Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանի ելույթը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով քննարկման ժամանակ:
Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նման քննարկումների կազմակերպման համար, քանզի դրանց կարիքն իրապես հասարակությունն ունի, որովհետև այս օրենսգիրքը կարծես թե ստեղծվել է նրա համար, որպեսզի ընտրողներն էլ ավելի բարդ դրության մեջ հայտնվեն, որպեսզի բարդացվի ընտրական համակարգն ու ընտրական պրոցեսը: Կարևորելով նաև պահանջների շուրջ համախմբումը, ինչի մասին խոսեցին զեկուցողները և քննարկման մասնակիցները, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ևս կարծում է, որ այո՛, պետք է հստակ ձևակերպել չորս-հինգ, կամ թեկուզ երեք ամենաառաջնային և կարևորագույն պահանջները և այդպես գնալ առաջ, սակայն միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ Ընտրական օրենսգրքի նախագծում առկա այլ բովանդակային կետերի մասին: Այսինքն՝ բացի նրանից, որ մենք պետք է պահանջենք ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական ցուցակների մաքրում, որոնք կարևոր կետեր են. Մենք նաև չպետք է մոռանանք նախագծում արդեն իսկ առկա այն կետերի մասին, որոնք հետագայում մի շարք խոչընդոտներ կստեղծեն արդեն իսկ Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի առջև:
Ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ երբ դրվեց ԸՕ փոփոխելու խնդիրը, հիմնական նպատակն այն փոփոխված Սահմանադրությանը հարմարացնելն էր: Բայց այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ԸՕ նախագծի 78-րդ հոդվածը, որն իբրև թե սահմանում է, որ ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով, սակայն իրականում 78-րդ հոդվածով և մի շարք այլ հոդվածներով, որոնք բխում են հենց 78-ից՝ նույն 84-րդ հոդվածը, առաջարկվելիք ընտրական կարգն ամենևին էլ համամասնական չէ: Սա ցույց է տալիս, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն արվել են ոչ թե 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, այլ հակառակը՝ ԸՕ նախագծի շատ կետեր հակասում են Սահմանադրությանը: Օրինակ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանվում է, որ ՀՀ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, բայց այն, ինչ առաջարկվում է օրենսգրքի 78-րդ հոդվածով՝ 50-50 տոկոսային հարաբերակցությունը նկատի ունեմ, համամասնական ընտրակարգ չէ, ու թեև իշխանության ներկայացուցիչներն ասում են թե մի ասեք ռեյտինգային քվեարկություն, սա համամասնական ընտրակարգ է բաց և փակ ցուցակներով, սակայն ԸՕ նախագծով առաջարկվող կարգը ո՛չ համամասնական ընտրակարգ չէ, ո՛չ բաց ցուցակ է, ո՛չ էլ փակ, սա 50-50 տոկոսային հարաբերակցությամբ համամասնական և մեծամասնական համակարգ է, և, մեր գնահատմամբ, ավելի շատ ուժեղ ու կենտրոնացված մեծամասնական համակարգ:
Մեկ այլ կարևոր դրույթի մասին էլ կցանկանայի խոսել՝ ԸՕ նախագծի 97-րդ հոդվածը, որը սահմանում է կոալիցիաներ ձևավորելու կարգը: Երբ խոսքիս սկզբում նշում էի, որ ընտրությունների վերահսկումը կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ նաև հետագա ընթացքը, նկատի ունեի հենց այս հոդվածը, որով հստակ սահմանափակվում է քաղաքական ուժերի միավորումներ ձևավորելու և կառավարության ձևավորման գործընթացում մասնակից լինելու իրավունքները: Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածով հստակորեն սահմանափակվում է այդ իրավունքը, ինչը ևս հակասում է Սահմանադրությանը, քանզի այն սահմանում է, որ ՀՀ-ն ժողովրդավարական հանրապատություն է, իսկ ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն էլ միավորումներ կազմելու իրավունք ընձեռելն է, ինչը չի ընձեռում այս օրենսգիրքը: