Tert.am-ի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։
Պարոն Քոքոբելյան, արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի համահիմնադրած կառույցին։ Դուք այն քաղաքական գործիչն էիք, ով ի սկզբանե դեմ արտահայտվեց այդ կառույցին Հայասատանի անդամակցությանը։ Եթե վերլուծենք ՀՀ-ի այս երեք տարիների գործունեությունն ԵԱՏՄ-ի կազմում և ԵԱՏՄ-ի տված օգուտը մեր երկրին, ապա ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ խնդիրներ եղան այս ընթացքում, ի՞նչ խոչընդոտների հանդիպեցինք, կամ եթե կա դրական արդյունք, ապա ո՞րն է։
Հարցադրումը շատ տեղին է և ցավով պետք է նշեմ, որ որևիցե դրական արդյունք չենք նկատել, որովհետև դա ուղղակիորեն չկա, հիմա ես կփաստեմ դա: Բայց միևնույն ժամանակ կցանկանայինք, որ լիներ հակառակը և մենք սխալված լինեինք։ Իհարկե, մեզ համար ծրագրային դրույթ է ԵՄ լիիրավ անդամակցությունը և մասը կազմելու եվրոպական ընտանիքի, բայց ԵԱՏՄ-ին անդամակցությանը դեմ լինելը մեզ համար միայն այս հանգամանքով պայմանավորված չէր և քաղաքական կապրիզի խնդիր չէր, այլ կար հստակ ու չոր հաշվարկ, որ ամբողջ աշխարհն էր անում, մասնավորապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, որոնք ազդեցին Հայաստանի վրա։
Ես մի քանի փաստ կներկայացնեմ. եթե հիշում եք, մեր ընդդիմախոսները բերում էին և՛ տնտեսական զարգացման փաստարկը, և՛ աշխարհագրական առումով տարածքի մեծությունը, որը տնտեսական առումով ծիծաղեի է և լուրջ չէ, քանզի 21-րդ դարում խոսվում է շուկաների ծավալների, այլ ոչ թե տարածքների մասին, ինչը նույնիսկ մեզ համար վնաս է։ Եւ խոսվում էր անվտանգության բաղադրիչից։ Տնտեսական բաղադրիչի առումով ուզում եմ շեշտել, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 25,6%-ով, որից արտահանումը նվազել է 31,6%-ով, իսկ ներկրումը՝ 13,2 տոկոսով: Սա պաշտոնական վիճակագրությունն է և փաստացի մենք ունենք թվերի շեշտակի նվազում, որովհետև ապրանքաշրջանառության 31,6 տոկոս նվազումը դա բառացիորեն գրեթե մեկ-երրորդի նվազում է։ Իհարկե, այստեղ դեր է խաղացել ռուբլու անկումը, ռուսական տնտեսության յուրովի բլոկադայի մեջ գտնվելու հանգամանքը, բայց ոչ մեկի համար դա գաղտնիք չէր և դեռևս 2014 թվականին բոլոր էլ գիտեին, թե ինչ է կատարվում ռուսական տնտեսության հետ և ինչ է սպասվում։
Ընդհանրապես ինտեգրացիոն գործընացը շատ դրական երևույթ է, բայց եթե ինտեգրվում ես առաջադեմ կառույցի, այլ ոչ թե փտախտով հիվանդացած տնտեսական, էլ չեմ ասում քաղաքական կառույցի։ Ես բազմիցս նշել եմ, որ թե՛ Եվրասիական միությունը, թե՛ ՀԱՊԿ-ը կառույցներ են, որոնք բառացիորեն հարմարեցված են այսօրվա ռուսական իշխանությունների քաղաքական շահերին։ Այսինքն այդտեղ չկա տնտեսական մի ծրագիր, որտեղ անդամ պետություններից յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունենա և հասկանալի լինի, թե այդ ինտեգրացիան ինչի է բերելու։ Սովորաբար տնտեսական ինտեգրացիաները կատարվում են կոնկրետ ծրագրերի շուրջ՝ օրինակ շուկաների ընդլայնման, ընդհանուր տնտեսական հետաքրքրությունների շուրջ։ ԵԱՏՄ անդամակցությունը մեր տնտեսությանը հասցրած ամենավտանգավոր վնասն այն է, որ մենք ինքնուրույն երրրոդ երկրների հետ չենք կարող մաքսային դրույքաչափեր որոշել, իսկ դա տնտեսության զարգացման հիմնական գործիքներից է։ Այսինքն, այդ հիմնական տնտեսական գործիքակազմից մենք զրկված ենք և ինձ համար երբեմն զավեշտալի է, որ այդ պարզ ճշմարտության մասին տնտեսագետները երբեմն լռում են, ես դա կանվանեի հանցավոր լռութուն։
Սա թվերի և տնտեսության մասով, քաղաքական և անվտնագության բաղադրիչի մասով էլ կուզենայի նշել, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ քառօրյա պատերազմից հետո Եվրասիական տնտեսական միության պահվածքը՝ բացի Ռուսաստանից, նաև Ղազախստանը, Բելառուսը ուղղակիորեն պաշտպանեցին Ադրբեջանի շահը, անտեսելով Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Նույնիսկ քառօրյա պատերազմից հետո չեղարկեցին Երևանում նախատեսված ԵԱՏՄ վարչապետների հավաքը, փաստորեն, դա էլ շատ համարեցին՝ հայտարարելով, որ Երևանում նիստի անցկացումը կարող է նեղացնել Ադրբեջանին։ Չեմ ուզում հիմա խոսել, թե ինչ քայլեր պետք է հետևեին ՀՀ իշխանությունների կողմից այս առնչությամբ, բայց որոնք այդպես էլ չարվեցին, սակայն փաստենք, որ այլևս իրողություն է, որ պատեհ կամ անպատեհ առիթով ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ոտնահարվում է ՀՀ շահը։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, սակայն հայտարարությունների մակարդակով միայն, քանզի Ռուսաստանի հետ ցանկացած պայմանագիր ոչ այլ ինչ է, եթե ոչ թղթի կտոր, որովհետև դա միշտ հարմարեցվում է Ռուսաստանի պետական շահին։ Ես համաձայն եմ այն տեսակետների հետ, որ ցանկացած պետություն, այդ թվում նաև Ռուսաստանը, պետք է իր շահը հետապնդի, բայց ռազմավարական գործընկերոջ հետ շահերի համատեղումը և մյուսի շահի անտեսումն արդեն իսկ չի կարող կոչվել ռազմավարական գործընկերություն։
Ինչ ունենք այսօր՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի զինումը, գիտեք վերջին տարիների ընթացքում միայն 5 միլիարդի զենքի վաճառքի մասին, և այժմ էլ նոր պայմանագրեր կան, քառօրյա պատերազմի ընթացքում էլ առանց վարանելու Ռուսաստանի փոխվարչապետ Ռագոզինը հայտարարեց, որ իրենք շարունակելու են զենք մատակարարել Ադրբեջանին։ Ես միշտ պնդել եմ և հիմա էլ կասեմ, որ քառօրյա պատերազմը տեղի ունեցավ Ռուսաստանի գիտությամբ, և ինչու ոչ նաև աջակցմամբ, քանզի հենց այդ օրերին ռուսական կողմից եղավ պաշտոնական հայատարարություն, որ իրենք շարունակելու են ռազմամթերքի մատակարարումը Ադրբեջնաին։ Նշեմ, որ Ադրբեջանն իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, երկրորդ տեղում Բելառուսն է՝ այսինքն Ադրբեջանն իր զենքի 90 տոկոսից ավելին ձեռք է բերում ԵԱՏՄ անդամ երկրներ Ռուսաստանից և Բելառուսից։ Նորություն ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, թե մեզ համար օրհասական այդ օրերին ինչ հայտարարություններ արեցին Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները։ Բայց այս ամենը մի կողմ դնենք և կրկին խոսենք չոր թվերի մասին՝ կա մի շատ պարզ իրողություն՝ եթե մենք երրորդ երկրից ցանկանաք ձեռք բերել այնպիսի զինտեխնիկա, ինչպիսին ստանում է Ադրբեջանը Ռուսաստանից, օրինակ Սմերչ և նմանատիպ հարձակողական բնույթի ռազմատեխնիկա, ապա մենք՝ ԵԱՏՄ օրենքների համաձայն ստիպված ենք 18 տոկոս հավելյալ վճարում կատարել ԵԱՏՄ բյուջե։ Այսինքն նույն Չինաստանից կամ Իսրայելից նման ռազմատեխնիկա ձեռք բերելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի 18 տոկոս՝ արժեքի գրեթե մեկ- հինգերորդի չափաով հավելավճար կատարել։ Փաստացիորեն, ՀՀ-ի համար այդչափ թանկանում է մեր պաշտպանական համակարգն այդքան անհրաժեշտ տեխնիկայով համալրումը։ Խաբկանք են բոլոր այն խոսակցությունները, թե Ռուսաստանը մեզ մատակարարում է էժան ռազմատեխնիկա և ուզում եմ հիշեցնել, որ մինչ այս պահը Հայաստանը չի ստացել 200 մլն. վարկով նախատեսված ռազմատեխնիկան, այն դեպքում, երբ հենց քառօրյա պատերազմից առաջ ռուսական մամուլում գաղտնազերծվեցին վերոնշյալ վարկով նախատեսված ռազմատեխնիկայի տեսակները։ Դա այն դեպքում, երբ այդ վարկային փաթեթը հաստատելու ժամանակ նույնիսկ ԱԺ պատգամավորներին չի ներկայացվել այդ ռազմատեխնիկայի ցանկը, իհարկե յուրաքանչյուր պատգամավոր կարող էր ԱԺ հատուկ բաժնից վերցնել և տեղեկանալ, սակայն վարկային պայմանագրի այդ մասը գաղտնի էր։ Բայց ռուսական կողմն առանց մտածելու, կամ միգուցե խիստ մտածված հրապարակեց այդ տեխնիկայի քանակն ու տեսակը, և, կարծես թե, դա յուրովի ազդանշան էր Ադրբեջանին։ Ես վստահ եմ, որ այդ ռազմատեխնիկայի ժամանակին մատակարարումը կարող էր էական ազդեցություն ունենալ քառօրյա պատերազմի ընթացքի վրա։ Փաստացիորեն, երբ այդքան շատ խոսվում էր թե ԵԱՏՄ անդամակցությունը կավելացնի մեր անվտանգության բաղադրիչը, այսօր տեսնում ենք հակառակը՝ Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, կարողանում է ազատ շուկայական հարաբերություններ պահպանել և ավելի լավ է կարողանում օգտվել ռուսական ռազմատեխնիկայից, քան Հայաստանը։ Այսքանից հետո խոսել Եվրասիական միության օգուտների մասին ուղղակի ավելորդ է։
ՀՀ և ՌԴ նախագահների հանդիիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարեց, թե 2014-2015 թվականների ընթացքում 10 տոկոս ՀՆԱ-ի աճ է արձանագրվել Հայաստանում։ Ինչի՞ մասին էր խոսում ՌԴ նախագահը։
Նախ դա իրականությանը չի համապատասխանում, ունենք ճիշտ հակառակը և համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի՝ IMF-ի տվյալներով 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 8 տոկոսով պակաս է ԵԱՏՄ-ի նախորդող՝ 2014 թվականի տվյալից: Այսինքն մենք անդամակցելով ԵԱՏՄ-ին 2014 թվականից ի վեր ունեցել ենք ավելի քան 8 տոկոս ՀՆԱ-ի նվազում, ինչն Հայաստանի տնտեսության համար ակնհատ մեծ թիվ է։ Ակնհայտ թվերն այդ աստիճան աղավաղելը խոսում է ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես նաև այն մասին, որ ուղղակիորեն չեն կարևորում այդ խնդիրները ու ենթադրում են, որ դա քիչ հետևանքներ կթողնի քաղաքացիների վրա։ Այլևս շատ պարզ իրողություն է, որ քառօրյա պատերազմից հետո մեր քաղաքացիները հնարավորություն ունեցան ավելի ճշգրիտ գնահատելու, թե ինչ տվեց մեզ Եվրասիական տնտեսական միությունը և ինչ չտվեց։ Ցավով պետք է արձանագրեմ, որ 2013թ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո և մինչ այդ էլ մեր քաղաքացիները հնարավորություն չունեցան ո՛չ Եվրասիական տնտեսական միության, ո՛չ էլ ԵՄ Ասոցացման համաձայնագրի դրույթներին մանրակրկիտ ծանոթանալու և դրական ու բացասական կողմերը դիտարկելու։ Այդտեղ, իմ կարծիքով, անթույլատրելի զգուշավորություն թույլ տվեց նաև եվրոպական կողմը, քանզի այդպես էլ լայն քննարկում տեղի չունեցավ Ասոցացման համաձայնագրի շուրջ, որի արդյունքում կարող էր քաղաքացիների սեփականությունը դառնար եվրոպական ուղղության ընտրության հետ կապված գաղափարներն ու առավելությունները։
Դուք նշեցիք, որ ԵԱՏՄ-ն պետք է տնտեսական ընդհանուր ծրագիր ունենա, ինչպես օրինակ շուկաների ընդլայնումը։ ՌԴ նախագահը վերջերս հայտարարեց, որ փորձում են ինտեգրացիոն պրոցեսներում ներգրավել իր մեծ շուկայով, կայացած տնտեսությամբ հայտնի Չինաստանին, ինչպես նաև Իրանին՝ Հայաստանի միջոցով։ Ձեր գնահատմամբ սա ի՞նչ կտա, որևիցե բան կփոխի՞ ստեղծված ճգնաժամային իրավիճակում։
Նախ չեմ պատկերաացնում, թե ինչպես են Իրանին ներգրավելու այս գործընթացում այն էլ Հայաստանի միջոցով։ Իհարկե, որպես ՀՀ քաղաքացի, ես շատ կցանկանայի, որ Հայաստանի միջոցով նման բան անելու հնարավորություն լիներ, բայց շատ ակնհայտ է, որ Իրանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները և շահերը չի պրոյեկտվում Հայաստանի շահերով։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Հայաստանը, եթե չլիներ ԵԱՏՄ անդամ, առավելևս եթե ստորագրած լիներ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, հնարավորություն կունենար ազատ առևտրի պայմանագրեր կնքելու թե՛ Իրանի հետ, թե՛ Չինաստանի և որևիցե խնդիր այդ դեպքում մենք չէինք ունենա։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ Հայաստանը Ռուսաստանի հետ ուներ նման պայմանագրեր և ապրանքային շրջանառության հետ կապված որևիցե խնդիր չունեինք, իսկ սրա մասին ԵԱՏՄ-ի կողմնակիցները քիչ են խոսում։ Նշեմ նաև, որ այս պահին Միացյալ Նահանգների հետ էլ մենք ունենք նմանատիպ պայմանագիր և ապրանքաշրջանառության ու մաքսատուրքենրի հետ կապված ՀՀ-ն որևիցե խնդիր չունի իր ապրանքն արտահանելու ժամանակ։ Այսինքն, ձեր նշած հայտարարություններն ավելի շատ քարոզչության համար է արվում, քան բուն տնտեսությանն օգուտներ բերելու։ Ընդհանրապես կաթվածահար վիճակում գտնվող ՀՀ տնտեսության համար ամենամեծ խթանիչ ուժը, բացի էֆֆեկտիվ և բարեխիղճ կառավարումից, կարող է լինել օտարերկրյա ներդրումները։ Թող մեր ընդդիմախոսները հիշեցնեն, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում ի՞նչ խոշոր ներդրում է եղել, ասեմ որ չկա նման բան և պատճառը շատ պարզ է՝ կապիտալը սիրում է ազատ, հստակ գործող շուկաներ, իսկ այս պարագայում օտարերկրյա ներդրողները գործ ունեն ԵԱՏՄ անկայուն շուկայի հետ։ Այսինքն խոսելով շուկաների մասին պետք է ոչ միայն շուկայի մեծության մասին խոսեն, այլ խոսեն թվային ծավալի, գնողականության մասին և բացի այդ, պետք է հստակ նշվի, թե ինչ խաղի կանոններ են գործում այդ շուկայում։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ կոռուպցիայի օրրանն այսօր գտնվում է Մոսկվայում և ԵԱՏՄ անդամ մի քանի այլ երկրների մայրաքաղաքներում։ Ի դեպ, համաշխարհային տնտեսության մեջ այսօր ամենամեծ աղբը և ամենամեծ աղետը կոռուպցիան է, որը համաշխարհային տնտեսության մակարդակով կազմում է ավելի քան 20 տոկոս։ Եւ այդ 20 տոկոսի մեջ առյուծի բաժինը ընկնում է ԵԱՏՄ մաս կազմող այդ մի քանի երկրներին, դրանք խոսուն փաստեր են և ոչ մի լավ բանի չբերող։ Եւ վերջապես, կա նաև քաղաքական համակարգի և մշակույթների համադրման հանգամանքը, չէ որ տնտեսությունը բերում է նաև քաղաքական համակարգերի ինտեգրացիայի: Չեմ կարծում, որ որևիցե քաղաքացի կուզենա գործ ունենալ կոռուպցիոն ռիսկերի, օրենքի բացթողումների, կամայականությունների, մարդու իրավունքների ոտնահարման փաստերի հետ: Այսինքն, մենք ինտեգրվել ենք մի կենտրոնի որտեղ ծաղկում են այդ երևույթները:
Քառօրյա պատերազմից հետո Դուք ԱԺ ներկայացրիք ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ: Այդ ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախագծի քննարկումները մեկ տարի ժամկետով հետաձգվեց: Ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ անգամ այն քաղաքական գործիչները, ովքեր ի սկզբանե դեմ էին ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցությանը, քննարկումների հետաձգմանը կողմ քվեարկեցին, միայն Թևան Պողոսյանն էր ձեռնպահ: Դրանից հետո Դուք ի՞նչ եք նախաձեռնում, մենք ի՞նչ ճանապարհ պետք է ընտրենք:
Նախ պետք է նշեմ, որ հետաձգումը, բնականաբար, տեղի է ունեցել նաև ինձ հետ համաձայնեցված, քանզի լինելով նախագծի հեղինակ ես այդ իրավունքն ունեի և այդպես ես հնարավորություն ունեմ մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի կրկին այդ նախագիծը ներկայացնել ԱԺ քննարկման: Բայց եթե ես մինչև վերջ պնդեի, ապա այդ նախագիծը գրեթե միաձայն՝ բացառությամբ մեկ-երկու ձայնի կքվեարկվեր և ընդհանրապես դուրս կգար ԱԺ օրակարգից: Իսկ ես չեմ ցանկանում, որ երբևիցե ՀՀ Ազգային ժողովում, թեկուզև ԵԱՏՄ անդամակցությունը շռնդալից է ընդունվել, այդ պրոցեսը վիժեցվեր, որովհետև դա ՀՀ շահերից չի բխում: Եւ հետաձգումը նաև պայմանավորված էր նրանով, որ ՀՀ քաղաքական դաշտում սկսվի առողջացման պրոցես, և ես վստահ եմ, որ ուշ թե շուտ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը պարտադրված կլինեն ուղղակի գիտակցել, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևիցե լավ տեղ չի տանում, և պետք չէ այդքան կաշկանդված լինել, ինչքան որ հիմա են կաշկանդված: Ինձ համար նույնիսկ անսպասելի էր, որ որոշ քաղաքական ուժեր այդքան բոցավառ ճառերով հանդես կգան ի պաշտպանություն ԵԱՏՄ-ի, խոսքը միայն քաղաքական դաշտի նորաբնակների մասին չէ, այլ նաև այն մարդկանց, որոնց մոտեցումներն երկար տարիներ իմացել ենք և այդքան կարճ ժամանակում այդ մոտեցումների փոփոխությունն ես համարում եմ քաղաքական կաշկանդվածության խնդիր: Այսօր ՀՀ քաղաքական դաշտում մեծամասնությունը կաշկանդված են և ճիշտ չեն գիտակցում ու ճիշտ չեն համադրում ՀՀ հնարավորությունները: Եւ նույնիսկ չեն ուզում խորանան այդ թեմայի մեջ և գիտակցեն, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, տնտեսական և քաղաքական առումով յուրովի բլոկադայի մեջ է գտնվում, ինչու, որովհետև Հայաստանի կարծիքը շատ դեպքերում միջազգային հարթակում չեն ուզում տարբերեն Ռուսաստանի կարծիքից և, ցավոք, լինում են այնպիսի քվեարկություններ, որտեղ Հայաստանը նույն ցուցակում է Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:
Բնականաբար սա ոչինչ չտվող գործընթաց է և շատ պարզ իրողություն է, որ ՀՀ պետք է ջանք չխնայի, այդ թվում ԼՂ հիմնախնդրի լուծման և միջազգային հարթակում ԼՂ ճանաչման խնդրի իրացման համար, պետք է այս մեկուսացումից դուս գա: Հայաստանի Հանրապետության համար հրամայական է այսօր ձերբազատվել այս բլոկադայից, որը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն և կարծում եմ, որ օր օրի այդ մթնոլորտը կհասունանա: Էլ ինչ պետք է լինի, որ ՀՀ քաղաքական ուժերն ի վերջո հասկանան, որ ՀՀ անվտանգության երաշխավորը ՀՀ մարտունակ բանակն է և զարգացող տնտեսություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը:
Հաշվի առնելով որ մեկ տարի ժամկետով հետաձգվել է Ձեր ներկայացրած նախագիծը, արդյո՞ք նոր գործընթացներ սկսելու եք ԱԺ նոր նստաշրջանի ընթացքում:
Նախ մեկ տարի հետաձգել, չի նշանակում սպասել մեկ տարի՝ ցանկացած պահի ես կարող եմ դիմել և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կկայանա նիստ և այդ հարցը նորից կքննարկվի: Այս փուլում մենք բանակցությունների, մասնավոր զրույցների միջոցով պետք է բոլորին՝ նկատի ունեմ քվեարկողներին, քաղաքական ուժերին բերենք այն դաշտ, որ նրանք գիտակցաբար կքվեարկեն ՀՀ-ն այս բլոկադայից ազատելու օգտին: Ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում մենք կհասնենք ՀՀ պետական շահից բխող այս հիմնախնդրի հիմնովի լուծմանը:
Զրուցեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը