«Ակնհայտ է, որ ոչ թե Ռուսաստանը չխոչնդոտեց, այլ Արևմուտքը Հայաստանին ճախարակով տարավ դեպի համաձայնագրի ստորագրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ընդգծելով՝
«Շատ է խոսվում, որ Ռուսաստանը չխոչնդոտեց համաձայնագրի ստորագրմանը, չեմ կիսում այդ կարծիքը, ավելին՝ դա իր հոժար կամքով չարեց, այլ ուղղակի Արևմուտքին հաջողեց ռուսական ճնշումները բավարար աստիճանի կասեցնել, որպեսզի Հայաստանը կարողանա համաձայնագրի իրավատերը դառնալ: Պետք է շնորհակալ լինենք մեր արևմտյան գործընկերներին՝ ելնելով և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ԵՄ շահերից, հաշվի չառնելով բազմաթիվ հարցեր, Հայաստանին բառացիորեն ճախարակի օգնությամբ տարան դեպի համաձայնագրի ստորագրման, և այս իրավիճակը պարտադրում է ի կատար ածել համաձայնագրի բոլոր դրույթները, և հավատացնում եմ, որ Հայաստանը հետզհետե կկատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները»:
Խոսելով համաձայնագրի շուրջ քաղաքական ուժերի հնարավոր միավորմանը՝ ԱԴԿ նախագահը ասել է. «Արհեստական գործընթաց եմ համարում։ Գուցե ոմանք անկեղծորեն հավատում են կամ ցանկանում են, որ այդպես լինի, բայց ես հավաստիացնում եմ՝ սա հերթական իմիտացիոն գործընթացն է. ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այն թեզը, որ սա կարող է ընդիմադիր դաշտի միավորման առիթ հանդիսանալ, խիստ արհեստական է, սա քաղաքական կարևորագույն օրակարգի բացը լրացնելու իմիտացիա է։ Եթե իշխանությունն ինչ-որ տեղ կարող է իր ռեսուրսներից ելնելով իրեն թույլ տալ իմիտացիայով զբաղվել, ապա ընդդիմությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող։ Այս քաղաքական դաշտի «տունը քանդում են» հենց իմիտացիոն գործընթացները:
Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես ընդիմությունը, երկու հիմնական խնդիր ունի. առաջինը՝ պաթոսով ներկայանալու և հայրենասիրական ճառերի ետևում իրական մոտեցումները թաքցնելն է, մյուսը՝ իմիտացիոն գործընթացներ ստեղծելու գործընթացն է: Բազմիցս նշել եմ, որ Հայաստանում քաղաքական դաշտը կայացման լուրջ խնդիրներ ունի, և չկայացման պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանությանը հաջողում է իր արբանյակների և խոսափողների միջոցով ստեղծել քաղաքական արհեստական օրակարգեր և իմիտացիոն գործընթացներ: Այդ իսկ պատճառով խիստ անլուրջ եմ համարում այդ գաղափարը: Իհարկե պետք է նշեմ, որ ցանկացած կարևորագույն հարցի շուրջ կարելի է ընդհանուր հայտարարի գալ, և ավելին՝ ազգային հարցերի շուրջ, ի դեպ, ես դա հասկանում եմ պետական մարտահրավերները, օրինակ՝ Արցախյան հիմնահարցի լուծման համար պետք է ունենալ հավասարակշռված դատողություն և պետականամետ մոտեցում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Պատրաստեց՝ Մարիամ Գրիգորյանը