ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային Ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը: Համաձայն այս նախագծի ՝Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ Հանձնաժողովի անդամների գրավոր դիմումներով ներկայացված թեկնածուների թվից:
ՀՀ Աժ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ նիստի ընթացքում, խոսելով նախագծի վերաբերյալ, մտահոգություն հայտնեց քննարկվող նախագծում ամրագրված այն դրույթի մասով, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից քվեարկված ընդամենը մեկ հոգու թեկնածություն պետք է քննարկվի և քվեարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում:
«Իմ գործընկերների այն տեսակետը, որ միայն պետաիրավական հանձնաժողովի քվեարկության արդյունքում մեկ թեկնածու է քվեարկվելու ԱԺ-ում, իրոք մտահոգիչ է, քանզի եթե դա դիտարկենք զուտ տեխնիկական խնդիր անգամ, միևնույն է հանրապետական մեծամասնությունը հանձնաժողովում քվեարկելու է և պատկերը պարզ է լինելու, իսկ եթե երկու հոգի լինեն, պատկերը լրիվ այլ կլինի: Իհարկե, դրական եմ համարում այն մոտեցումը, որ որդեգրել է հանձնաժողովը, որ յուրաքանչյուր պատգամավոր կարող է առաջադրում անել, բայց ես կարծում եմ և առաջարկում, որպեսզի հանձնաժողովում առավելագույն ձայներ հավաքած առնվազն երկու թեկնածուներին ներկայացնեն Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկմանը»,- իր առաջարկը հիմնավորեց Խաչատուր Քոքոբելյանը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն