«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ տնտեսությանը, ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելուն, նկատեց, որ ՀՀ-ում աշխատեղեր ստեղծելու խնդիրն այլևս ոչ թե տնտեսական, այլ ազգային անվտանգության խնդիր է, որովհետև արտագաղթը պայմանավորված է հենց աշխատատեղերի բացակայությամբ: Եվ ՀՀ տնտեսության էֆեկտիվ կառավարման տարբերակ առաջարկեց. այն է՝ նոր շուկաների թիրախավորումը և մարդակային ռեսուրսի ճիշտ օգտագործումը. «Հայաստանի ամենամեծ կապիտալը իր քաղաքացին է, և ՀՀ-ն չունենալով հումքային մեծ բազա, ռեսուրսներ, այդ թվում՝ էներգետիկ, այլընտրանք չունի, քան էֆեկտիվ կառավարումը»։
-Պարո՛ն Քոքոբելյան, այսօր ԱԺ-ում Ձեր գործընկերները բուռն ելույթներ ունեցան, որ ՀՀ տնտեսությունում փող չկա, Ռուսաստանում չկա, որ արտագնա աշխատանքի մեկնողները գրեթե փող չեն ուղարկում: Շուտով գարուն կգա, ու մարդիկ պետք է մեկնեին ՌԴ՝ արտագնա աշխատանքի, սակայն շատերն այսօր ասում են, որ ռուբլու 6 դրամ փոխարժեքի դեպքում ձեռնտու չէ: Նկատենք, որ Ռուսաստանը նաև աշխատատեղ է, անում է այն, ինչ չի անում ՀՀ-ն։ Ո՞րն է լինելու այլընտրանքը ՀՀ քաղաքացիների այս մեծ խավի համար:
– Շատ տեղին հարցադրում է, որն այլևս ազգային անվտանգության խնդիր է։ Ընդգծում եմ, որ այսօր ՀՀ-ում աշխատեղեր ստեղծելու խնդիրն այլևս ոչ թե տնտեսական, այլ ազգային անվտանգության խնդիր է, որովհետև արտագաղթը պայմանավորված է հենց աշխատատեղերի բացակայությամբ: Աշխատատեղերի ապահովման միակ ձևն այսօր Հայաստանում առաջադեմ շուկաների, մրցունակ ապրանքների արտադրության հիմնումն է: Եվ Հայաստանը՝ որպես պետություն ու իշխանություն, առնվազն երեք կարևորագույն խնդիր ունի լուծելու, որոնցից որևէ մեկը մինչ այս պահը լուծված չէ: Առաջինը. հիմնովին վերացնել մենաշնորհը, որը միայն խանգարում է տնտեսությանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրորդը՝ ակնհայտ պահանջ է կոռուպցիայի վերացման, և երրորդ՝ պետք է նպաստել նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Հայաստանում այնպիսի նոր արտադրությունների խրախուսմանը, որոնք մրցունակ են ժամանակակից առաջնային շուկաներում, այդ թվում՝ արևմտյան: Իսկ նման արտադրանք մենք ունենք: Օրինակ՝բարձր տեխնոլոգիաներին առնչվող ծրագրերի արտադրությունը և այլ: Սրանք այն խնդիրներն են, որոնք այլևս ոչ միայն տնտեսական կոնտեքստում են, այլ ազգային անվտանգության: Եվ շուկաների առումով նույնպես, որովհետև աշխատուժն էլ ապրանք է և նրա շուկաներն էլ էական են: Եվ պատահական չէ, որ մենք միշտ նշում ենք, որ, ցավոք, Ռուսաստանը չի կարող լինել այդ շուկան թե՛ աշխատուժի և թե՛ ապրանքների համար: Հիմա էլ շատ խոսվում է, որ դրամի արժեզրկման դեպքում Ռուսաստանում հնարավոր է շուկա ունենալ որոշակի ապրանքատեսակների համար՝ գինեգործության, օղու արտադրության: Վստահեցնում եմ, որ դա էլ չի լինելու, որովհետև վստահեցնում եմ, որ Ռուսաստանում ռուսական արտադրողն ունի էժան էներգետիկ ռեսուրսներ, որոնք Հայաստանը չունի. այսօր արդեն ունի ավելի էժան աշխատուժ, այսինքն՝ այս պարագայում էլ մրցունակ չենք: Իհարկե, ես դեմ եմ դրամի մեխանիկական պահման գործընթացին, բայց դրամի արժեզրկումը այդպես չէ, որ պետք է արվի:
-Խոսքը սահո՞ւն արժեզրկման մասին է, որի մասին շատ են սկսել խոսել տնտեսագետները:
-Ուզում է սահուն լինի, ուզում է՝ ոչ սահուն, եթե դրամը արժեզրկվում է, օրինակ, 20 տոկոսով, դա նշանակում է, որ մեր կյանքը 20 տոկոսով թանկանալու է: Իհարկե, նորից եմ կրկում՝ դրամի արհեստական պահման մասին չէ խոսքը, և բնական գործընթացներ պետք է լինեն տնտեսության մեջ: Եթե տեղի է ունենալու արժեզրկում, ապա անհրաժեշտ է, որ տեղի ունենա աշխատավարձերի ինդեքսավորում, որովհետև մեր քաղաքացիների այն լայն շրջանակը, որը բացառապես աշխատավարձ է ստանում և չունի այլ եկամուտ, ապա մենք նրանց ունեզրկում ենք այդքան տոկոսով:
-ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ևս ընդգծել է,որ Հայաստանը զարգացման համար բացառապես պետք է հայացքն ուղղի դեպի Արևմուտք և որ չունենալով բնական ռեսուրսներ, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի բոլոր ոլորտներում շնորհալի երիտասարդների և առհասարակ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար: Արդյո՞ք սա մի քիչ ուլտիմատիվ հայտարարություն չէ՝ հաշվի առնելով, որ տեղյակ են ԵՏՄ-ի հետ մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մասին:
-Հարցն այդ տեսակետից չեմ դիտարկում և առաջին անգամը չէ, որ մենք՝ ազատ դեմոկրատներս, հայտարարում և պնդում ենք, որ սա պետք է դիտարկել զուտ Հայաստանի տնտեսության և դրա կառավարման էֆեկտիվության կոնտեքստում, որովհետև լիովին կիսելով պարոն դեսպանի այդ մոտեցումը, ևս մեկ անգամ նշում եմ, որ Հայաստանի ամենամեծ կապիտալը իր քաղաքացին է, և ,այո՛, իրավացիորեն ճիշտ է պարոն դեսպանը, որ ՀՀ-ն չունենալով հումքային մեծ բազա, ռեսուրսներ, այդ թվում՝ էներգետիկ, այլընտրանք չունի, քան էֆեկտիվ կառավարումը: Եվ ինչու ոչ՝ այնպիսի նոր շուկաների թիրախավորումը, որոնց մասին մենք բազմիցս ենք խոսել: Դա արևմտյան շուկաներն են և կայուն շուկաներն են, որտեղ արտահանման դեպքում ՀՀ տնտեսությունը ռիսկային գոտում չէր գտնվի: Եվ դա է եղել պատճառը, որ մենք ժամանակին, որպես քաղաքական ուժ, դեմ ենք արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն և ԵՏՄ-ն միշտ դիտարկել ենք ոչ թե հնարավորություն, այլ խոչընդոտ: Ինչու, որովհետև կա շատ ակնհայտ իրողություն. օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով Հայաստանն ավելի գրավիչ չի դառնում՝ մաս դառնալով այնպիսի տնտեսա-քաղաքական համակարգի, որն այսօր աշխարհում օրեցօր գնում է ինքնամեկուսացման: Սա փաստ է, իսկ թե ինչ իրողությունների պատճառներով ու դրդապատճառներով, անգամ կարևոր էլ չէ: Եվ ակնհայտ է, որ ինտեգրվելով այնպիսի կառույցի, որտեղ ծաղկում է կոռուպցիան, կառավարման մոդելավորման առումով՝ ուղղակի հովանավորչությունն ու սուբյեկտիվ մոտեցումները, բնական է, որ Հայաստանը չի կարող շահել: Եվ պարզ է, որ Հայաստանի, մեր տիպի երկրների, ու, առհասարակ, ցանկացած երկրի համար դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Եվ, այո՛, զարգացման հեռանկարներ ունենալու համար, պետք է ուղղակիորեն ներդրվի արևմտյան կառավարման մոդելը, որը մեծ փորձառություն անցած և իր էֆեկտիվությունն ապացուցած մոդել է: Այսինքն՝ պետք է ունենալ էֆեկտիվ կառավարում, պետք է ունենալ հանրային լայն վերահսկողություն ունեցող կառավարման մոդել: Եվ այստեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում:
-Սա չի՞ հակասի Եվրասիական տնտեսական միության նկատմամբ մեր պարտավորություններին:
-Խնդիրն այն է, որ շատ դժվար է լինել ԵՏՄ-ի մեջ և փորձել տնտեսական այդ մոդելը առաջ տանել, բայց մենք, միևնույն է, դատապարտված ենք ամեն ինչ անելու, որ Հայաստանում այդ տնտեսական մոդելը դառնա իրողություն: Այլապես, կունենանք այն, ինչ այսօր ունենք և ավելի կվատանա տնտեսության վիճակը և է՛լ ավելի կպակասի հանրային ռեսուրսը իշխանության կառավարման ու կառավարիչների նկատմամբ:
-Բենզինը, նավթը ողջ աշխարհում էժանանում է,մեզ մոտ՝ ոչ: Վարչապետը դիմել է ՌԴ՝ գազն էժանացնելու համար: Թե ինչ պատասխան կտան ռուսները դեռ հայտնի չէ, բայց հաշվի առնելով 2013-ի հայտնի գազային պայմանագիրը, որով մենք 49 տարի չենք կարող այլ աղբյուրից ձեռք բերել նշված ապրանքները, ապա տրամաբանական չէ՞, որ ռուսները էժանացնեն գազը՝ գնան զիջումների:
-Ես դա չեմ դիտարկում զիջում, այլ շուկայի պարտադիր թելադրանք, որը չի արվում: Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը դիմել է, բայց հենց այդ իրողության պատճառով էր, որ մենք ժամանակին դեմ էինք ռուսական մենաշնորհին ու Ձեր նշած պայմանագրին: