Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը հյուրընկալեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսին և դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանին։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՀ ներքին և արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ապրիլյան պատերազմից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, ՀՀ Ընտրական օրեսգրքի նախագծին և դրա շուրջ ընթացող բանավեճերին։
Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ ներկայումս բանավեճերի փուլում գտնվող Հայաստանի ընտրական բարեփոխումների վերջնական տարբերակում կներառվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հիմնական առաջարկները։
«Հուսով ենք, որ այն կարտացոլի Հայաստանի քաղաքական տիրույթում ու քաղաքացիական հասարակության շրջանում տիրող կարծիքների ու դիրքորոշումների լայն կոնսենսուս: Վստահելի ընտրական գործընթացի հասնելու համար քաղաքացիական հասարակությունը պարտավոր է բարեխղճորեն աշխատել իշխանության ու ընդդիմության հետ: Վստահելի ընտրական գործընթացն էական է ժողովրդավարության համար ու նաև թափ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը՝ օգնելով ավելացնել միջազգային ներդրողների ներգրավումը»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ խոսեց ԸՕ նախագծի առնչությամբ կուսակցության ներկայացրած առաջարկների մասին՝ կարևորելով դրանց ընդգրկումը նախագծի վերջնական տարբերակում։
Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրեց, որ դեսպանությունը շարունակում է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի դեպքերին և կողմերին հորդորում է վերստին հետամուտ լինել տևական հրադադարի ապահովմանն ու լուրջ բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
«Մենք կողմերին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ»,- հավելեց դեսպան Միլսը:
Խաչատուր Քոքոբելյանը կարևորեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը․«Ժամ առաջ պետք է վերսկսվեն բանակցությունները։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում արդյունավետ լուծումների հասնելու համար կարևորում ենք ԼՂՀ վերադարձը բանակցային սեղան»։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
11 մայիսի, 2016թ․
ք․ Երևան