Tert.am կայքի զրուցակիցն է Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը
-Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Երեկ երկու երկրների նախագահները հանդիպեցին միմյանց հետ, շուտով Երևան է այցելելու նաև ՌԴ ԱԳ նախարարը: Ինչպե՞ս եք գնահատում ռազմավարական երկու դաշնակիցների համագործակցությունը:
– Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է բառացիորեն միայն թղթի վրա: Իսկ երեկվա միջոցառման մասին ասեմ, որ այն ինձ համար շոու էր, քան երկու ռազմավարական դաշնակից պետությունների նախագահների բարձր մակարդակի հանդիպում: Հայ-ռուսական վերջին 25 տարվա և ավելի համագործակցության զարգացման ամբողջ ասպեկտում Ռուսաստանը բաց չի թողել որևէ առիթ՝ ոտնահարելու հայկական պետական շահը: Սրանք լոկ խոսքեր չեն: 1997թ.-ի հայտնի պայմանագիրը, որը շատ քաղաքական գործիչներ որակեցին որպես հայ-ռուսական մեծ պայմանագիր, ինչն ինձ համար անընդունելի է, որովհետև այնտեղ կան Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմաններ, հստակ բովանդակություն ունի՝ կողմերը պետք է նպաստեն երկկողմ անվտանգությանը, խաղաղությանը:
Այս պայմանագրի 3-րդ կետի 3-րդ կետով հստակ գրված է, որ կողմերը պետք է նպաստեն անվտանգության ապահովմանը իրենց հնարավոր բոլոր միջոցներով: Այնինչ, մենք տեսնում ենք, թե ինչ արագ է ավելանում ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը: 5 միլիարդից ավել զենք է մատակարարված Ադրբեջան և այս գործարքը շարունակական բնույթ է կրում: Համարել սա ռազմավարական դաշնակցի գործողություն՝ անընդունելի է: ՀՀ պետական այրերը, քաղաքական գործիչները պարտավոր են ադեկվատ գտնվել ու վերջ տալ այս իմիտացիային, հասկանալ, որ չի կարելի այլևս աչքակապությամբ զբաղվել, հանրությանը ներկայացնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը` որպես ռազմավարական դաշնակիցներ հավասար հարթությունում են գործում: Իրականում դա այդպես չէ:
– Ինչպե՞ս վերջ տան:
– Ես նկատի ունեմ վերջացնեն այդ իմիտացիան, շոուները: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա քառօրյա պատերազմը, եթե չասեմ ամբողջովին ռուսական կողմի հրահրմամբ էր տեղի ունեցել, ապա առնվազն գոնե նրանց գիտությամբ էր սկսել: Քառօրյա պատերազմի ամբողջ ժամանակահատվածում ռուսական կողմը դրսևորում էր քար լռություն, բացառությամբ վերջին օրվա, երբ շտաբի պետերը հանդիպեցին միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ: Հայկական կողմին որևէ կերպ չէր զգուշացվել, որ պատրաստվում է լայնածավալ հարձակում, իսկ ռուսական կողմի համար դա ակնհայտ էր, որովհետև իրենք արբանյակային, հետախուզական դիտարկումներ են իրականացնում: Հիշեք, թե ինչ պահվածք էր դրսևորում այդ նույն ժամանակ ՀԱՊԿ-ը, որը ոչ ավել ոչ պակաս ռուսական իշխանություններին հարմարեցված կառույց է, ոչ թե անվտանգության համակարգ: Էլ ի՞նչ է մեզ պետք, որ մենք հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի համար միայն թղթի վրա է ձևակերպված որպես ռազմավարական գործընկեր:
– Ի՞նչ եք առաջարկում՝ խզե՞լ այդ պայմանագիրը, չեղարկե՞լ այն:
– Ես երբեք չեմ ասել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները զրոյացնի: Ես պնդում եմ, որ կան բոլոր անհրաժեշտ ու բավարար պայմանները, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն ռազմավարական, գործընկերային ու հավասարը հավասարի հետ: Թող որևէ մեկը չփորձի հակառակը ապացուցել, ասել, որ մեկը մեծ է, մեկը փոքր է, այն դեպքում, երբ 21-րդ դարն է և սահմաններն այլևս չեն գծագրվում աշխարհագրական առումով, հնարավորությունները չեն չափվում միայն ռազմական կարողություններով: Այս զարգացող աշխարհում ռուսական կողմնորոշումից կառչելն անթույլատրելի է Հայաստանի համար:
– Փաստորեն կարծում եք, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կան, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն ռազմավարական:
– Ինչո՞ւ եմ ասում, որ բոլոր պայմանները կան: Եթե շատ երկրների հետ, մասնավորապես Թուրքիայի հետ, մեր հարաբերությունների զարգացման տեսլականը, նախադրյալները չունեն այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, ապա Ռուսաստանի հետ նման հարթությունում չենք գտնվում: Ես նույն բանը կասեմ եվրոպական մի շարք երկրների համար, որ մենք չունենք այն անհրաժեշտ ու բավարար պոտենցիալը զարգացնել մեր հարաբերություններն այդ պետությունների հետ այն մակարդակի, ինչպիսին կարող է Ռուսաստանի հետ:
Եթե վերլուծենք, թե ինչ են տվել հայ-ռուսական հարաբերություններն այս տարիների ընթացքում, հստակ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ մտնելու գործընթացը մեզ համար ոչ թե հնարավորություն դարձավ, այլ՝ մարտահրավեր: Մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են այնպիսի գործիքներ, որոնք չեն տրվում ԵԱՏՄ-ում, Հայաստանը հնարավորություն չունի մաքսային և այլ դրույքաչափերի հետ կապված ինքնուրույն որոշում կայացնի, թե ինչպիսին դրանք պետք է լինեն:
Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանը մինչ այս պահը ունի սպառնող, չդադարեցված պատերազմ և գտնվելով ԵԱՏՄ կազմում երրորդ երկրներից զինտեխնիկա ու զինամթերք ձեռքբերելու համար պարտավոր է ավելացված արժեքի հարկից 18 տոկոս ավել վճարել: Հայաստանն, օրինակ` Չինաստանից ցանկացած զինտեխնիկա զենք ձեռքբերելու դեպքում 18 տոկոս ավել պետք է վճարի ու սա ահռելի գումար է մի պետության համար, որը պատերազմում է:
Մեկ այլ թիվ ասեմ. Հայաստանից 108 միլիոն դոլար հոսք է տեղի ունեցել դեպի Ռուսաստան՝ ի վնաս մեզ: Այս գումարով մենք կարող եինք 10 մարզերում ներդրումներ իրականացնել, վերանորոգել դպրոցներ, հիվանդանոցներ: Պատկերացրեք, թե մեզ համար դա ինչ ահռելի գումար է:
Հայ-ռուսական հարաբերություններն աստիճանաբար հասել են այն մակարդակին, որ Հայաստանը զրկվել է մի շարք ոլորտներում իր ինքնուրույն որոշումները կայացնելու հնարավորությունից: Ցավալիորեն, Հայաստանը արտաքին քաղաքական հարթակներում ընկալվում է որպես Ռուսաստանի կցորդ, և սա ցավով եմ ասում: Դրա ամենավառ ապացույցները ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկություններն են:
– Պարո՛ն Քոքոբելյան, ասացիք, որ մի շարք ոլորտներում Հայաստանը զրկվել է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, դարձել է Ռուսաստանի կցորդը, բայց եթե միաժամանակ կարծում եք, որ հարաբերությունները խզել պետք չէ, ապա ի՞նչ պետք է անել տվյալ իրավիճակում:
– Ես ասում եմ, որ Հայաստանը չպետք է խզի հնարավորությունները Ռուսաստանի հետ: Ես այն մարդն եմ եղել, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության փաստաթղթի դադարեցման նախագիծ եմ ներկայացրել Ազգային ժողով:
– Պե՞տք է խզել ռազմավարական դաշնակցության փաստաթուղթը:
– Ռազմավարական դաշնակցություն այսօր չկա: Այն ընդամենը թղթի վրա է, որովհետև Ռուսաստանը շարունակում է մեր հակառակորդին զինել: Հայաստանն ու Ռուսաստանը ժամ առաջ պետք է հաստատեն նոր հարաբերություններ հավասար պայմաններով ու գտնում եմ, որ Հայաստանի պետական ու քաղաքական գործիչները պետք է վերջ տան թվացյալ իմիտացիային և հստակ նշեն, որ Ռուսաստանը Հայաստանի հետ չի վարվում որպես ռազմավարական դաշնակից:
– Դուք տեսնո՞ւմ եք այլընտրանք Ռուսաստանին: Որևէ պետություն կամ կառույց կա՞, որը կարող է դառնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:
– Այո՛: Հայաստանը, ԵԱՏՄ անդամակցելով, սահմանափակեց Արցախի հիմնախնդրի լուծման շատ հնարավորություններ: Շատերը խոսում էին, որ դա արվում է անվտանգության բաղադրիչը մեծացնելու համար: Այնինչ, երբ դու դառնում ես որևէ երկրի ազդեցության տակ, ապա քաղաքակիրթ, զարգացող աշխարհում քեզ հետ կապված որոշումները կայացնում են այդ դիտանկյունից: Խոսքը, մասնավորապես Արցախի միջազգային ճանաչման ու Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման մասին է, որը սահմանափակվեց ԵԱՏՄ անդամակցությամբ: Ո՞րն է այլընտրանքը: Ես միշտ ասել եմ, որ այլընտրանքները հնարավորություն են և պետությունը պետք է օգտվի այդ հնարավորություններից: Այլընտրանքը հստակ է՝ Հայաստանը պետք է ինտեգրվի այսօրվա քաղաքակիրթ աշխարհին և այո, դա մեկ ժամվա գործ չէ:
– Նկատի ունե՞ք Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն:
– Այո: Հայաստանն ունի այդ այլընտրանքը: Ուզում եմ ցավով շեշտել, որ Ադրբեջանը չդառնալով ԵԱՏՄ անդամ, չդառնալով ռուսական արտաքին քաղաքական գործունեության կցորդը, ավելի շահեկան վիճակում է գտնվում, քան մենք: Ռուսաստանը տոտալ ճնշում է գործադրում Արցախի հիմնախնդրի լուծման հետ կապված և որքան էլ տարբեր նախարարներ, փոխնախարարներ հիմնավորեն, թե Լավրովը նման բան չասեց, դա այդպես չէ: Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հետևյալ տարբերակն է առաջարկում՝ տարածքների զիջում, Ադրբեջանին դեպի ռուսական կողմնորոշման ներգրավում: Այս փուլում չի քննարկվում նույնիսկ այն, որ Արցախի անկախությունը ճանաչվի: Հայ-ռուսական հարաբերությունները հետզհետե վերածվում են վասալային հարաբերությունների:
– Երբ խոսվում է այլընտրանքների մասին, հիմնական հակափաստարկն այն է, որ ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում: Դուք կարծում եք, որ մեզ սպասո՞ւմ են:
– Ոչ, ես չասացի, որ ՆԱՏՕ-ում մեզ սպասում են: ՆԱՏՕ անդամակցության գործընթացը երկարաժամկետ է՝ ստանդարտների հետ կապված, վառ օրինակը Վրաստանի դեպքն է:
Եթե ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հարցը չի լուծում, և դրա ապացույցը քառօրյա պատերազմն էր, ապա ավելի վտանգավոր և կործանարար են սին հույսերը՝ թե Ռուսաստանը պաշտպանելու է Հայաստանին ադրբեջանական ագրեսիայից: Հայաստանի և Արցախի անվտանգության առաջին երաշխավորը ոչ թե ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿՆ են, այլ զարգացող տնտեսություն և մարտունակ բանակ ունեցող ՀՀ-ն է: Կարծում եմ ակնհայտ է, որ առանց զարգացող տնտեսության մարտունակ բանակ հնարավոր չէ ունենալ:
-Մենք չե՞նք ունենա նոր հակառակորդ ի դեմս ՌԴ-ի:
Չեմ կարծում: Վրաստանի օրինակը կբերեմ, որը շատերի համար սառը ցնցուղ կլինի, իհարկե վրաց-ռուսական պատերազմ տեղի ունեցավ, բայց դիտարկենք այլ տեսանկյունից՝ թե ինչ հարաբերություններ ունեն այսօր Վրաստանն ու Ռուսաստանը՝ հավասարը հավասարի հետ: Այսօր Վրաստանում ռուս զբոսաշրջիկների քանակը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, վրացական շատ ապրանքատեսակներ՝ սկսած գինուց, ավելի լավ է ներկայացված ռուսական շուկայում, քան ԵԱՏՄ անդամ պետության Հայաստանի ապրանքատեսակները: Բայց այստեղ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը ամենամեծ կոմունիկացիոն հնարավորությունները ունի ԵՄ-ի հետ, խոսքը ամենամեծ շուկայի մասին է:
Եվ վերջապես ամենակարևոր խնդիրը, վստահ եմ , ՀՀ-ն իքնուրույն ի վիճակի չի լինելու պայքարել ռուսական այս կոշտ և տոտալ ճնշումներին: Պետք է խիստ գնահատակ և ճիշտ մոտեցում տրվի նաև միջազգային քաղաքակիրթ հանրության կողմից ի դեմս Արևմուտքի, իսկ Հայաստանը պետք է իրականացնի լրջագույն դիվանագիտական, քաղաքական և տնտեսական աշխատանքներ: Ընդհանրապես ինտեգրացիան կարևոր է, եթե ինտեգրվում ես առաջընթաց ապահովող միության, այլ ոչ թե քայլող և մարտնչող հետադիմության:
Պատրաստեց Տիգրանուհի Մարտիրոսյանը: