Այսօր տեղի է ունեցել Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության խնդրին։
Ամփոփելով կուսակցության վարչության նախորդ նիստերի և կուսակցության Երևանի տարածքային կառույցների հետ անցկացված քննարկումները, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ հաշվի առնելով ներքոնշյալ հանգամանքները․
Երևանի ավագանու ընտրությունները, որը թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում կայանալիք առաջին ընտրական գործընթացն է և փաստացիորեն նախորդելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, մեր գնահատմամբ ընթանալու է բոլորովին այլ քաղաքական տրամաբանության շրջանակներում և դրա քաղաքական նշանակությունն էլ այլ է լինելու։ Ստեղծված իրավիճակում այդ ընտրությունները Հայասանում սկիզբ առած փոփոխությունների ընթացքի մի մասն են, սակայն այս ընտրություններով չէ, որ հանգուցալուծվելու է Հայաստանում իշխանափոխության գործընթացը։
Աջակցելով մեր երկրում սկսված փոփոխություններին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը համարում է, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիների իշխանության հաստատման համար ամենակարևոր քաղաքական գործընթացը լինելու է առաջիկայում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները, որի ընթացքն ու արդյունքներն են դառնալու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտ երաշխիքը։
Ուստի, հաջողություն մաղթելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն հայտարարում է, որ կենտրոնացնելով իր ողջ ներուժը՝ սկսում է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրություններին և առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով և ՀՀ քաղաքացիներին կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։
Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
28 օգոստոսի, 2018թ․
ք․ Երևան