Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ՀՀ Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծի վերաբերյալ:
Ժողովրդավարական չափանիշներով ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ նախապայմաններից են ընտրական պրոցեսի նկատմամբ հստակ վերահսկողական մեխանիզմներ սահմանող ընտրական օրենսգիրքը եւ, անշուշտ, քաղաքական կամքի առկայությունը:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, կարեւորելով ՀՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացումը, համարում է, որ Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծն իր մեջ չի պարունակում ընտրակեղծիքները բացառելու հստակ մեխանիզմներ, ինչպես նաեւ նախագծում կան մի շարք դրույթներ, որոնք ուղղակիորեն հակասում են ժողովրդավարության հիմնական նորմերին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծին: Ստորեւ ներկայացնում ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջարկները Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծի վերաբերյալ.
1. Բազմակի քվեարկությունները բացառելու նպատակով առաջարկում ենք ներդնել մատնահետքով էլեկտրոնային գրանցմանհամակարգը: Մատնահետքով գրանցված ընտրողի տվյալները պետք է նույնականացվի կենտրոնական բազայի տվյալների հետ:
2. Լիազոր մարմինը պարտավոր է ընտրողների ցուցակները հրապարակելուն զուգահեռ հրապարակի նաեւ ա/ նույնականացման քարտ եւ/կամ կենսաչափական անձնագիր ունեցող ընտրողների ցուցակը, բ/անձը հաստատող որեւէ այլ փաստաթուղթ ունեցող ընտրողների ցուցակը:
3. Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները պետք է հրապարակվեն եւ հասանելի լինեն ստուգումների համար:
4. Ընտրական օրենսգրքի նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մասը համարում ենք վիճահարույց, իսկ 1-ին մասը՝ թերի: Մասնավորապես՝ 30-րդ հոդվածի 1-ին մասով նշված կազմակերպություններն ու մարմինները համաձայն սույն հոդվածի 2-րդ մասի՝դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում, իսկ հրավեր ուղարկելու իրավունք ունեն բացառապես ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԿԸՀ-ը: Առաջարկում ենք՝30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝ 4) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները:
30-րդ հոդվածի 2-րդ մասը հանել եւ փոխարենը տեղական եւ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների համար սահմանել դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմելու հստակ կարգ: Սահմանված կարգին բավարարող կազմակերպությունների համար որեւիցե սահմանափակում չկիրառել:
5. Նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝«Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ»:
Մեր գնահատմամբ, վերոնշյալ դրույթը կարող է սահմանափակել ԶԼՄ-ի աշխատանքը, քանզի հնարավոր է քվեարկության սենյակում արհեստականորեն ապահովել 8 դիտորդի ներկայություն եւ հետեւաբար օրենքի ուժով տվյալ քվեարկության սենյակ ԶԼՄ ներկայացուցչի մուտքը կարգելվի:
Առաջարկում ենք 65-րդ հոդվածի 7-րդ մասից հանել 8 հոգու սահմանափակումը:
6. Նախագծի 97-րդ հոդվածը հակասում է ժողովրդավարության հիմնական նորմերից մեկին՝ նոր միավորներ ստեղծելուն, եւ Սահմանադրությանը, քանզի սահմանափակում է քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու հնարավորությունը, ինչը՝ բացառությամբ առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժի, հնարավորություն չի տալիս ԱԺ անցած մյուս քաղաքական ուժերին կառավարություն ձեւավորել:
Առաջարկում ենք, 97-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովադակությամբ. «Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ կուսակցությունների (դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ»:
7. Ընտրական օրենսգրքի նախագծի 78-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք պետք է ունենան համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներ: Նախագծի 84-րդ հոդվածի 8-րդ մասով էլ նշվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում կարող է ընդգրկվել առավելագույնը մեկ թեկնածու՝ այդ տարածքի յուրաքանչյուր 10 000 ընտրողի հաշվարկով, բայց ոչ պակաս, քան 5 թեկնածու:
Նշյալ հոդվածները հակասում ենՍահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասին՝ «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով»: Քանզի համաձայն վերոշարադրյալ հոդվածների՝մենք ունենում ենք ոչ թե համամասնական ընտրական համակարգ, այլ խառը՝ առավել մոտ մեծամասնական ընտրական համակարգին: Դասական համամասնական համակարգն ենթադրում է, որ ՀՀ ողջ տարածքը պետք է դիտարկել մեկ ընտրատարածք եւ ՀՀ ողջ տարածքում պետք է քվեարկվի կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մեկ ընդհանուր համամասնական ցուցակ, որը կարող է նաեւ ենթադրել վարկանիշային քվեարկություն, բայց ներկայացված ընդհանուր ցուցակով, այսինքն՝ բոլոր 13 ընտրատարածքներում պետք է լինի միեւնույն ցուցակը: ԸՕ նախագծի հոդված 78-ով եւ հոդված 84-ի 8-րդ մասով այդ սկզբունքը խախտվում է:
Առաջարկում ենք՝78-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընդհանուր ցուցակով: Վարկանիշային քվեարկության համար ընտրողը կարող է ընտրել իր նախընտրած թեկնածուին՝ կուսակցության ընդհանուր ընտրական ցուցակից, որը նույնն է ՀՀ ողջ տարածքի համար»:
Սրանից հետեւում է, որ 84-րդ հոդվածի 8-րդ մասը պետք է ամբողջությամբ հանել նախագծից: