«Այս ծանր օրերին, երբ Նալբանդյան-Լավրով քննարկումներն էին ընթանում նաև, Հայաստանում ինֆորմացիա ավելի շատ ստանում էինք ռուսական մամուլից, քան հայկական: Դրա պատճառը մեր արտգործնախարարության աշխատանքն է»,- այսօր ԱԺ քառօրյա նիստում ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նա նշեց, որ սկսած Կազանի փաստաթղթից, մինչև մյուս հարցերի վերաբերյալ մեր հասարակության լայն շրջանակները տեղեկացվեցին ռուսական արտգործնախարարության կողմից տարածված տեղեկատվությունից: Քոքոբելյանը պահանջեց, որպեսզի ԱԺ նախագահության առաջարկությամբ արտաքին գործերի նախարարն առնվազն երկու թեմայի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի:
«Առաջինը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև փոխօգնության պայմանագրի հետ կապված, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը, պետք է տեղեկատվություն տրամադրվի: Երկրորդը, նա պետք է շատ հստակ տեղեկատվություն ներկայացնի բանակցային գործընթացի հետ կապված, որպեսզի մենք ստիպված չլինենք այլ երկրների լրատվություններից կամ պաշտոնական տեղեկատվությունից տեղեկանալ»,- ասաց Քոքոբելյանը:
Ի պատասխան, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նալբանդյանը մշտապես ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը և տեղեկատվություն է տրամադրել հանրությանը: