«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն «Առավոտի» հետ զրույցում հավատացնում է՝ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթացն սկսելու մասին իրենց՝ ԱԺ ներկայացրած նախագիծը պարզապես քաղաքական ենթատեքստեր ունեցող քայլ չէ: Նրա խոսքով՝ դա չեն արել, որ Ռուսաստանը պարզապես իրենց դժգոհությունն ընկալի, կամ եվրոպական պետությունները հնարավորություն համարեն, այլ հստակ քայլ է՝ ազատելու Հայաստանը «բլոկադայի» մեջ պահող կազմակերպությունից:
Պարոն Քոքոբելյանը վստահ է՝ Եվրասիական տնտեսական միությունում մենք անելիք չունենք: «Այն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության առումով մեզ սահմանափակող կառույց է, այդ թվում նաեւ՝ վերին աստիճանի, օրեցօր մեկուսացման գնացող, տնտեսական չափանիշներով գահավիժող եւ Հայաստանի Հանրապետության արտաքին, օտարերկրյա ներդրումների նվազեցմանը նպաստող կառույց»,- ասում է պարոն Քոքոբելյանը:
Նա նշում է, որ այդ նախագիծը իր համար՝ որպես քաղաքական գործչի, այդ թվում՝ իր կուսակցության համար, ռազմավարական նշանակություն ունի. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը թե տնտեսական, թե առհասարակ զարգացան ապահովման համար պետք է կարողանա այդ բլոկադայից դուրս գալ: Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ այս վիճակում չենք կարող զարգանալ, որովհետեւ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է եւ միշտ կարողացել է ապացուցել, որ ամենածանր օրերին միշտ ելքեր գտնում է, բայց չի կարելի ապավինել միայն մեր ժողովրդի կենսունակությանը, մեր զինվորների մարտունակությանը եւ բացառել բոլոր այն հնարավորությունները, որ կարող են մեզ տալ աշխարհում՝ ե՛ւ շուկաների առումով, ե՛ւ ներդրումների: Հայաստանը պետք է կտրի իր պորտալարը այն փտախտից, որը զարգացում չի երաշխավորում, չի ապահովում»:
Պարոն Քոքոբելյանը կարծում է, որ վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները, հայ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմի ժամանակ ռուսական կազմակերպությունների անդամ պետությունների՝ Ադրբեջանին սատարելը ապացուցեցին, որ այդ միություններում ընդգրկվելով՝ Հայաստանը ոչ շահեկան դիրքում է հայտնվում. «Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ բառացիրոն վարչապետների խորհրդի նիստը Երեւանում տեղի չունեցավ, ավելին՝ նույնիսկ դա որոշ գործընկերների կողմից ցինիկաբար մեկնաբանվեց, որ կլինի մի քայլ, որ կնեղացնի Ադրբեջանին: Բառացիորեն անտեսվեց Հայաստանի պետական շահը՝ պաշտպանելով մեր հակառակորդ Ադրբեջանի շահը: Եվ նրանք դա չէին թաքցնում եւ ոչ թե հիմնական փաստարկ են բերում, այլ ցցուն մի ակնհայտ դեպք, փաստ, որը ցանկացած մարդու համար հասկանալի եւ ընկալելի է, եւ համոզիչ փաստարկ, որ Եվրասիական տնտեսական միությունը չկայացած միություն է եւ ոչ թե տնտեսական միություն է, այլ ռազմաքաղաքական միություն՝ ձեւախեղված, իսկ ես գտնում եմ, որ այդպիսի կազմակերպություններում Հայաստանը անելիք չունի,- ասում է պարոն Քոքոբելյանը՝ ավելացնելով,- Եվրասիական տնտեսական միությունը մենք համարում ենք ոչ թե հնարավորություն, այլ մարտահրավեր»:
Մեր զրուցակիցը չի ցանկանում բացառել, որ ԱԺ ներկայացված իրենց նախագիծը կարող է անցնել. «Մի բացառեք, որ կարող է անցնել. այն խումբը, որը ջանասիրաբար պաշտպանեց Եվրասիական տնտեսական միությունը եւ քվեարկեց Եվրասիական տնտեսական միության անդամակցության օգտին, նույն ջանասիրությամբ, նույն արհեստավարժությամբ մինչեւ սեպտեմբերի 3-ը պաշտպանում էր Ասոցացման պայմանագրի անհրաժեշտության փաստը: Այսինքն՝ դուք հաշվի առեք, որ քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ որոշ ուժեր իրենց քաղաքական մոտեցումները վերանայում են»,- ասում է պարոն Քոքոբելյանը:
Նա արձանագրում է, որ չորսօրյա պատերազմից հետո Հայաստանում իրավիճակը փոխվել է: «Ուղղակի այս պահը չի արձանագրվել շատ-շատ քաղաքական, պաշտոնական մակարդակներում, բայց մեր քաղաքացիների մոտ իրականում փաստացիորեն քաղաքական եւ ռազմական իրավիճակի փոփոխություն կա:
Ռազմավարական գործընկերների մասին խոսելիս պետք է խոսել ռեալ ռազմավարական գործընկերոջ մասին: Պետք է նշել, որ Ռուսաստանը իրեն դրսեւորեց ոչ թե որպես ռազմավարական գործընկեր, ոչ թե որպես Հայաստանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող երկիր, այլ պարզապես բառիս բուն իմաստով սպասարկեց մեր հակառակորդի շահը»:
ԱԺ պատգամավորը ավելորդ չի համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ խոսվում էր, թե ԵԱՏՄ-ին միանալով՝ մեր անվտանգության բաղադրիչը կավելանա. «Բայց մենք ճիշտ հակառակի ականատեսը դարձանք, եւ այդ տնտեսական միությունը՝ ՀԱՊԿ-ի հետ միասին, սահմանափակում է մեր այլընտրանքային անվտանգության եւ տնտեսական հնարավորությունները»:
Պարոն Քոքոբելյանը նաեւ ցավով արձանագրում է, որ այս ընթացքում մեր շատ պետական, քաղաքական գործիչներ ստանձնեցին «Ռուսաստանի փաստաբանի» դերը՝ կրկնելով, թե կա ռուսական տնտեսական շահ: «Բայց դա համընդհանուր ցավ է: Այսպիսի հիվանդություն, եթե անկեղծ լինենք, ցանկացած երկրում կա: Պետք է ապավինենք առողջ մտածողությանը, եւ հավատացած եղեք՝ այսօր իրավիճակի փոփոխությունը շատ շատերի մոտ ուղղակիորեն մտածողության փոփոխություն կբերի: Իհարկե, այնպես չէ, որ ես միամտորեն մտածում եմ, որ հախուռն կերպով կարող է այդպիսի իրավիճակ լինել, Աստված էլ չտա, որ այդպիսի իրավիճակ լինի, որ պարզապես պարտադրանքից ելնելով դա անեն: Դա ուղղակի չէի ցանկանա, որ լիներ: Ես կուզենայի, որ բոլորի մոտ ողջամտությունն ու պրագմատիզմը ի շահ Հայաստանի Հանրապետության լիներ, պետական շահը հաղթեր, եւ թող այլեւս չփորձեն դեմագոգիկ եւ կոնսպիրատիվ ձեւակերպումներով ներկայացնել ոչ շահեկան մեր վիճակը, որ գտնվում ենք Եվրասիական տնտեսական միությունում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ