Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երրորդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամլո խոսնակ Սոնա Մինասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ազատ դեմոկրատներ կուսակցության ընտրական ծրագրին, ընրողներին ներկայացվելիք հիմնական ուղերձներին և ընտրարշավի հետ կապված քաղաքական և կազմակերպչական հարցերին։
Երկուստեք կարևորվել է ԱԺ ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը, ինչը կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և միջազգային վարկանիշի համար:
Դեսպան Ռիչարդ Մ․ Միլսն իր խոսքում շեշտել է, որ դեսպանատունը կարևորում է ընտրությունների անցկացման ազատ և թափանցիկ ընթացքը․ «Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուրախ եմ շարունակել հանդիպումների շարքը կուսակցությունների ու քաղաքական դաշինքների հետ: Մեր նպատակը մշտապես եղել է այն, որ օգնենք Հայաստանի կուսակցություններին մասնակից դառնալ այնպիսի ընտրական գործընթացի, որը նշանակալի քաղաքական բանավեճերի և լավատեղյակ քաղաքական ընտրության հնարավորություն է ապահովում հայ ընտրողների համար: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրարշավին և բաց չթողնել ապագան կերտելու այս հնարավորությունը»:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն