Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անրադարձել է Արցախյան հիմանխնդրին՝ մասնավորապես թե ի՞նչ է տվել Ռուսաստանը հակամարտության կարգավորմանը , նշելով, որ ՌԴ-ն Արցախյան կոնֆլիկտն օգտագործելով այս ընթացքում Ադրբեջանին վաճառել է համարյա 15 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ զենք, և դա դեռ այն է, ինչ հայտնի է:
«Դուք կարող եք նշել մեկ այլ երկիր, բացի Ռուսաստանից, որն Արցախյան հիմնախնդիրը որպես խաղաքարտ դարձնելով կարողանում է միլիարդներ վաստակել: Բառացիորեն Արցախյան հիմանխնդրի հաշվին Ռուսաստանն առնվազն տասնյակ միլիարդներից ավելի գումար է վաստակել, ես դա կգնահատեմ մինչև 30 միլիարդ»:
ԱԴԿ նախագահը ընդգծել է, որ Բաքու կատարած վերջին այցելության ժամանակ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ չէ Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. «Այս փուլում Ռուսաստանը Արցախյան հիմնախնդիրը փորձում է օգտագործել Ադրբեջանին ԵԱՏՄ քարշ տանելու, որը կարծում եմ չի հաջողվի տարբեր պատճառներով: Այստեղ կա նաև թուրքական գործոնը, ինչու ոչ նաև արևմտյանը, այսինքն միայն ռուսական շահով այստեղ ուղղակի հնարավոր չէ առաջնորդվել: Հայաստանը պետք է կարողանա ձերբազատվել ռուսական արտաքին քաղաքականության սպասարկուի դերից և դառնա ինքնուրույն խաղացող: Չեմ կարծում, որ կգտնվի գեթ մեկ պետական այր, ով կհամարձակվի գնալ «տարածքներ ոչինչի դիմաց» լուծման տարբերակին, որի մասին անթաքույց խոսում են թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական կողմը: Այս փուլում, եկեք արձանագրենք երկու կարևոր բան. առաջին՝ Արցախյան հիմնախնդիրը Ռուսաստանին հնարավորություն է տալիս միլիարդավոր դոլարներ աշխատելու, մի քանի տասնյակ արդեն վաստակել են: Երկրորդ՝ այս հիմնախնդիրը հնարավորություն է տալիս Ռուսաստանին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և թե՛ առհասարակ տարածաշրջանում իր տոտալ ազդեցությունը պահպանելու: Եվ այս իրավիճակում սպասել, որ ռուսական կողմը որևիցե կառուցողական մոտեցում է ցուցաբերելու առնվազն քաղաքական առումով համարում եմ կարճատեսություն»:
Դիտարկմանը, որ ԱլԳ հռչակագրի տեքստում հակահայկական դրույթներ կան, մասնավորապես, տարածքային ամբողջականության դրույթն է ամրագրված, Քոքոբելյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ այդ հռչակագրի տեքստում ընդգծված հակահայկական դրույթներ կան։ Առաջին անգամ չէ, որ միջազգային փաստաթղթերում խոսվում է տարածքային ամբողջականության մասին։ Ու երբ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, միևնույն հարթության վրա է դրվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այդ պարագայում դա ընկալելի է դիտվում։ Իհարկե, մենք այդ համատեքստում հաշվի ենք առնում արցախյան հիմնախնդիրը։ Մեր խնդիրը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը, իսկ դա բառացիորեն սևեռված է ազգերի ինքնորոշման դրույթի վրա։ Աշխարհում որևէ միջազգային փաստաթուղթ կամ միջազգային նորմ չկա, որը ազգերի ինքնորոշումը ստորադասի տարածքային ամբողջականությանը։ Ես կարևոր եմ համարում, որ երբ ադրբեջանցիները կամ մեր ընդդիմախոսները փորձում են խոսել տարածքային ամբողջականությունից, պետք է հիշեցնել, որ Ադրբեջանը որպես պետություն կազմավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, իսկ այդ ժամանակ Արցախն այլևս չէր գտնվում իր կազմում։ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է եղել, քան Ադրբեջանի անկախացումը»,- ընդգծել է Քոքոբելյանը։
Նրա խոսքով՝ այլ կլիներ իրավիճակը, եթե ԱլԳ հռչակագրում բացակայեր ազգերի ինքնորոշման դրույթը .«Այդ պարագայում վտանգավոր կլիներ փաստաթուղթը։ Ցավով, պետք է նշեմ, որ Հայաստանի կողմից տարբեր փաստաթղթեր են վավերացվել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ստամբուլյան խարտիան, որտեղ Հայաստանը առանց որևէ դիտողության ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ես չեմ ուզենա, որ սա դառնա կռվախնձոր, որովհետև այն ժամանակ շատ էր խոսվում նաև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Բոլոր միջազգային փաստաթղթերում, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, Հայաստանը պարտավոր է իր դիտողությունները ներկայացնել։ Իսկ ԱլԳ փաստաթղթում Հայաստանը հնարավորություն ունի նաև իր կից կարծիքը հայտնելու, որը ամրագրվելու է փաստաթղթում»։
Խաչատուր Քոքոբելյանը նկատել է, որ շատերը, որոնք չեն առաջնորդվում հայաստանանպաստ կամ արցախանպաստ կողմնորոշմամբ, կցանկանան, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը այդ փաստաթղթում չլինի. «Նման շատ փորձեր արվեցին, սակայն դրանք արդյունք չտվեցին։ Նաև բնական է, որ շատերը չեն ցանկանա, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը, բայց ի հեճուկս նրանց, Հայաստանի թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է ջանք չխնայեն, որ Հայաստանը այդ փաստաթուղթը նոյեմբերի 24-ին ստորագրի։ Ես համարում եմ, որ սա Հայաստանի համար վերջին շանսն է՝ դուրս չմնալ միջազգային կարևորագույն գործընթացներից»։
Նրա ներկայացմամբ, ցավոք, Հայաստանում շատ-շատ քաղաքական ուժեր կաշկանդված են ռուսական կողմնորոշումով. «Նույնիսկ երբեմն, երբ այդ ուժերի ներկայացուցիչների կողմից հայտարարություններ եմ լսում, տպավորություն է, որ այդ հայտարարությունները ռուսական շուկայի համար են՝ այլ ոչ ՀՀ քաղաքական շահը սպասարկելու»։
Պատրաստեց Սիրանույշ Պապյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: