Ո՞վ կլինի ՀՀ չորրորդ օմբուդսմենը եւ ինչպիսի՞ որակներ պետք է նա ունենա, որպեսզի կարողանա բավարարել միաժամանակ թե՛ հանրության, թե՛ իշխանությունների պահանջները։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն անթաքույց հայտարարում են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում տեսնում են ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրուցում նշեց, որ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկել էր, որպեսզի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացնի առնվազն երկու անձի թեկնածություն, որպեսզի ապահովվի մրցակցություն: «Մեկ թեկնածուի դեպքում չի կարող լինել մրցակցություն, ինչը նորմալ չէ և փաստացիորեն մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պետաիրավական հանձնաժողովը, ոչ թե ԱԺ-ն: Առնվազն երկու թեկնածուի առաջարկի իմաստն այն էր, որ ԱԺ լիագումար նիստը չվերածվի դակիչ մարմնի»,- ասաց մեր զրուցակիցը։
ՄԻՊ սեփական թեկնածուի առաջադրման վերաբերյալ էլ Անժելա Խաչատրյանը նկատեց, որ տեխնիկապես իրենք այդ հնարավորությունը չունեն. «Համաձայն ԱԺ կողմից ընդունված ՄԻՊ պաշտոնում թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ օրեր առաջ ընդունված կարգի, ՄԻՊ թեկնածու կարող են առաջադրել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները և խմբակցությունները, իսկ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն անկախ պատգամավոր է ու պետաիրավական հանձնաժողովի անդամ չէ, հետևաբար տեխնիկապես մենք այդ հնարավորությունը չունենք: Բայց երբ առաջադրման գործընթացն ավարտվի և հստակ լինեն, թե ովքեր են թեկնածուները մենք, բնականաբար, կհայտնենք մեր դիրքորոշումը»:
Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի թեկնածությանը, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամը կարծում է, որ եթե մեկին դեռ չենք տեսել այդ պաշտոնում, ապա չպետք է դեպքերից առաջ ընկնենք եւ կարծիք հայտնենք, թե նա ինչպես պետք է աշխատի:
Նյութի աղբյուրը ` hraparak.am