։ Կարծում եմ՝ մեր քաղաքացիները հիշում են, որ ունեցել ենք նախադեպեր, որ ԱԺ նախագահների հրաժարականներ են եղել, որոնք տեղի են ունեցել ոչ թե քաղաքական մեթոդներով ու քվեարկությամբ, այլ պարտադրված։
Այնպիսի դրույթներ, ինչպիսիք են անվճար բարձրագույն կրթության իրավունքը, որը չկար առաջարկված նախագծով։ Այնպիսի կարևոր առաջարկ, ինչպիսին է այն, որ Ազգային ժողովը դե ֆակտո, ոչ թե թղթի վրա գրված, հնարավորություն ունենա և պարտավոր լինի վերահսկողություն իրականացնել ԱԱԾ վրա։ Մինչև այս պահը Ազգային ժողովն այդպիսի գործառույթ ու լիազորություն օրենքի ուժով չի ունեցել։ Նոր Սահմանադրության մեջ իրենք խոսում են քննիչ-հանձնաժողովներ ստեղծելու մասին, բայց բոլորս գիտենք, որ նման հանձնաժողովները մեր պրակտիկայում ինչ պայմաններում կարող են ստեղծվել կամ չստեղծվել։ Մեր պնդումն է եղել, որ դա լինի օրենքի ուժով սահմանադրական նորմ, և որը վերապահվի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովին։ Բայց նաև եղել են կարևոր կետեր, որոնք չեն ընդունվել։ Օրինակ, մենք կարծում ենք, որ ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրը չպետք է լուծվի հանրաքվեով, մեր կարծիքով այդ խնդիրը որևէ հարթությունում չպետք է քննարկման նյութ դառնա։ Խոսվում է նաև վերամիավորումների մասին, բայց մեր առաջարկը դրան չի վերաբերում, այլ միայն Հայաստանի՝ փաստացի ՄԱԿ-ով ամրագրված և ճանաչված տարածքին։ Կան նաև այլ առաջարկներ, որոնք չեն ընդունվել, որի հետ կապված էլ դեմ ենք սահմանադրական փոփոխությունների այս փաստաթղթին։
Իսկ մասնակցել և դեմ քվեարկելը մի՞թե ավելի ճիշտ տարբերակ չէր։
Քվեարկությանը չմասնակցելով ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել, որովհետև կանոնակարգով այլ հնարավորություն չկար, և սկզբունքային դիրքորոշումը, որ չքվեարկեմ մի փաստաթղթի, որի բովանդակությանն անգամ զուտ ընթացակարգային առումով ծանոթանալու հնարավորություն չես ունեցել։ Եվ դա ՀՀ սահմանադրության փոփոխություններն են։ Այսինքն՝ մասնակցել քվեարկությանը, նշանակում է մաս կազմել մի փաստաթղթի ընդունմանը, որի բովանդակությանը ծանոթ չես։ Սա խիստ սկզբունքային խնդիր եմ համարում, և դեմ լինելով հանդերձ՝ ես նաև ընդգծել եմ, որ դեմ եմ նաև այդ քվեարկության կազմակերպմանը։ Դա էր պատճառը, որ ես առաջարկեցի քվեարկությունը տեղափոխել հաջորդ օրվան, սակայն ԱԺ նախագահը, ցավոք, մերժեց՝ վկայակոչելով ԱԺ կանոնակարգը։ Իրականում կանոնակարգն այդ հնարավորությունը տալիս էր, կարելի էր պատգամավորների քվեարկությամբ որոշել, որ այդ քվեարկությունը տեղափոխվում էր հաջորդ օրը։
Այս ընթացքում ամենաշատը քննադատվել է սահմանադրական փոփոխությունների 89-րդ հոդվածը, որը վերաբերում է երկփուլ ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանն էլ է անդրադարձել նրան՝ նշելով, որ դա ապահովում է միակուսակցական համակարգ, ինչպիսին գործել է ԽՍՀՄ ժամանակ։
Այդ հոդվածը սկզբնական տարբերակում, որ ներկայացված էր, իհարկե անթույլատրելի էր։ Բոլոր դեպքերում մենք չենք ընդունում երկրորդ փուլի մոտեցումը, բայց այն մոտեցումը, որ ԱԺ-ում կոալիցիաներ չձևավորելու դեպքում միայն կարելի է անցնել երկրորդ փուլի, անհամեմատ ավելի լավ տարբերակ է, քան ամենասկզբում ներկայացվածը, թեև մենք դեմ ենք ընդհանրապես երկրորդ փուլի գաղափարին։ Այսինքն՝ մենք հստակ ասել ենք, որ բովանդակային առումով դեմ ենք փոփոխությունների նախագծին, նաև նշել ենք, թե որ կետերի շուրջ ունենք անհամաձայնություն, և մեր պատկերացումներով ինչի կարող են հանգեցնել այդ կետերը։
Հիմա պայքար է ընթանում սահմանադրական փոփոխությունները չեղարկելու նպատակով։
Ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ, ով դեմ է այս նախագծին, բնականաբար, իր համար տրամաբանական ու ցանկալի է, որ այս նախագիծը չանցնի։ Բայց կա նաև մեկ այլ խնդիր. Յուրաքանչյուր քաղաքական ուժ և քաղաքացի ունի իր մոտեցումները պայքարի հետ կապված։ Անտրամաբանական կլինի, որ եթե մեկը դեմ է ինչ-որ բանի՝ ցանկություն ունենա, որ դա անցնի։ Բայց միաժամանակ ուզում եմ փաստել, որ այսօրվա գործող սահմանադրությունը ևս ինձ համար անընդունելի է։ Մենք ժամանակին մեր ընկերների հետ միասին դեմ ենք եղել այդ սահմանադրական փոփոխություններին, որը ներկայացվել էր 2005 թվականին։ Այն մտահոգությունները, որ այն ժամանակ ունեցել ենք, մինչև այս պահը դրանք կան։ Ես կարծում եմ, որ այս սահմանադրությունն ունի իր շատ խոցելի կետերը։ Իհարկե, ես միշտ պնդել ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը սահմանադրությունը չէ, որ սահմանադրությունը չի մեղավոր, որ Հայաստանում այսքան խնդիրներ կան, բայց երբեք չեմ համարել, որ սահմանադրությունը դոգմատիկ փաստաթուղթ է և չի կարելի սահմանադրական փոփոխությունների մասին խոսել։ Այլ խնդիր է, որ թե նախագահական, թե խորհրդարանական համակարգերի համար չի կարելի զուգահեռներ անցկացնել՝ ասելով, թե մեկը մյուսից լավն է կամ վատը, որովհետև կան վատ խորհրդարանական համակարգեր և վատ նախագահական կամ կիսանախագահական համակարգեր։ Անձամբ ինձ համար նախագահական համակարգն ավելի քիչ ընդունելի է, որը զուտ մոտեցումների ու քաղաքական ճաշակի հարց է։ Աշխարհում կան նաև փայլուն նախագահական համակարգեր, որոնք ապահովում են ժողովրդավարություն ու զարգացում, և խորհրդարանական համակարգեր, որոնք ևս ապահովում են հասարակության զարգացում։ Դրանց ամենավառ օրինակներն ԱՄՆ-ն և Գերմանիան են։
Մյուս կողմից, զարմանալի է, որ այս համատեքստում չի խոսվում այն մասին, որ սահմանադրությունը, բացի իրավահարաբերություններից, պետք է լուծի մի գերակա խնդիրը՝ տնտեսության զարգացման խնդիրը։ Այն պետք է կանխի նաև օլիգարխիկ համակարգերի առաջացման հնարավորությունը։ Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ ամենավատ օրենքն անգամ, որը գործում է, ստեղծում է խաղի կանոններ, և ամենալավ օրենքները, որոնք չեն գործում, առ ոչինչ են։ Հետևաբար ես երբեք չեմ մտածել, որ Սահմանադրությունն է պատճառը, որ Հայաստանում ստեղծվել է այս իրավիճակը, և սահմանադրական այս փոփոխությունները բերելու են նոր վիճակի։
Խորհրդարանական համակարգի կողմնակիցները նշում են, որ այս համակարգի դեպքում նախագահը չէր կարող երկիրը ԵՏՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել, ստիպված էր լինելու խնդիրը քննարկել ԱԺ-ում։
Ես չեմ կիսում այդ կարծիքը և շատ մակերեսային եմ համարում, որովհետև մենք ունենք կիսանախագահական համակարգ, սակայն մեկ գիշերվա մեջ որոշում կայացվեց, և մեկ օրվա մեջ, չասեմ հաշված վայրկյանների, բայց հաշված ժամերի ընթացքում առանց լուրջ քննարկման ԱԺ-ում դակվեց այդ փաստաթուղթը։ Եվ դա որպես հիմք ընդունելն ինձ համար անընդունելի է։
Սահմանադրության փոփոխությունների նախագծում այդպես էլ լուծում չստացավ հարցը, թե ով է լինելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Արդյոք սա առանցքայի՞ն հարց չէ՝ հաշվի առնելով, որ պարբերաբար սահմանին սրվում է իրավիճակը։
Այս հարցի մասին շատ է խոսվել, այդ թվում ԱԺ-ում։ Պաշտպանության նախարարությունն ու այլ գերատեսչություններ փորձեցին փարատել այդ մտավախությունները, բայց ես հիմա էլ մտահոգություն ունեմ այդ խնդրի հետ կապված։ Իմ մտահոգությունը ոչ թե այն է, թե ով է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը, այլ ավելի շատ կապված է այն հարաբերությունների հետ, որոնք պետք է ունենան վարչապետն ու պաշտպանության նախարարը՝ իրավական ու նաև քաղաքական կոնյունկտուրայի առումով։ Միայն կոչել, որ այս անձը գերագույն գլխավոր հրամանատար է, դա խնդրի լուծում չէ։ Կարևոր է, որ գերագույն գլխավոր հրամանատարի ֆունկցիոնալ գործընթացն իրացնելու մեխանիզմներ ունենա այն պաշտոնյան, որը կարող է լիիրավ իրացնել պատերազմական և ոչ պատերազմական իրավիճակներում պաշտպանությանն ուղղված գործընթացը։ Օրինակ, եթե ոչ ժողովրդի, այլ ԱԺ-ի կողմից ընտրված նախագահի լիազորությունների մեջ գրվեր, որ նա գերագույն գլխավոր հրամանատարն է, դա ավելի վատ կլիներ, քան այս տարբերակը, որովհետև որևէ գործառույթ նա չունի դրա հետ կապված։
Ձեր կարծիքով, ի վերջո, այս փաստաթուղթը կընդունվի և կյանքի կկոչվի՞, հատկապես, որ տեսնում ենք, որ երկրորդ նախագահն է դեմ, «Ոչ»-ի ճակատներ են ստեղծվել։
Կյանքի կոչվել-չկոչվելը ՀՀ քաղաքացիների որոշելիքն է։ Ես երբեք կանխատեսումներ չեմ արել, այս դեպքում էլ զերծ կմնամ դրանից։ Բնականաբար, ցանկալի է, որ լինի ազատ կամքի արտահայտում և ազատ քվեարկություն, որը խիստ անհրաժեշտ եմ համարում։ ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց ընտրությունը կատարել, և այդ ընտրությունը հարգվի։
Սիրանույշ Պապյան