ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի և դրանում առկա ուղերձների մասին ELQ-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:
-Պարոն Քոքոբելյան, ի՞նչ ուղերձներ էր պարունակում Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը և ի՞նչ ակնկալիքներ ունենանք՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտեքստում:
-Այն խնդիրները, որոնք բարձրացվել են ՀՀ նախագահի հարցազրույցում, ավելի են հստակեցնում այն հանգամանքը, որ եղել է ռուս խաղաղապահների տեղակայման խնդիրը: Նախագահը, մասնավորապես, նշում է, որ քանի դեռ չկան բանակցություններ, չի կարող լինել խաղաղապահների տեղակայման խնդիր: Ղարաբաղյան հակամարտության , իսկ այս պարագայում նաև պատերազմի մեջ որևէ բան Ադրբեջանը չի շահում և չի էլ կարող շահել՝ ի պատիվ մեր բանակի պատրաստվածության, բայց հստակ երևում են միջազգային խաղացողների շահերը ու, մասնավորապես, ռուսական կողմւ շահը, ավելին՝ այդ մասին անթաքույց նաև խոսվում է:
Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված այդ յուրօրինակ հարցազրույցով հստակեցրեց իր այն դիրքորոշումը, որ Հայաստանն այլևս Կազանի փաստաթուղթը հիմք որպես չի ընդունելու. առանց Լեռնային Ղարաբաղի ճանաչման որևէ տարածքի մասին խոսելը ուղղակիորեն կվտանգի թե Լեռնային Ղարաբաղի, թե Հայաստանի անվտանգությունը և այս հարցազրույցի մեջ ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի այդ մոտեցումը, որտեղ նա ասում է, որ այս փուլում Հայաստանը, որպես կողմ, չի կարող հիմք ընդունել Կազանի փաստաթուղթը:
-Դա՞ է հարցազրույցի գլխավոր message–ը:
-Երկու կարևոր ուղերձ կա: Նախ, որ Կազանի փաստաթուղթը այլևս հիմք չի կարող ընդունվի, թեկուզ ժամանակին հայկական կողմը, ցավոք, դրան կողմ էր արտահայտվել և երկրորդ՝ ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված հարցը այս փուլում քննարկման ենթակա չի: Սա հստակ դիրքորոշում է և ես վստահ եմ, որ հայկական կողմը այդ դիրքերից էլ պետք է հանդես գա:
–Պարոն Քոքոբելյան, արդյո՞ք նոր էսկալացիայի վտանգ չկա դիրքորոշման հստակեցման մեջ:
-Ես ինքս կողմնակից չեմ նրա, որ բանակցությունները չշարունակվեն, քանի որ ցանկացած կոնֆլիկտի շուրջ պետք է բանակցել: Բայց պետք է փաստենք, որ բանակցությունների համար պետք է լինեն նախապայմաններ և ամենակարևորը՝ ես չէի ցանկանա, որ մենք խճճվենք այն մոտեցման մեջ, թե եթե սա չլինի, ապա էսկալացիա կլինի: Էսկալացիա այսպես թե այնպես լինում է, ինձ համար միարժեք է, որ թե՛ դա, թե՛ պատերազմական գործողությունների վերսկսումը Հայաստանի թիկունքում խիստ կազմակերպված, այդ թվում նաև մեր ռազմավարական գործընկերների, մասնավորապես Ռուսաստանի գիտությամբ գործընթաց էր և պետք չէ դրանից խուսափել ու դա չասել: Արդեն մեկ տարի է ՌԴ-ի կողմից մեզ այդպես էլ վարկային պարտավորությունների շրջանակում ռազմատեխնիկա չհատկացվեց, ավելին՝ չհատկացվեց հենց այն ռազմատեխնիկան, որը մեզ այդքան անհրաժեշտ էր այդ օրերի ռազմական գործողությունների ընթացքում: Եվ ես անձամբ քառօրյա այդ պատերազմի հիմնական պատճառներից մեկը համարում եմ հենց այս պատուհանը Ադրբեջանի կողմից օգտագործելու հնարավորություն ունենալը:
Այսինքն, Ադրբեջանը բողոքի նոտա ուղղեց ՌԴ-ին այդ վարկի հետ կապված, որից հետո ռուսական մամուլում հայտնվեց այն ռազմատեխնիկայի ցանկը, որ 200 մլն դոլարի վարկի դիմաց մենք պետք է ստանանք և այդպիսով լրացուցիչ փաստվեց, որ մենք այն դեռ չենք ստացել :
Երկրորդ հիմնական պատճառը ես համարում եմ միջազգային հանրության ոչ հասցեական ու ոչ ադեկվատ գնահատականները, որոնք դեռ 2014 թվականից այդպես էլ հստակ չգնահատեցին Ադրբեջանի գործողությունները: Եվ ես ինքս անձամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին նամակով եմ դիմել՝ նշելով, որ այդ մոտեցումը կարող է բերել այսպիսի հետևանքների և ցավում եմ, որ այսօր դրա ականատեսը դարձանք:
Բայց այսօր էլ ուշ չէ, միջազգային հանրությունը ժամ առաջ պետք է շատ հստակ դիրքորոշում արտահայտեն Ադրբեջանի այս օրերի, այդ թվում և երեկվա գործողություններին, այլապես տարածաշրջանի անկայունությամբ շահագրգիռ պետություններին ու մասնավորապես Ադրբեջանին ոչինչ չի սաստելու, որպեսզի ռազմական նոր գործողություններ սկսվեն: Բայց նոր պատերազմը կլինի ոչ թե Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի, այլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև դրանից անմասն չեն կարողանա մնալ նաև մեր հարևան երկրները:
Աննա Հովակիմյան