Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառվող այս ռազմական գործողություններն ու ռազմական ագրեսիան կարող են ուղղակիորեն վերածվել մի այնպիսի պատերազմական գործընթացի, որի հետևանքը կտարածվի ամբողջ Կովկասում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք բոլորս էլ գիտեինք, որ պատերազմը ավարտված չէ և հրադադար կոչվածը ողջ այս ժամանակահատվածում ուղեկցվել է Ադրբեջանի մերթընդմերթ, իսկ վերջին երկու տարվա ընթացքում՝ գրեթե ամենօրյա հրադադարի խախտումներով: Եղել են այնպիսի լուրջ խախտումներ, նույնիսկ պատերազմական գործողություններ, ինչպիսիք էին 2014 թվականի դեպքերը Տավուշի սահմանագծում և ցավով պետք է նշեմ, որ միջազգային կառույցները, այդ թվում նաև մեր գործընկերները անհրաժեշտ հետևություններ չարեցին, այդ թվում և զուտ արագության առումով ու հաշվի չառնվեց, որ ցանկացած պահի և այսօր էլ, ցավոք, հնարավոր է այս ռազմական գործողություններն ու ռազմական ագրեսիան, որ կիրառվում է Ադրբեջանի կողմից, ուղղակիորեն վերածվել մի այնպիսի պատերազմական գործընթացի, որի հետևանքը կտարածվի ամբողջ Կովկասի տարածաշրջանով մեկ»,- նշեց նա:
Պատգամավորը նշեց, որ չի բացառում, որ մեր տարածաշրջանը կարող է վերածվել մի նոր այնպիսի թեժ կետի մոլորակի վրա, որը հղի է իր բոլոր վատ հետևանքներով: Եվ այսօր միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, համանախագահող պետությունները անհրաժեշտ հետևությունները պետք է անեն և կիրառեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, հավասարեցնող հայտարարությունների մակարդակից պետք է անցնեն հասցեական գնահատականների. «Մասնավորապես, հասցեական գնահատական պետք է տրվի ադրբեջանական ագրեսիային, պետք է կիրառվեն բոլոր մեխանիզմները ժամ առաջ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան: Այլապես, նորից եմ կրկնում, սա հղի է ամենածանր հետևանքներով տարածաշրջանային անվտանգության առումով, քանի որ սա ոչ միայն Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտ պետք է դիտարկել, այլ սա մի պատերազմական գործընթացի սկիզբ է, որն ամբողջ տարածաշրջանը կարող է ընդգրկել իր մեջ: Եվ կարող է բերել ոչ պակաս լարված իրավիճակի ամբողջ միջազգային անվտանգության առումով, քան այսօրվա այլ թեժ կետերն են աշխարհում»,- ասաց Խ. Քոքոբելյանն ու հավելեց, որ երբ լինում են ոչ պատշաճ ու ոչ ադեկվատ գնահատականներ, և չի լինում հետևողական մեխանիզմների կիրառում, այս տիպի գործընթացները բերում են նման ծանր հետևանքների: