Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ցեղասպանության 11-րդ տարելիցն է, 101 տարի անց էլ «թուրքական վախերը» հաղթահարված չեն։ Շարունակվում է «Եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան Հայաստանը կվերացնի» դիսկուրսը։ Վերջին քառօրյա պատերազմի հրահրումը շատերը պայմանավորեցին հենց Թուրքիայի գործոնով։ Ինչո՞ւ։
Ես կարծում եմ՝ և հայերին, և ռուսներին միավորում է հետևյալ խնդիրը՝ նրանք երկուսն էլ սեփական անհաջողությունները և սեփական տապալումների գրավականը տեսնում են դրսի ուժերի մեջ։ Նրանք երբեք չեն մտածում, որ վարած սխալ քաղաքականության, ունեցած մտածողության հետևանքով շարունակական կարելի է միշտ բախվել նույն ցիկլին։ Կարծում եմ՝ ցեղասպանության խնդիրը, մանավանդ հիմա արխիվների բացման և բարձրաձայնման հետ մեկտեղ կարող էր հիանալի պետականության դաս լիներ Հայաստանի համար, որ նա ամրապնդեր պետականությունը և չկրկներ նախորդ սխալները։ Ցավալիորեն, ողջ քարոզչական մեքենան՝ և սփյուռքի, և ՀՀ իշխանությունների օգնությամբ միտված է երեք սկզբունքի, որին կուրորեն ենթարկվում է Հայաստանի նոր և նորելուկ պետականության մարմինը։ Նա ենթարկվում է բոլոր հարվածներին, և առաջին հարվածը մշտնջենական, պատմական կրկնվող իրականության սարսափն է։ Այսինքն՝ մեզ անընդհատ բացատրում են, որ մենք գտնվում ենք թուրքական պոտենցիալ հարվածի ներքո։ 21-րդ դարն է, իրականությունը փոխվել է, նոր մարտահրավերներ են առաջացել, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները փուլայնորեն մեկ վատանում են, մեկ լավանում, և Հայաստանը այդ փուլերի մեջ պետք է կարողանա քաղել օգուտներ, ոչ թե ունենա հերթական վնասը։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման, ապա ջերմացման հետևանքով մենք ունեցանք եղեռն, այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մենք ունեցանք նմանատիպ նախադեպ, երբ Ստալինի ծրագրով պատրաստվում էին գնալ և հայկական հողերը վերցնել, բայց եղավ նահանջ։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի շահերը կարող է պաշտպանել միայն հայկական պետությունը։
Այդտեղից գալիս է երկրորդ սխալը՝ երբևէ հայկական պետականությունն իր ռազմավարական ծրագրերում չի կազմել սեփական ուժերի և ռեսուրսի վրա հենվելու ծրագիր, որն ունի երկու պատճառ։ Առաջինն այն է, որ մենք սկսում ենք սեփական ուժերին ապավինել միայն ծայրահեղ գոյապահպանական իրավիճակներում, որը փաստեց վերջին քառօրյա պատերազմը, և երկրորդ՝ սեփական ուժերի վրա հենվելու ծրագիրն անպայման ենթադրում է երկրի արդար կառավարում, ժողովրդավարություն, տնտեսական հնրավորությունների արդյունավետ օգտագործում, սեփական պետականության ինքնագիտակցում։ Սա շատ դժվարին ճանապարհ է, դրա համար այն մարդիկ, որոնք ուղղակի օգտվում են Հայաստանի ռեսուրսներից, որոնք սեփականաշնորհում են Հայաստանը և դրանից քաղում են մաքսիմալ օգուտներ, գերադասում են պահպանել այն տեսլականը, որ հայկական պետականությունը շատ թույլ է և չի կարող սեփական ուժերով գոյատևել։ Որովհետև հենց որ հասարակությունը հասկանա, որ սեփական ուժերի վրա պիտի հենվի, նա դա պետք է անի ոչ միայն արտաքին մակարդակով, այսինքն՝ ոչ թե միայն հզորացնելով սեփական զինվորին ու բանակը, այլև ամրապնդելով ներքին կառուցվածքը, պետականության ներքին ինստիտուտները, որոնք կծառայեն միայն պետությանը։
Տեսեք ինչ է կատարվում. եվրոպական փողերով զարգացող ոստիկանությունը, սահմանին տեղի ունեցող ողբերգական դեպքերի ֆոնին, հագնված, զինված նորագույն սարքերով ու մեթոդներով, իր ընդունարանում կախում է ռուսական դրոշը։ Սա նշանակում է, որ այն կառույցը, որը կոչված է պահպանել պետության կառուցվածքը ներսից, այնպես, ինչպես բանակը այդ կառուցվածքը պահպանում է դրսից, տառացիորեն խորհրդանշականորեն ազդարարում է իր պատկանելությունը մեկ այլ պետության։ Այդ պետությունը կարող է լինել թշնամի և կարող է լինել բարեկամ։ Տվյալ կոնտեքստում դա ոչ մի նշանակություն չունի։ Դա դավաճանություն է պետականությանը, այսինքն՝ անկախ նրանից, թե Ռուսաստանը լավ կամ վատ է տրամադրված Հայաստանի նկատմամբ, բարեկամ է թե թշնամի, միևնույն է, դա Հայաստանը չէ։ Հայաստանի պատմության մեջ պետականությունների և պետական քաղաքականությունների այդ սահմանազատումը չի եղել։ Դրա համար, երբ մենք խոսում ենք Թուրքիա-Ռուսաստան-Իրան-Արևմուտք շահերի կծիկի մասին, չպետք է մոռանանք, որ քառօրյա պատերազմի ընթացքում տված զոհերը փաստում են, որ իրատեսական քաղաքականություն չունենալը հանցավոր մոլորություն է, իսկ իրատեսական քաղաքականությունը պաթետիկ հակաթուրքական ճառերով փոխարինելը արդեն պետական հանցանք է, և դրա հանդեպ պետք է շատ ուշադիր լինել։ Դրա համար հանրությանը պետք է սնել ոչ թե պատմական սարսափներով, որից նա քաջատեղյակ է, այլ ցույց տալ իրական դժվարությունները և իրական խոչընդոտները, որովհետև մենք ապացուցեցինք, որ իրական հակազդեցության դեպքում որևէ դավադրական պլան չի կարող գործել։ Ակնհայտ է, որ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռամիասնությունը պատրաստել էր դավադրություն Հայաստանի դեմ, բայց այդ դավադրությունը չաշխատեց, որովհետև այդ ծայրահեղ պահին մենք գիտակցեցինք իրական մարտահրավերը։
Հիմա, երբ խոսքը գնում է Հայաստանի ապագայի, երիտասարդների կյանքերի մասին, երբ սահմանում մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ, հայրենասիրությամբ պատրաստ են պահել պետականությունը, ապա ներսում գտնվողները, ավելի խաղաղ, ապահով և բարենպաստ պայմաններում ուղղակի պարտավոր են պետականությունը պահել ներսից։ Դրա համար անհրաժեշտ է վերջնականապես դադարել կատարել ուրիշ երկրի հրամանները և շահերը։ Բնական է, որ հազիվ թե այդ շահերը համընկնեն, որովհետև պետությունը, տվյալ դեպքում թելադրող Ռուսաստանը ունի իր իմպերիական հավակնություններ, Հայաստանը ունի ժողովրդավար, ուժեղ, ռազմականացված և ապահով երկիր լինելու մարտահրավեր։ Այդ մարտահրավերները չեն համընկնում, Ռուսաստանին ձեռնտու է, որ մենք լինենք կոնֆլիկտների մեջ սուզված, աղքատ և Ռուսաստանից կախված տնտեսապես և քաղաքականապես, ինչը մեզ ձեռնտու չէ։
Ռուսաստանի վարած քաղաքականությունը այս ամբողջ հարյուրամյակում որևէ փոփոխության, ստացվում է, չի՞ ենթարկվել։
Բնականաբար ոչ, ընդ որում՝ դա չարակամությունից չի գալիս, այլ գալիս է սեփական շահերի քաջ գիտակցումից։ Ռուսաստանը հիանալի գիտի՝ ինչ է ուզում։ Նա հասկացել է, որ չի կարող կայանալ իբրև ժողովրդավար և տնտեսապես ապահով երկիր, և ուզում է վերադառնալ իմպերիական լծակներին։ Նա իր առջև դրել է ռեալ-պոլիտիկի շրջանականերում ճիշտ քաղաքական շահեր և իրականացնում է։ Ուրիշ բան է, որ այդ քաղաքական շահը չի համընկնում Հայաստանի քաղաքական շահի հետ։
Իսկ ինչո՞ւ իշխանության մոտ չկա այդ գիտակցումը։
Երեք գործոն կա, որ այդտեղ աշխատում է. առաջին՝ ինձ թվում է, որ իշխանությունը գոնե տեղեկացված է իրական քաղաքական շարժերից և իրական քաղաքական տեսլականներից։ Բայց ակնհայտ է, որ քանի դեռ մեր իշխանական շրջանակներին պակասում է համապարփակ ինֆորմացիա, քանի որ ԱԱԾ-ն է ինֆորմացիայի մատակարարը, ապա իշխանությունը ոչ միայն անխոնջ աշխատում է ռուսական շահերի օգտին, այլ աշխատում է այդ շահերի օգտին, որովհետև դեզինֆորմացված է։ Ակնհայտ է, որ ինֆորմացիայի մեծ քանակ անցնում է իշխանությունների կողքով, և այդտեղ շատ գործոններ կան. Առաջին գործոնը ինֆորմացիա ունենալու ցանկության բացակայությունն է, իսկ երկրորդ գործոնը՝ իրոք հնարավորությունները սահմանափակ են։
Հայաստանում անկախության պահից որևէ բան չարվեց, որպեսզի կատարվի լյուստրացիա, այսինքն՝ բացահայտվի Հայաստանում ռուսական գաղտնի ծառայությունների գործող գործակալների ցանցը, ինչպես արեցին շատ երկրներ, որոնք դուրս եկան սովետական իմպերիայի տակից, ինչպես արեց Արևելյան Եվրոպան։ Դա օգնեց, որ հետագայում քաղաքականությունը կազմավորեն այն մարդիկ, որոնք չէին գտնվում այդ գաղտնի անվտանգության ծառայության ցանցի գաղափարական և գործիքային ճնշման ներքո։ Դրա հետևանքով մենք ունեցանք խնդիրներ, որովհետև այդ ցանցը մանավանդ հիմա, երբ ՌԴ ղեկավարը այդ ցանցի գլխավորն է, արդյուավետ գործում է՝ օգտագործելով թե տեխնոլոգիական միջոցները, թե կառավարման և թե նաև տնտեսական լծակերը։ Հայաստանը որպես իմպերիայի մաս միշտ ուծացվել է։ Մենք չեչեններ չենք, մենք պրիբալտներ չենք, մենք կարող ենք միայն լայնորեն բացվել և գործել անկախ պետականության շրջանակներում, և դա մենք պետք է հաշվի առնենք։
Եվ եթե ճանապարհ ենք ուզում հարթել, մենք պետք է հասկանանք, թե ինչպես է ճանապարհը գալիս սեփական շահի և այլոց շահի սահմանազատումներից։ Եվ ուզում եմ Գոլդա Մեերի խոսքերը մեջբերել։ Երբ նրան ասում էին, որ պետք է հաշվի առնել արաբական բազմաքանակ և ուժեղ պետությունների շահերը, նա պատասխանեց՝ մենք ուզում ենք ապրել, իսկ նրանք ուզում են, որ մենք մեռնենք, մեր շահերը չեն կարող համընկնել։
Վերջիվերջո, մենք պետք է հասկանանք, թե ով է ուզում, որ մենք ապրենք, և ով է ուզում, որ մենք մեռնենք։
Սիրանույշ Պապյան