«Ցավով եմ նշում, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտը մեծ ազդեցություն է կրում դրսի ուժերից, ցածր իմունիտետ ունի: Մեր քաղաքական ուժի համար միշտ գերխնդիր է եղել, որ ՀՀ-ում քաղաքական դաշտն այնքան իմունիտետ ունենա, որ դրսի ազդեցությունները հնարավորինս փոքր լինեն, այդ դեպքում նոր հնարավոր կլինի ՀՀ-ում հասնել ռեալ փոփոխությունների»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով Վարդան Օսկանյանի կուսակցության միջոցով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Մեր հարցին՝ ներկայիս սոցիալական վիճակը չի՞ դրդի, որ հասարակությունը փորձի վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին, միշտ համեմատություն է արվում, որ նրա օրոք տնտեսական երկնիշ աճ ենք ունեցել, «վագրային թռիչքներ» եւ այլն՝ պարոն Քոքոբելյանը պատասխանեց. «Այդ ժամանակահատվածում նախ ամբողջ աշխարհում են տնտեսական զարգացումներ եղել, եւ ես չեմ հիշում որեւիցե ժամանակաշրջան, այդ թվում նաեւ այդ ժամանակաշրջանը, որ Հայաստանում չի ծաղկել կոռուպցիան, մասնավորապես հովանավորչությունը՝ որպես կոռուպցիայի բաղկացուցիչ մաս, ինչու ոչ՝ վերից վար կաշառակերության սիստեմավորված համակարգը: Կարծում եմ՝ դա մեր քաղաքացիների համար նորություն չէ: Ես չեմ ժխտում, որ միգուցե հենց դա է պատճառը, որ Օսկանյանը նշում է, թե որեւիցե առնչություն չունի իր ստեղծվելիք կուսակցությունը Քոչարյանի հետ»:
Հարցին՝ այսինքն՝ եթե նույնիսկ այն ժամանակ մարդիկ լավ են ապրել, դա չի՞ կարող, այսպես ասած, կարոտախտով մարդկանց տանել դեպի Քոչարյանի «գիրկը», Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Նախ՝ կարոտախտը որպես քաղաքական կատեգորիա աշխատում է միայն այն պարագաներում, երբ ռեալ այլընտրանք չկա: Ես խոսում եմ ծրագրային առումով այլընտրանքի մասին, ոչ թե վերջերս քաղաքական դաշտ ներմուծված այլընտրանք եզրույթի: Վստահ եղեք, որ թե՛ մենք, թե՛ շատ-շատ քաղաքական գործիչներ եւ ուժեր այդ այլընտրանքը կներկայացնեն: Ուղղակի վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ պատկերացում ունեն, գիտեն, որ մինչեւ այսօր Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել: Եվ դա եմ համարում նաեւ Հայաստանի զարգացման կասեցման պատճառը: Հո գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, գաղտնիք չէ, որ բացառապես սահմանափակ թվով մարդկանց վերահսկողության ներքո է գտնվում: Որքան էլ կարողանան որոշ ԶԼՄ-ների վերահսկողության միջոցով իրենց ցանկալին մատուցել, միեւնույն է՝ մարդիկ դա կարողանում են տարբերել իրականությունից: Դա է պատճառը, որ ցանկացած համապետական ընտրությունների ժամանակ մենք ականատեսն ենք լինում մեր քաղաքացիների լայնածավալ ընդվզումների»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ