ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ընդհանուր դրույթներ
«ՄԵՆՔ» դաշինքի նախընտրական ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով 2018թ. համաժողովրդական շարժման հաղթանակի արդյունքում երկրում ստեղծված նոր իրողությունները, որոնք համակողմանի նախադրյալներ և իրական հնարավորություն են ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքների արմատավորման և լայնածավալ համակարգային բարեփոխումների ոչ միայն պլանավորման, այլև գործնականում դրանց իրականացման համար:
Ծրագրում կիրառվել է ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման մեթոդը, ինչը հնարավորություն է տվել դրանում ներառել պետության և հասարակության առջև ծառացած իրական և առաջնահերթ խնդիրները և առաջարկել դրանց գործուն լուծումներ: Կարևորվել է գլոբալ և տարածաշրջանային արդի գործընթացների ու մարտահրավերներիադեկվատ ըմբռնման, դրանց արագ արձագանքելու ու համապատասխան գործելակերպ դրսևորելու հրամայականը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ընտանիքի լիիրավ, գործունակ և զարգացած անդամ լինելու անհրաժեշտությունը:
Ակնհայտ է, որ աշխարհագրական ու քաղաքակրթական պատկանելությամբ, հայ ժողովրդի՝ դեպի ազատություն և անկախություն բազմադարյա գերագույն ձգտումով պայմանավորված՝ Հայաստանի տեղը համաեվրոպական ընտանիքն է, իսկ պետականության մոդելը՝ հայկական ինքնությամբ այնպիսի հզոր պետությունը, որտեղ մարդու կյանքը, աշխատանքը և ծերությունը արժանապատիվ ու բարեկեցիկ է, ընտրությունը և իրավունքները հարգվում են, որտեղ ամեն ինչ արվում է հանուն մարդու և նրա ապահովության: Նման անվտանգ, կայուն ու ներդաշնակ զարգացման միջավայրի ապահովումը, ի թիվս այլնի, պահանջում է Հայաստանի ներքին ու արտաքին բազմաթիվ հին ու նոր խնդիրների լուծմանն ուղղված թիրախավորված և արդյունավետ ծրագրեր, խելամիտ և առաջադիմական օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ի վիճակի է առաջարկել և իրականացնել գաղափարական, ներառական և քաղաքացիակենտրոն«ՄԵՆՔ» դաշինքը՝ իր մտավոր ներուժի և բարձր մասնագիտական կարողություններով թիմի շնորհիվ:
«ՄԵՆՔ» դաշինքի լայն կոնսոլիդացված թիմը փաստում է, որ չնայած Կառավարության՝ փոփոխություների և իրավիճակի բարելավման համար մինչ այժմ գործադրած լավագույն ջանքերին, երկրում ահագնացած է աղքատությունն ու գործազրկությունը, մարզերի անհամաչափ զարգացումն ու ծանր սոցիալական պայմանները, խիստ անարդյունավետ հանրային կառավարումը, ազատ տնտեսական զարգացման խոչընդոտներն ու ստվերի, մենաշնորհների անբարենպաստ հետևանքները, սոցիալական ու ժողովրդագրական ճգնաժամը, կրթության անբավարար որակը և առողջապահության ոլորտի խորքային խնդիրները, արդարության խիստ պակասը և անարդյունավետ արդարադատության համակարգի խնդիրները: Բացի այդ, տարածաշրջանային արդի մարտահրավերներին զուգընթաց՝ պետության դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու խիստ անհրաժեշտություն կա. աճել է նաև ազգային անվտանգության խոցելիությունը, ինչի հետևանքով երկրի կախվածությունն ու մեկուսացումն օրեցօր մեծանում է:
Ապավինելով ՀՀ քաղաքացիների հավաքական ուժին՝ մենք համոզված ենք, որ հիշատակված խնդիրների լուծումը միանգամայն իրատեսական է ինտելեկտուալ և պոտենցիալով անհատներից կազմված թիմի և կենսունակ ծրագրի իրագործման արդյունքում:
«ՄԵՆՔ» դաշինքի հիմնական կարգախոսներն են՝ «Առաջինը՝ ՀԱՅԱՍՏԱ՛Ն», «Կրթություն, աշխատանք, բարեկեցություն», «Ապագային պատրա՛ստ Հայաստան», «Փորձառություն. արհեստավարժություն. արդյունավետություն», «Բոլորի համար արժանապատիվ աշխատանք», «Կայունություն, անվտանգություն, բարեկեցություն», «Ինքնավստա՛հ երկիր», «Հայաստանը՝ ուղեղների կենտրոն»:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծրագրի ընդհանուր նպատակն է արևմտյան մոդելի ժողովրդավարական, իրավական, անվտանգ, ինքնավստահ, ապագային պատրաստ, բարեկեցիկ ու երջանիկ պետության կայացումը: Դա մեծապես հնարավոր է՝
➢ առողջ և շարժունակ մարդկային կապիտալի հզորացման,
➢ բաց, մրցունակ, արդյունավետ և համընդգրկուն տնտեսության զարգացման,
➢ թվային դարաշրջանի մարտահրավերներին արագ արձագանքելու ունակության,
➢ գործուն անվտանգության համակարգերի ներդրման,
➢ բնական և սոցիալական կապիտալների զարգացման ու արդյունավետ ներազդման ապահովման,
➢խաղաղ և ներառական հասարակության կայացման, արդյունավետ քաղաքացիական մասնակցության ապահովման,
➢բոլոր մակարդակներում արդյունավետ և հաշվետու հանրային կառավարման հաստատման,
➢ բոլորին հասանելի արդարադատության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգման և դրանց արդյունավետ պաշտպանության ապահովման,
➢արդար դատարանների և արդյունավետ դատական իշխանության ի վերջո կայացման,
➢ կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ և հանրության առջև հաշվետու պետական համակարգի կայացման,
➢ մարդը որպես բարձրագույն արժեք սահմանադրական նորմի գործնականում իրացման ապահովման,
➢ավելի արդար, իրավահավասար, կայուն և անվտանգ աշխարհի կառուցմանը ներդրում ունենալու միջոցով:
«ՄԵՆՔ» դաշինքի Ծրագրի գաղափարական դրույթները շարադրված են հետևյալ հիմնական ուղղություններով՝
1.ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանություն և բանակի արդիականացում
Աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակի. Բանակի արդիականացման հայեցակարգի կարևորագույն տարր պետք է լինի աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակին՝ հաշվի առնելով առանձնահատկություններով ու միջավայրով Հայաստանին նման պետությունների փորձը:
Հայկական զինված ուժերի համապատասխանեցում ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ շեշտակի բարձրացնելով նրա կարողություններն ու մարտունակությունը, այդ թվում՝ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցության ճանապարհով:
Պաշտպանության ոլորտի սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձերի 25 % ավելացում և արցախյան ազատամարտի մասնակիցների համար սոցիալական արտոնություններն ու կենսական հանրային ծառայությունների մատչելիություն:
Պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետություն և գործընթացների թափանցիկություն. Վերանայել և առավելագույնս վերահսկելի դարձնել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը՝ բացառելով յուրացումները, չարաշահումները և կոռուպցիոն գործարքները:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերականգնում:
Զինված ուժերում տեղի ունեցած հանցագործությունների լիարժեք բացահայտում, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում զինվորների և սպաների մահվան հանգամանքները, ինչպես նաև անցկացնել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումների ու սխալների բազմակողմանի, համալիր և թափանցիկ հետաքննություն:
Բանակ-հասարակություն կապի զարգացում, այդ թվում՝ ուժեղացնելով զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը:
Սպառազինությունների ձեռքբերման հայեցակարգի վերանայում՝ շեշտը դնելով ռազմավարական զինատեսակների ձեռքբերման կամ Հայաստանում համատեղ արտադրության վրա, այդ թվում՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրներից ու նրանց հետ:
ՀԱՊԿ շրջանակներում ընդունված մի շարք բազմակողմ պայմանագրերի վերանայում, որոնք վավերացվել են առանց Հայաստանի համար կենսական ու անվտանգության զգայուն խնդիրներով փոխադարձ շահերը բազմակողմանիորեն հարգելու ու վտանգները չեզոքացնելու մասին վավերապայմանների:
Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ու ինքնիշխանությունը արգելափակող խոչընդոտների վերանայում՝ անվտանգության ոլորտում Հայաստանի և այլ՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրների հետ:
Ռազմաարդունաբերական համալիրի ստեղծում՝ այդ թվում առաջատար երկրների հետ համատեղ նախագծեր կյանքի կոչելով:
Ազգային և պետական շահի վրա հիմնված, Հայաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնմանը նպաստող արտաքին քաղաքականություն
Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցություն: Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական: Նույնատիպ ռազմավարական նպատակ հետապնդող երկրների հետ Հայաստանի սերտ և փոխհարգալից համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:
Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, փոխշահավետ և իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների զարգացում: Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության, իրավահավասարության, շահերը փոխադարձաբար հարգելու ու բավարարելու սկզբունքների հիման վրա: Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները մշտապես կառուցված են եղել երկկողմ ձևաչափով, հետևաբար, դրանք պետք է տարանջատել ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ հարաբերություններից: Ակնհայտ է, որ ԱՊՀ, ինչպես նաև այլ տարածաշրջաններում առացքային երկրների (Կանադա, լատինական Ամերիկայի երկրներ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, արաբական աշխարհի երկրներ և այլն) հետ երկկողմ ձևաչափով հարաբերությունները չիրացված մեծ ներուժ ունեն:
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար անարդյունավետ կառույց է: ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր, պետք է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները և Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում տանել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն: ԵԱՏՄ անդամակցության այս ընթացքն էլ ապացուցել է, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար անարդյունավետ միավոր է, քանզի հնարավորություններ ստեղծելու փոխարեն խոչընդոտներ և սահմանափակումներ է առաջացնում, մասնավորապես՝ երկրի անվտանգության, զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով փոխշահավետության հիմքով այլ ուժային կենտրոնների, պետությունների և կազմակերպությունների հետ հարաբերություններում: Բացի այդ, ԵԱՏՄ անդամակցության տարիների ընթացքում վատթարացրել են Հայաստանի ցուցանիշները մի շարք բնագավառներում, այդ թվում՝
Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ՝ էականորեն նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները․ եթե 2014թ․ Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016թ․, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, ընդամենը 10,7 միլիարդ: Նվազել են նաև Հայաստանի արտաքին պահուստները․ եթե 2014թ․ դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից:
Էլ ավելի մեծ անկում է ապրել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը։ 2014-ի համեմատ 2016թ․ ներմուծումը պակասել է 28%-ով: Արտահանումը նույն ժամանակաշրջանում աճել է 16 տոկոսով, որը սակայն ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման, այլ Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման։ Եթե արտահանման ծավալներից հանենք «թուրքական հոսքը», ապա կարելի է պնդել, որ այն նույնպես անկում է ապրել: Փոխարենը աճել է Հայաստանի պետական պարտքը․ եթե երկու տարի առաջ պետական պարտքը 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա այժմ այն ավելացել է 26%-ով՝ հասնելով 5,6 միլիարդ ԱՄՆ դոլարի: 2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը 6,7 մլրդ դոլար է: 2016 թվականի համեմատ այն աճել է 5 մլն դոլարով կամ 12%-ով:
ԵԱՏՄ անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։ ԵԱՏՄ անդամ-պետություններից Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մատակարարվող զենքի քանակով առաջատարն է՝ Ադրբեջանն իր սպառազինության 80%-ը ձեռք է բերում ՌԴ-ից, երկրորդ տեղում ԵԱՏՄ անդամ Բելառուսն է։
ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերի վերանայում, հասնելով նրան, որ ընդունվեն դրանց լրացուցիչ արձանագրություններ՝ երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հայ-ռուսական միացյալ զորամիավորումն ու միացյալ հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է իրենց կենսունակությունն ապացուցեն ու ապահովեն Հայաստանի սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունը կանխելու, ագրեսիայի փորձ կատարող հարևանին խաղաղություն պարտադրելու համար:
Հայ-ամերիկյան առավել խորը, կայուն և հեռանկարային հարաբերությունների կայացում և ռազմավարական փոխգործակցության ավելի բարձր մակարդակի հաստատում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է շարունակական բարելավման և ամուր գործընկերային բնույթ կրեն, ի թիվս այլնի՝ ներառելով տնտեսական փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումն ու այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությունը, միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ շարունակական ներդրումը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի վերապատրաստման լրացուցիչ ձևաչափերի կիրառումը:
Երկկողմ տնտեսական կապերի կայուն ամրապնդման նպատակով առաջնային է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ինչը նաև մի շարք գործոններից մեկն է, որը կնպաստի Հայաստանում ամերիկյան բիզնեսի գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Խիստ կարևոր է նաև անհրաժեշտ հիմքերի ստեղծումը Հազարամյակի մարտահրավերներ գրասենյակի հայաստանյան ծրագրի վերամեկնարկի, ինչպես նաև համագործակցային հավակնոտ նոր ձևաչափերի ստեղծման ու արդյունավետ կիրառման համար: Նորարարությունը ևս հեռանկարային համագործակցության ոլորտներից է, որտեղ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունը պետք է հասցնել նոր, առավել բարձր մակարդակի:
ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտի համագործակցությունը մեր անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչներից է: Պաշտպանական ոլորտում առաջնային է ամուր գործընկերային հարաբերությունների ծավալումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ (այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում) հարթություններում: Այս ոլորտի համագործակցության փոխադարձ կարևորության բաղադրիչ է խաղաղապահ ուժերի վերապատրաստումը: Միաժամանակ, միջազգային խնդիրների կարգավորման հարցում դրական ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամության տեսանկյունից ևս Հայաստանը կարող է հանդես գալ նախաձեռնություններով:
Հայ-ամերիկյան համագործակցային շրջանակների առավել հստակեցման ու ընդլայնման տեսանկյունից առաջնային է ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ սփյուռքի ներուժի ըստ արժանվույն գնահատումը և փոխգործակցության մեխանիզմների ստեղծումը, այդ թվում՝ ամերիկյան ներդրումային ծրագրերի խթանման միջոցով: Հայ-ամերիկյան փոխլրացնող ու փոխշահավետ գործակցությունը պետք է հասցնել հնարավոր բարձր մակարդակի:
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացում և ընդլայնում, ինչը կարևոր է միջազգային, տարածաշրջանային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքական կշռի և անվտանգության մակարդակի բարձրացման, հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու առումներով՝ այդ կառույցին անդամակցությունը որպես հեռահար նպատակ ունենալով։
Իրան-Հայաստան բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունների զարգացում: Իրանը Հայաստանի համար ոչ միայն հուսալի հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր է, այլ նաև ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր:
Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացում և ընդլայնում: Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել։
Խաղաղություն և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ. Տարածաշրջանում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի խնդիրներն ու վեճերը խաղաղ բանակցություններով, իր ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության ու միջազգային իրավունքին համահունչ լուծելու սկզբունքներով: Հարևանների հետ խաղաղության հաստատման գին չի կարող լինել նրանց հարուցած սպառնալիքների ու վտանգների ներքո ազգային իրավունքներից ու ինքնիշխանությունից հրաժարումը: Խաղաղություն պետք է ապահովվի ու պահպանվի նախևառաջ քաղաքական մեթոդներով և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուժի պարտադրանքով, երբ նախահարձակ ոտնձգություն է իրականացվում և քաղաքական միջոցներն այլևս սպառված են:
Հայաստանի կողմից Ադրբեջանին զսպելու բազմամակարդակ քաղաքականության գործարկում. Ադրբեջանի հետևողական ու անշեղ սպառազինումը, նախկինում հակամարտության կարգավորման բոլոր տարբերակների մերժումը, բանակցություններով ու խաղաղ եղանակով հակամարտության լուծումը մերժելը, հայատյացության՝ պետական մակարդակի բարձրացված քարոզչությունը, հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներն ու լոկալ պատերազմի սանձազերծումն 2016թ. ապրիլին և դրա մտադրությունն այժմ ու մոտ ապագայում, հրատապ է դարձնում Հայաստանի կողմից զսպման բազմամակարդակ քաղաքականության գործարկումը: Այն ենթադրում է առաջնահերթության կարգով.
Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:
ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնում, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառում:
2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության պահանջ, պատերազմի ու մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցում:
Այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացման պոտենցիալի լիարժեք օգտագործում: Արցախյան ու Հայոց ցեղասպանության խնդրով պայմանավորված Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը, որի նպատակը Հայաստանի զարգացումը ետ գցելն է, եթե անգամ դժվար է ճեղքել, ապա այն պետք է արժեզրկել՝ Հայաստանի ու Արցախի հզորացման այլ ուղղություններ զարգացնելով. այդ առումով իրանական ու վրացական ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանից դուրս այլ պետությունների հետ հարաբերություններում առկա ներուժը Հայաստանի կողմից ամբողջությամբ իրացված չէ:
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթակա չէ որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում: Երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներին եւ անկաշկանդ երկխոսությանն ուղղված միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշումից։
Ազատ, ժողովրդավար և ինտեգրված Արցախ
Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է:
Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում: Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման իրավունքն անքակտելի է, դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի և անբեկանելի:
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Արցախի Հանրապետությունը բավարարում է որևէ ազգ-պետության ներկայացվող միջազգային չափանիշներին և արժանի է միջազգային ճանաչման, և եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, ոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը:
Արցախի խնդրի բանակցային գործընթացը պետք է ընթանա բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թթ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում:
Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Արցախի Հանրապետության իշխանությունները նրա բնակչության կամքի օրինական ներկայացուցիչներն են թե՛ ներքին կյանքը ժողովրդավարության միջազգային չափանիշներով կառավարելիս ու որոշումներ ընդունելիս, թե՛ միջպետական հարաբերություններ հաստատելիս և նրա անվտանգությանն ու ապագային վերաբերող բանակցություններ վարելիս: Արցախի իշխանությունների այդ մանդատը նույնպես չի կարող ենթակա լինել որևէ պետության, առավել ևս Ադրբեջանի քաղաքական կամքին: Որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:
Հայաստանի հետ Արցախի սերտ ինտեգրում, ռազմական փոխօգնության պայմանագրի կնքում: Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական են: Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարքետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը և իրականացմանը։ ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերում Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների համար կսահմանվեն պարտադիր քվոտաներ։ Խրախուսել, որպեսզի կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) գրասենյակներ հիմնեն Արցախում: Զարգացնել ներքին զբոսաշրջությունը՝ հատկապես սուբսիդավորելով աճող սերնդի այցելությունները դեպի Արցախ։
Արցախյան հակամարտության հետևանքների վերացում: Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ ու փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով:
Արցախի ինտեգրումը միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին: Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին:
Ներքին անվտանգություն
Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձանց գաղտնազերծում (լյուստրացիա): Լյուստրացիան ներկայիս հրամայականն է՝ երկրի անվտանգության ու պաշտպանության, տնտեսության և էներգետիկայի, արտաքին ու ներքին քաղաքականությունների կարևորագույն հարցերով ընդունվող որոշումների վրա արտաքին ազդեցություններն ու ճնշումները բացառելու նպատակով:
Պարենային, Էներգետիկ, սոցիալական և այլ ոլորտներում անվտանգության առումով երկրի ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովում: Երկրի ինքնիշխանության տնտեսական խոչընդոտները կարող են վերանալ, երբ պետությունը պարենային, էներգետիկ, սոցիալական ու այլ անվտանգությունների առումով ունի ինքնաբավության նվազագույն մակարդակ, այդ բնագավառներում ինքնիշխան նպատակներ հետապնդելու կամք և վճռականություն, իսկ քաղաքացին էլ ապրում է բարեկեցիկ կյանքով, այլ ոչ թե անզոր ու անպաշտպան է կենսական հանրային ծառայություններ (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, տրանսպորտային փոխադրումներ և այլն) մատուցող օտարերկրյա ընկերությունների կամայական “սակագնային” շանտաժներին, մենաշնորհային ու գերշահութ ստանալու քաղաքականությանը դեմ հանդիման:
2.ՄՐՑՈՒՆԱԿ, ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մրցունակ տնտեսության քաղաքականության առաջնահերթություններ
Փոքր և միջին բիզնեսի զարգացումն ապահովելու և վարչարարությունն էապես նվազեցնելու նպատակով մինչև 50 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար սահմանել տարեկան 10.000 դրամ սիմվոլիկ հարկ, 50-200 մլն. շրջանառության դեպքում՝ 5 տոկոս, իսկ 200-500 մլն.-ի դեպքում 7-9 տոկոս շրջանառության հարկ՝ ըստ ոլորտների:
Ներդրումների էական խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ 5 տարի ժամկետով շահութահարկի վճարումից ազատել բոլոր այն ներդրողներին, ովքեր 10 մլն դոլար և ավելի ներդրումներ կկատարեն Հայաստանում և կստեղծեն 100 և ավելի աշխատատեղեր:
Վերամշակման գործունեության ծավալումը և նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով՝ արգելել հանքահումքային արդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում հումքի արտահանումը՝ 2024 թվականից սկսած: Նույնիսկ չափազանց մեծ ռեսուրսային հնարավորություններ ունեցող երկրներն իրենց թույլ չեն տալիս հումքի ուղղակի արտահանում այն պարագայում, երբ երկրում առկա է դրանց նկատմամբ պահանջարկ և իրացման լայն հնարավորություններ: Առավել ևս Հայաստանի պարագայում հումքային ապրանքների արտահանումը չի կարող նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Դա նշանակում է, որ պետք է հրաժարվել արտահանման այս ուղղությունից, սակայն պետք է հաշվի առնել, որ չարտահանված հումքային ռեսուրսներով անհրաժեշտ է տեղում պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն նախաձեռնել՝ խրախուսելով վերամշակման գործարանների ստեղծումը և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը խթանելու և նորարարությունը խրախուսելու նպատակով՝ գյուղատնտեսության, բժշկության, արդյունաբերության և այլ ոլորտներում կիրառվող տեխնիկական, տեխնոլգիական և այլ սարքավորումների, տրանսպորտային միջոցների (բացի մարդատար ավտոմեքենաներից) ներմուծումն ազատել ԱԱՀ-ից:
Տարածքային համաչափ զարգացման տեսլականը կյանքի կոչելու, համայնքների դերը բարձրացնելու, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով՝ համայնքի վարչական տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների վճարած շահութահարկից 10%-ի չափով (հետագայում ավելացնելու միտումով) հատկացնել համայնքային բյուջեին: Սա նաև կբեռնաթափի մայրաքաղաքում բիզնեսի խիստ կենտրոնացումը:
Խիստ գնային վերահսկողություն սահմանել առաջին անհրաժեշտության կենսաապահովման ապրանքների (հաց, մսամթերք, կարտոֆիլ, մրգեր, բանջարեղեն, շաքար, կաթնամթերք, ձու, բուսական յուղ, ձուկ, մարգարին և այլ) նկատմամբ՝ բացառելով անհիմն գնաճը: Միաժամանակ, լուծել սպառման շուկաների, վաճառքի ցանցերի գերկենտորնացվածության խնդիրը՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի օրենսդրության էական փոփոխության և այլ արդյունավետ գործիքների կիրառման միջոցով:
Ավարտել, 3 տարվա ընթացքում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների բարեկարգումը: Ճանապարհային շինարարության մեջ միջոցներ ներգրավել սփյուռքից ստացված գումարներից (շուրջ 1.5 մլրդ դոլար, որից 500 միլիոնը՝ ՀՀ Կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից), պետական վարկային միջոցներից (300 մլն դոլար), երաշխքիներից (600 մլն դոլար) և մասնավոր ներդրողներից (600 մլն դոլար):
ՏՏ ոլորտի պետական օժանդակության ամրապնդում՝ երկարաձգել այս ոլորտի հարկային արտոնությունները: Պետության արտահանման խրախուսման, հարկային արտոնությունների, արտադրանքի սուբսիդավորման քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև դեղագործության, ինովացիոն և բարձր տեխնոլոգիական արտադրանքների, ռազմական տեխնիկայի, ոչ ավանդական էներգետիկայի բազային տարրերի, գյուղմթերքների ու սննդարդյունաբերության ապրանքների արտադրությանն ու արտահանմանը։
Ինովացիոն կենտրոնների և լաբորատորիաների ստեղծում Հայաստանում և Արցախում: 2019-2021թթ. Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում հիմնել առնվազն 2 տասնյակ ինովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ, մարզերում բացել գործարարության աջակցության կենտրոններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորութուն տալով 2 տարի, առանց որևէ վճարման այդ կառույցներում զարգացնել իրենց ինովացիոն ձեռնարկատիրական ծրագրերը:
Ազգային ավիափոխադրող ունենալը ոչ միայն տնտեսական անհրաժեշտություն է, այլև ազգային անվտանգության խնդիր, ուստի անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել ազգային ավիափոխադրող ունենալու ուղղությամբ: Անհրաժեշտ է ստեղծել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման իրավական և ինստիոտւցիոնալ նախադրյալներ:
ԵՄ հետ «Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագրի ստորագրում՝ որպես լիիրավ անդամ Եվրոպական էներգետիկ համայնքին անդամակցելու նպատակով:
Սփյուռքի տնօրինած կապիտալի Հայաստան ուղղորդում: Տարբեր հաշվարկներով՝ խոսքը 440-450 մլրդ ԱՄՆ դոլարի մասին է, որը կարող է Հայաստանի տնտեսություն ուղղորդվել այդ նպատակով պետության մասնակցությամբ հատուկ հիմնադրամի միջոցով:
Հանքահումքային արդյունաբերությունը վերածել հումքի ավարտական մշակմամբ արդյունաբերության:
Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման հայեցակարգի մշակում և հետևողական իրականացում:
Ինովացիոն գյուղատնտեսություն
Կայուն օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրերի խրախուսում և օժանդակում: Անհրաժեշտ է խրախուսել փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեությունը: Այլընտրանքային գյուղատնտեսության այս ուղղության նպատակը հողի բերրիության բարձրացումն ու պահպանումն է, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ագրոէկոհամակարգերում նյութերի շրջանառության ակտիվացումը և, ի վերջո, բարձրորակ գյուղատնտեսական ապրանքի արտադրությունը:
Հողի որակի և կառավարման բարելավում: Ոռոգման բարելավում։ Ոչ ճիշտ ագրոտեխնիկայի կիրառման և հողապաշտպան միջոցառումների բացակայության պատճառով հողերը այս կամ այն չափով վնասված են: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հողերի որակի և կառավարման բարելավման ուղղությամբ: Պետք է բարելավվի նաև ջրատարների վիճակը, արդիականացվի ջրման տեխնիկան՝ անցնելով կաթիլային ոռոգման համակարգին: Որոշ փորձագիտական կարծիքի համաձայն՝ Հայաստանը կարող է զգալի քանակությամբ խմելու ջուր արտահանել, եթե վերանայի իր ջրօգտագործման հայեցակարգը:
Գյուղացիական ֆերմերային տնտեսությունների զարգացում: Օրենսդրորեն սահմանել գյուղացիական, ֆերմերային տնտեսությունները, գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ տարբերակելով միկրոբիզնեսը, ՓՄՁ-երը և գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ նրանց հնարավորություն տալով օգտվել առաջարկվող դիվերսիֆիկացված ու խթանիչ քաղաքականություններից:
Պետության մասնակցությամբ մեծածախ շուկաների ստեղծում՝ 5-10, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների ստեղծմանն աջակցություն:
Վերամշակման զարգացում։ Հայկական գյուղատնտեսական մթերքը կարող է հաջողությամբ շարունակել իր մուտքը արտաքին շուկա, հատկապես ժամանակակից վերամշակման և փաթեթավորման սարքավորումների առկայությամբ: Վերամշակող համակարգը ավելի հրապուրիչ է դառնում ներդրողի համար. հավանաբար, հաշվի են առնվում Հայաստանում աճող մրգի և բանջարեղենի բարձր որակը, անասնաբուծական արտադրանքի բարձր համային և էկոլոգիական հատկանիշները:
Բնական և տարերային աղետներից գյուղացիական տնտեսությունների պաշտպանության և փոխհատուցման արդյունավետ մեխանիզմների մշակում: Այս խնդրի համակարգային լուծումը գյուղատնտեսության սուբյեկտների ապահովագրման համակարգի և մեխանիզմների մշակումն է, ինչը թույլ կտա փոխհատուցել բնական աղետների արդյունքում գյուղացիների կրած վնասները:
Գյուղացիական տնտեսություններին բավականաչափ հարմար տոկոսադրույքներով վարկերի տրամադրման խթանում:
Գյուղացիական տնտեսություններին դաշտային գյուղատնտեսական տեխնիկայով ապահովվածություն: Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, քանի որ դաշտային գյուղատնտեսական տեխնիկայով ապահովվածությունը խիստ անբավարար է, շատ դեպքերում կիրառվում է հին տեխնիկան: Ավելի վատ վիճակում է անասնապահական համալիրի հագեցվածությունը տեխնիկայով, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակման տեխնիկական հագեցվածությունը համեմատաբար բարելավված է:
Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության մշակմանը գյուղացիների և գյուղացիական տնտեսությունների ակտիվ մասնակցություն, նրանց կարիքների և ակնկալիքների հաշվառում: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները ծրագրերն ու քաղաքականության հարցերը որոշում են առանց գյուղացու հետ հաշվի նստելու և գյուղատնտեսության հետ առնչվող կազմակերպությունների կարծիքը հաշվի առնելու։ Անհրաժեշտ է ապահովել ոլորտի քաղաքականության մշակմանը ներառական և ակտիվ մասնակցություն:
Ագրոտուրիզմի զարգացում: Հայաստանն իր կլիմայով, բնությամբ և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ ինքնին ավանդական տուրիստական երկիր է: Բնակչության գրեթե կեսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, ուստի ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված ներդրումներն ունեն ընդարձակ հեռանկար: Անհրաժեշտ է զարգացնել ագրոտուրիզմը՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ, ներդնել հաջողված ագրոբիզնեսի մեխանիզմներ:
Ապագային պատրաստ տնտեսության քաղաքականության որոշ ուղենիշեր
Մրցունակությունը շքեղություն չէ. այն օբյեկտիվ անհրաժեշտություն է: Պետք է ապահովել մրցունակության կարևորագույն բաղադրիչների համընթաց զարգացումը: Այդ բաղադիրչներն են՝ հանրային կառավարումը, ենթակառուցվածքները, նոր տեխնոլոգիաների ինտեգրումը, մակրոտնտեսական կայունությունը, առողջությունը, կարողությունները, ապրանքների շուկան, աշխատուժի շուկան, ֆինանսական համակարգը, շուկայի չափը, բիզնեսի դինամիկան և ինովացիոն հնարավորությունները:
Ներդրումը մարդկային կապիտալի զարգացման վրա ուղիղ համեմատական է սոցիալական և տնտեսական առաջընթացի հետ: Մարդկային կապիտալը ներառում է անձի առողջությունը, սնունդը, արհեստավարժությունը, գիտելիքները, ուսուցումը, ենթարկվելու և առաջնորդելու կարողությունները, որոնք արտադրողականությանարդյունավետությանշարժիչ գործոններից են: Ճիշտ կարողությունների տիրապետող մարդիկ կարող են դառնալ փոփոխություններն ուղղորդողը և կառավարողը, այլ ոչ թե դրանց պասիվ հարմարվողը: Մարդկանց պոտենցիալի զարգացումը, նրանց լիարժեք իրացվելու և ազատ ստեղծագործելու համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումն այլևս անհետաձգելի են, քանի որ չորրորդ արդյունաբերական հեղափոխության ներկայիս դարաշրջանում մարդկային զարգացած կապիտալն այլևս տնտեսական աճի և կայունության հիմնասյունն է:
Բաց տնտեսություն, որը, սակայն, պետք է ունենա ներքին սոցիալական պաշտպանվածություն: Բաց տնտեսությունն ազատ առևտրից բացի, այլևս ապահովում է գաղափարների, մտքերի ազատ փոխանակումը: Միաժամանակ, պետությունը պետք է աջակցի ազգային տնտեսվարողներին, որոնք կարող են վնասներ կրել գլոբալացման գործընթացների արդյունքում՝ վերաբաշխման քաղաքականության, անվտանգության ցանցերի ստեղծման, մարդկային կապիտալի զարգացման, ավելի առաջադեմ հարկային քաղաքականության իրականացման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման և այլ միջոցներով:
Ինովացիոն էկոհամակարգի ձևավորումը և առաջընթաց զարգացումը պահանջում է դուրս գալ զուտ հետազոտությունների և ուսումնասիրությունների մակարդակից. լավ գաղափարները պետք է արագ առևտրայնացվեն: Նորարարությունը պետք է լինի Հայաստանի տնտեսության հրամայականը և կարևոր առաջնահերթությունը։ Թեև գիտական հրապարակումները, արտոնագրային հայտերը, հետազոտական հաստատությունները նորարարական կարողությունների զարգացման լավ հիմքեր են ստեղծում, դրանք դեռևս բավարար չեն: Լավ գաղափարների առևտրայնացման համար պետք է խրախուսել մի շարք ընդունված «փափուկ» գործիքների կիրառումը:
Ենթակառուցվածքների և ֆինանսական համակարգի որակը նպաստում է տնտեսության արդյունավետությանը, ապրանքների և ծառայությունների մրցունակությանը, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժին և ինտենսիվությանը:
Թույլ օղակները Աքիլեսյան գարշապար են, որոնք խոչընդոտում են մրցունակությունը, զարգացումը և բարեկեցությունը: Հայաստանում թույլ օղակները ներառում են՝ անվտանգությունը, սեփականության իրավունքը, սոցիալական կապիտալը, զսպումների և հակակշիռների մեխանիզմը, թափանցիկությունն ու էթիկան, պետական հանրային կառավարման մարմինների գործունեության ցուցանիշները և կորպորատիվ կառավարումը: Պետք է ուշադրություն դարձնել ինստիտուցիոնալ միջավայրի ինչպես ավանդական և այնպես էլ նոր ի հայտ եկող ասպեկտներին, օրինակ՝ սոցիալական կապիտալին՝ որպես արդյունավետության վրա ազդող գործոնի։
Նոր տեխնոլոգիաներն առաջարկում են տնտեսության թռիչքաձև զարգացման ճանապարհ, սակայն միայն այլ գործոնների հետ միասին: Նախ, կարևոր է, տեխնոլոգիաների համաչափ տեղաբաշխումն ու դրանց արդյունավետ կառավարումը: Բացի այդ, թույլ օղակները, հանրային կառավարումը, ենթակառուցվածքները և կարողությունները նույնպես չեն կարող անտեսվել:
Անընդհատ փոփոխությունների ներկա դարաշրջանում ճկունություն ապահովելու և փոփոխություններին արագ արձագանքելու ունակությունը հաջողության հասնելու գրավականն են: Թվային դարաշրջանի առաջացրած վերափոխումներին քաղաքացիների, բիզնեսի և կառավարության ճկունությունն ու արագ համակերպվելը վճռական են: Օրինակ, պետության համար «ապագայի կողմնորոշումներից» մեկը պետք է լինի թվային բիզնես մոդելներին համահունչ իրավակարգավորումների նախատեսումը, գործարարության և նորարարության համար կայուն միջավայր ապահովելը, ինչպես նաև երկարաժամկետ տեսլական ունենալը:
Հնարավոր է միաժամանակ ապահովել հավասարություն, կայունություն և աճ ՝ հեռատես և ակտիվ առաջնորդության և հեռանկարային տնտեսական քաղաքականության հետևողական իրականացման միջոցով: Հարկավոր է մշակել տնտեսական առաջընթացի ավելի ամբողջական մոդել, որով բոլորի համար ավելի բարձր կենսամակարդակի ստանդարտ կձևավորվի: Պետք է ավելի երկարաժամկետ առաջնահերթություններ սահմանել և դրական ջանքեր գործադրել հավասարության, կայունության և աճի միջև ողջամիտ փոխազդեցություն ստեղծելու համար:
3.ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Ապահով քաղաքացի և ընտանիք, ստեղծագործ երիտասարդություն և սոցիալապես համերաշխ Հայաստան
Աղքատության կրճատում: Հանրային բոլոր ծառայությունների մատչելիության ապահովում. Հայաստանի վարած քաղաքականությունները պետք է լինեն մարդակենտրոն և մարդու համար, արտացոլեն քաղաքացու, հանրային ու ժողովրդի շահերը. միայն այդպիսի քաղաքականությունով է հնարավոր ապահովել սոցիալական համերաշխությունը ու բացառել հարստության գերկենտրոնացումը, էապես կրճատել աղքատությունը, հանրային բոլոր ծառայությունները՝ սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային և այլն, դարձնելով մատչելի, որակյալ և հասու յուրաքանչյուրին: Ընդհանուր աղքատության ցուցանիշը 2019-2021թթ. ընթացքում ներկայիս ավելի քան 30%-ից իջեցնել առվազն մինչև 15%, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ ոչ ավելի քան 2%-ը:
Նոր աշխատատեղերի ստեղծում՝ թիրախավորված ներդրումների ներգրավման, ինչպես նաև բնական և ներքին ռեսուրսների արդյունավետ ու հիմնավորված օգտագործման միջոցով:
Կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացումառնվազն 25%-ի չափով՝ մենաշնորի և ստվերի կրճատման հաշվին:
Մանկավարժների, բժիշկների, գիտության ոլորտի աշխատողների, պաշտպանության ոլորտի սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձերի բարձրացում՝ 25%-ի չափով:
Երեխաների ծննդի միանվագ նպաստի բարձրացում՝ առաջին երեխայի համար սահմանելով 1.5 մլն. դրամ, երկրորդի դեպքում՝ 2 մլն., երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 2,5 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3,5 միլիոն դրամ:
Մայրերի վճարովի արձակուրդի տևողության երկարացում: 100%-ով ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, նման հնարավորություն նախատեսել հայրերի համար:
Գազի սակագնի իջեցում առնվազն 30%-ով: Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում:
Անհատ տաքսու վարորդներին հարկային և այլ վճարներից ազատում՝ նպաստելով նրանց սոցիալական դրության բարելավմանը:
Կարմիր գծերի համակարգի վերացում՝ փոխարենը մշակել և ներդնել ավտոկայանման և այդ գործընթացի համակարգման արդյունավետ և նորարարական մեխանիզմներ:
Տեսանկարահանող սարքերի քանակի էական կրճատում և դրանցով բացահայտված իրավախախտումների բնույթի ու տուգանքի չափերի էական վերանայում: Նպատակը պետք է լինի ոչ թե պատժիչ տուգանքները, այլ վարորդների օրինապաշտ և անվտանգ վարքագիծ խրախուսելը և ապահովելը:
Սոցիալական համերաշխության մոդելի ներդրում, որը ենթադրում է բնակչության ազատ տեղաշարժի հնարավորություն սոցիալական մի խմբից մյուսը, եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանում, ինքնազբաղվածության աճ, սերունդների միջև համերաշխություն, տարբեր մասնագիտությունների հավասար գնահատում և տարածքային համաչափ զարգացում:
Երիտասարդության ստեղծագործ մտքի և ներուժի խրախուսում: Տնտեսության ու կենսագործունեության բոլոր բնագավառներում երիտասարդությանը պետք է ապահովել սեփական երկրում որակյալ կրթություն ստանալու, ընտանիք կազմելու, աշխատանքի, ինքնաիրացման ու ստեղծագործական ներուժի դրսևորման գործնական հնարավորություններով ու հեռանկարով:
Հայաստանը պետք է դառնա ուղեղների կենտրոն:
Առողջ ապրելակերպ և որակյալ առողջապահական ծառայություններ
Առողջ շրջակա և սոցիալական միջավայրի ապահովում: Պետք է մարդու համար ապահովել առողջ շրջակա սոցիալական միջավայր՝ խստացնելով բնապահպանական օրենսդրությունը, քաղաքացիական ու պետական վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև պատշաճ պայմաններ ու հնարավորություններ ստեղծել դպրոցականների, երիտասարդության ու հասարակության առողջ ապրելակերպի, անվտանգ սննդի, մարզական ու սպորտային կյանքի, լիարժեք ինտեգրման ու ինքնաիրացման համար:
Կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության արդյունավետ համակարգի ներդրում:
Պետության կողմից անվճար և համաֆինասավորմամբ տրամադրվող բժշկական ծառայությունների և շահառուների շրջանակի ընդլայնում:
Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժում ստանալու արտոնությունը տարածել մինչև 10 տարեկան բոլոր երեխաների վրա:
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերացում: Անհրաժեշտ է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսված սոցիալական վճարի պարտադիր նորմը հանել՝ կենսաթաշակային կուտակային համակարգը դարձնելով կամավոր:
Հայաստանը պետք է հռչակվի մարդու առողջության վրա բացասաբար ազդող գործոններից ազատ երկիր: ՀՀ պետական քաղաքականության ուղղություններից մեկը պետք է համարել բնակչության պաշտպանումը հիվանդություններ առաջացնող էկոլոգիական, սննդային, կենցաղային, ճառագայթային և այլ գործոններից: Հայաստանը պետք է լինի առողջության պահպանման համար նպաստավոր երկիր:
Հիվանությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականության որդեգրում և հետևողական իրականացում: Գերեկամտաբերությունը հանգեցնում է մի վիճակի, երբ առողջապահությունը աստիճանաբար կորցնում է իր մարդասիրական բնույթը, էթիկան, ենթարկվում է դեհումանիզացիայի և ծառայում միայն շահույթ ստանալուն: Ժամանակակից առողջապահությունը շահագրգռված է որպեսզի լինեն հնարավորին շատ հիվանդներ, քանի որ որքան շատ հիվանդներ, այնքան շատ եկամուտ: Հայաստանը պետք է կանխարգելիչ բժշկությունը հռչակի Հայաստանի Հանրապետության պետական առողջապահական քաղաքականություն:
Առողջապահության և հարակից ոլորտներին առնչվող օրենսդրության կատարելագործում: Անհրաժեշտ է ընդունել, կատարելագործել կամ խստացնել առողջապահության ոլորտին առնչվող մի շարք նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում՝ օդի որակի, ջրի որակի և թափոնների կառավարմանը վերաբերող օրենսդրությունը, սննդի անվտանգությանը, ներմուծվող ապրանքների, արդյունաբերական արտադրությունների, կենցաղային տեխնիկայի, կենցաղային քիմիայի, շինարարական նյութերի անվտանգությանը վերաբերող օրենսդրությունը:
Վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների լիարժեք օգտագործում: Չունենալով օրգանական վառելանյութի սեփական աղբյուրներ՝ Հայաստանը կախման մեջ է ներկրվող էներգակիրներից: Արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 20%-ն է ստացվում սեփական էներգառեսուրսներից` հիդրոէլեկտրակայաններում: Մնացածը` ներկրվող էներգակիրներից, 45% ջերմակայաններում և 35% ատոմակայանում: Այնուամենայնիվ, Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի բավականին մեծ ռեսուրսներ: Դրանք առաջին հերթին հիդրոռեսուրսներն են, որոնց պոտենցիալը կազմում է 3.2 մլրդ կիլովատ/ժամ, որից այսօր յուրացվում է 1.5 մլրդ: Կան հողմաէներգետիկայի զգալի ռեսուրսներ, որոնց տեսական պոտենցիալը գնահատվում է ավելի քան 10 գիգավատ/ժամ, իսկ դրա տասներորդ մասը համարվում է տեխնիկապես մատչելի: Մեծ է արևային էներգիայի պոտենցիալը` 1700-1800 կիլովատ/ժամ մեկ քառակուսի մետրին (միջին եվրոպականը կազմում է 1000): Հայաստանի համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը ռազմավարական և կարևոր բնապահպանական խնդիր է:
Հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինտեգրում հասարակությանը, հանրությանն օգտակար լինելու նրանց գիտակցման արմատավորում և հարմարավետ ապրելու ու ազատ ստեղծագործելու միջավայրի բարելավում
Կենսագործունեության միջավայրի մատչելիություն, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույնությանը և ազատ տեղաշարժին:
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանում՝ պետական ու հասարակական աջակցություն ցուցաբերելով համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման միջոցով: 2016թ. դրությամբ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 200.000, որից 60%-ը աշխատունակ է: Չնայած այս փաստին, նրանց 92%-ը գործազուրկ է:
Նորարարական տեխնոլոգիականերով աշխատելու պայմանների ստեղծում՝ մշակելով համապատասխան ծրագրեր, որոնց շրջանակներում կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցմանն ուղված միջոցառումներ:
Պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովվածություն. Պետությունը պետք է ապահովի հաշմանդամներին ձայնաստեղծ սարքերով, լսողական սարքերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով, տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացմամբ և հատուկ՝ Բրայլյան տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և “Խոսող գրքերի” ձայնագրումով:
4.ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Սահմանադրական փոփոխություններ (ի թիվս այլնի, ստորև ներկայացվածները)Նախագահի ինստիտուտի վերանայում: ՀՀ Սահմանադրությամբ անհրաժեշտ է վերանայել Նախագահի ինստիտուտի իրավակարգավորումները, Նախագահի՝ որպես պետության գլխի և Սահմանադրության պահպանմանը հետևողի հատուկ դերի արժեվորման և խորհրդարանական կառավարման համակարգում Նախագահին անհրաժեշտ և բավարար ինքնուրույնությամբ օժտելու տեսանկյունից:
Քաղաքական ճգնաժամերի հաղթահարման համար ճկունություն ապահովող իրավակարգավորումների ամրագրում: Սահմանադրությամբ պետք է սահմանվեն հնարավոր հետագա քաղաքական և սահմանադրական ճգնաժամերի հաղթահարման ճկուն իրավակարգավորումներ, այդ թվում՝ Խորհրդարանի արձակմանը, Վարչապետի ընտրությանը վերաբերող և Սահմանադրության այլ հոդվածներ վերանայելու միջոցով:
Սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեին վերաբերող հոդվածների վերանայում: Անհրաժեշտ է վերանայել Սահմանադրության 202 հոդվածը ոչ միայն Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխումը ԱԺ-ին վերապահելու հնարավորությունը սահմանափակելու տեսանկյունից, այլև 202 հոդվածը 2-րդ մասի ուժով նույն հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ փոփոխելու ԱԺ-ին ընձեռած հնարավորությունը սահմանափակելու տեսանկյունից՝ ինչը լի է մի շարք անբարենպաստ հետևանքներով: Նմանապես, վերանայման կարիք ունեն 204 հոդվածը և հանրաքվեին վերաբերող դրույթները՝ դրանց որոշակիացման, հանրաքվեի դրվող հարցերի շրջանակն անհիմն ընդլայնող (օրինակ՝ տարածքային ամբողջականության/ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեով լուծելը) հիմքերը բացառելու տեսանկյունից:
Խորհրդարանի համամասնական ընտրակարգում բացառել «կայուն մեծամասնության» կառուցակարգը: Կայուն խորհրդարանական մեծամասնության կառուցակարգը և դրան համապատասխան ձևավորված ընտրական գործընթացների փիլիսոփայությունն ու տրամաբանությունը հարկավոր է փոխել: Համամասնական ընտրակարգում կայուն մեծամասնության կառուցակարգի արհեստական ներմուծմամբ, ի թիվս այլ անբարենպաստ հետևանքների, հնարավորություն է ստեղծվում փոքրամասնությունից արհեստականորեն բացարձակ մեծամասնություն ձևավորել:
Անկախ և արդյունավետ դատական իշխանություն: Հասանելի և մատչելի արդարադատություն: Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն
Ինստիտուտակենտրոն արդարադատությունից անցում դեպի քաղաքացիակենտրոն արդարադատության մոդելին, ինչը նախ պետք է ապահովի արդարադատության առավել լայն մատչելիություն, բացի այդ՝ անձինք հնարավորություն պետք է ունենան ներկայացնելու իրենց պահանջմունքները, կարիքներն ու ակնկալինքներն արդարադատության ինստիտուտներից, ներդրում ունենալ ոլորտի քաղաքականության ձևավորմանը և գնահատել արդարադատության ծառայությունների որակն ու բովանդակությունը: Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիակենտրոն արդարադատության մոդելի ներդրման համար օրենսդրական, կառուցակարգային և ինստիտուցիոնալ համակողմանի հիմքեր ու նախադրյալներ:
Բոլորի համար հասանելի արդարադատության ապահովում: Ի թիվս այլ քայլերի, ընդլայնել անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը և խթանել նման ծառայություններ մատուցողների առավել լայն շրջանակի ներգրավվածությունը: Ներդնել անվճար իրավաբանական օգնության նոր կառուցակարգեր, այդ թվում՝ զարգացնել pro bono՝ անհատույց իրավաբանական ծառայությունների մատուցման կառուցակարգը: Օրինակ, փաստաբանի վարքագծի կանոններում առանձին կանոն ամրագրել, որ փաստաբանը պարտավոր է տարեկան որոշակի ժամքանակի անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, կամ փաստաբանական արտոնագիր ստանալու պարտադիր պահանջներից մեկը համարել պրո-բոնո ծառայությունների որոշակի ժամաքանակ ապահոված լինելը, բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունների ակրեդիտավորման չափանիշներում ավելացնել անվճար հանրային ծառայությունների մատուցման ծրագրերի առկայությունը և դրանց որակը և այլն: Ապահովել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայրը և բոլորի համար հասանելի արդարադատության գիտակցման և ապահովման մշակույթի ձևավորումը Հայաստանում:
Հանրային պաշտպանների թվի ավելացում և նրանց սոցիալական երաշխիքների ամրապնդում՝ նպաստելով արդարադատության մատչելիության ամրապնդմանը:
Սահմանադրական դատարանի որոշումների լիարժեք կատարման կառուցակարգի ներդրում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների աներկբա և ժամանակին կատարման մեխանիզմների ամրապնդում: Անհրաժեշտ է նաև ՄԻԵԴ վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների շարունակական վերլուծություն և ամփոփում և դրանց հիման վրա՝ քայլեր ձեռնարկել:
Քրեական արդարադատության համակարգի հիմնովին և շարունակական բարեփոխում, վերականգնողական արդարադատության համակարգի արդյունավետ ներդրում, պրոբացիայի ծառայության արդյունավետության բարձրացում:
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարին ուղղված հետևողական քաղաքականության իրականացում:
Դատական իշխանություն-հանրություն համագործակցության նոր մշակույթի ձևավորում՝ նպաստելով հանրային վստահության բարձրացմանը: Ի թիվս այլ միջոցառումների, պետք է բարձրացնել դատական իշխանության դերի, գործառույթների և իրավական համակարգի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը և ընդհանուր իրավագիտակցության մակարդակը:
Դատավորի և նրա աշխատակազմի աշխատավարձի բարձրացում և սոցիալական երաշխիքների ամրապնդում՝ նպաստելով դատական իշխանության անկախության ամրապնդմանը:
Դատավորների թվի ավելացում և ենթակառուցվածքների բարելավում՝ նպաստելով դատական իշխանության արդյունավետության բարձրացմանը: Դատարանների գերծանրաբեռնվածության, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի և քննվող գործերի թվի խիստ անհավասարակշռման, գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու խնդիրները դեռևս արդիական են, ինչն ախուսափելիորեն վտանգում է մարդու արդար դատաքննության իրավունքի պատշաճ իրականացումը, դատական ակտերի պատշաճ որակը: Անհրաժեշտ է ավելացնել դատավորների թվաքանակը, հետևաբար, անհրաժեշտություն կլինի նաև դատարանի նոր շենքի կառուցման, գործող շենքերի վերակառուցման և ենթակառուցվածքների բարելավման համար: Հատկանշական է, որ ենթակառուցվածքների բարելավումը ժամանակակից արդարադատության ոլորտում կարևոր միջոց է համարվում դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ արդարադատության ապահովմանը նպաստելու տեսանկյունից:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային գործիքների լայնորեն ինտեգրման միջոցով դատական իշխանության թափանցիկության և արդյունավետության բարձրացում: Խոսքը վերաբերում է առաջադեմ լավագույն փորձի ուսումնասիրության և եվրոպական համապատասխան կառույցների սահմանած չափորոշիչների պահպանմամբ՝ դատարանների գործունեության գնահատման գործիքների ներդրմանը, դատավորների ծանրաբեռնվածության չափման գործիքների, դատական վիճակագրության արդիականացված համակարգի, դատական համակարգում առկա խնդիրների ախտորոշման հզոր մեխանիզմի ներդրմանը և այլն:
Դատարանների կառավարման արդյունավետության բարձրացում և դրա հաշվին՝ ծախսերի կրճատում: Անհրաժեշտ է դատարանների կառավարման համակարգի օպտիմալացում, կառավարման մոդելի կատարելագործում, ինչը կնպաստի ծախսերի նվազեցմանը, կառավարման բարելավմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և ծառայությունների որակի բարելավմանը:
Արդյունավետ քաղաքացիական մասնակցություն
Արդյունավետ քաղաքացիական մասնակցության միջավայրի բարելավում: Ի թիվս այլ միջոցառումների, պետք է օրենսդրորեն սահմանել կամ կատարելագործել քաղաքացիական մասնակցության առանձին տեսակներին (այդ թվում՝ տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություն, երկխոսություն, ակտիվ ներգրավվածություն) բնորոշ գործընթացների նվազագույն չափանիշները, սկզբունքները և ընթացակարգերը՝ հիմք ընդունելով Եվրոպայի Խորհրդի վերաբերելի փաստաթղթերը, ինչպես նաև ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած համապատասխան պարտավորությունները:
Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ֆինանսական կայունության ամրապնդում: Հայաստանում ՀԿ-ները մեծապես ֆինանսավորվում են օտարերկրյա դոնոր կազմակերպությունների կողմից՝ դրանով իսկ որոշակի ոլորտի զարգացումը կախվածության մեջ դնելով նման աջակցության առկայությունից կամ շարունակությունից: Միաժամանակ, արտաքին ֆինանսական աջակցության՝ համաշխարհային մակարդակով կտրուկ նվազման ներկայիս պայմաններում քաղաքացիական հասարակության հատվածի կայունությունը որոշակիորեն վտանգված է: Պետք է միջոցներ ձեռնարկել ՀԿ-ների պետական ֆինանսավորման հաջողված մոդելներ ներդնելու ուղղությամբ:
Անզիջում պայքար կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ
Էապես բարեփոխված հանրային կառավարում, որը պետք է ներառի ժողովրդավարական և անկախ հաստատությունների ամրապնդումը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների զարգացումը, քաղաքացիական ծառայության ապաքաղաքականացումը, էլ-կառավարման համակարգի մշակումը և ինստիտուցիոնալ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը:
Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետ կառուցակարգերի ներդրում՝ հաշվի առնելով միջազգային փորձը և չափանիշները:
Ստվերի վերացում տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ հեղինակավոր կազմակերպությունների ու փորձագետների գնահատականով ՀՆԱ-ի նկատմամբ 30-50%, Ֆինանսների նախարարության գնահատակով՝ 34%: Պետք է վերացնել ստվերը՝ բյուջետային եկամուտները ավելացնելով 600 միլիոնից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Դա իր հերթին նշանակում է՝ բյուջետային ծախսերը բնակչության մեկ շնչի հաշվով կարող են ավելանալ 200-300 ԱՄՆ դոլար կամ միջին ընտանիքի հաշվով՝ 800-1200 ԱՄՆ դոլար:
Մենաշնորհների և օլիգոպոլիաների վերացում, բիզնեսից պետական իշխանության տարանջատում՝ դադարեցնելով պետական խտրական և հովանավորչական քաղաքականությունը, խստացնել տնտեսական մրցակցության օրենսդրությունը:
Բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետ, խնայողական ու թափանցիկ համակարգերի ներդրում: Ընդերքի օգտագործման գույքագրում և քվոտավորում:
5.ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ: ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՆԵՐԿԱ ԵՎ ԱՆՀՈԳ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
Դեպի ապագան կողմնորոշված կրթության քաղաքականության ուղենիշեր
Բարձրագույն կրթություն
Բարեփոխումներ՝ բուհերի ինստիտուցիոնալ և ներքին կառավարման մակարդակներում: Անհրաժեշտ է հիմնովին փոխել բուհերի ռեսուրսների կառավարման (մարդկային, տնտեսական, ֆինանսական և այլն) և ներքին ժողովրդավարության ապահովման կառուցակարգերը: Բուհերը որպես իրենց առաքելություն պետք է հռչակեն կրթությունը, ուսուցումը, վերապատրաստումը և գիտական ու հետազոտական գործունեությունը՝ այդ գործընթացներում հաշվի առնելով էթիկայի, ինքնավարության, պատասխանատվության և բուհից հանրային ակնկալիքների արժեվորման մոտեցումները:
Բարեփոխումներ՝ գիտելիքի ստեղծման ու ձևավորման գործընթացում: Նոր դարաշրջանն այլևս պահանջում է բարձրագույն կրթության համակարգում միջդիսցիպլինար և տրանս-դիսցիպլինար մոտեցումների լայնորեն կիրառում: Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել գիտելիքի ձևավորման ոչ գիտական ձևերի կիրառման հնարավորությունները: Բացի այդ, վաղուց արդեն անհրաժեշտություն է դարձել կրթական համակարգում ուսանողների կողմից ընտրվող առարկաների ցանկի ընդլայնումը, որը հնարավորություն կտա պահանջարկ չունեցող անդեմ, ունիվերսալ մասնագետների փոխարեն պատրաստել նպատակային եզակի մասնագետներ: Ուստի, բուհական մասնագիտացումները պետք է լիարժեք համապատասխան 21-րդ դարի աշխատաշուկային՝ բովանդակությամբ և դասավանդման մեթոդաբանությամբ, ինչպես նաև ապահովեն շրջանավարտների շարժունակություն և միջազգային աշխատաշուկաներում մրցունակ լինելու իրական հնարավորություն:
Կրթական մոդելի բարեփոխում: Անհրաժեշտ է բուհերում ներդնել նոր դասավանդման և ուսուցման մեթոդներ՝ ուղղված քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանը՝ ըստ անհրաժեշտության ինտեգրելով դրանք դասավանդման ավանդական մեթոդների հետ: Սա պահանջում է մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ դասախոսների պրոֆեսիոնալիզմի բարձրացում և որակյալ դասապրոցեսի ապահովում, ուսումնասկան նյութերի և աղբյուրների էաական փոփոխում, չպահանջված առարկաների, ՛՛մեռած՛՛ կամ անարդյունավետ առարկաների վերանայում կամ վերացում ուսումնական ծրագրերից: Անհրաժեշտ է նաև ուսանողի պատասխանատու և ակտիվ ներգրավում դասապրոցեսին, ուսանող-դասախոս հարաբերությունների՝ ուղղահայացից դեպի հորիզոնականին անցումը, քանի որ կայուն զարգացող բարձրագույն կրթական համակարգի կառուցումն առավել արագ և արդյունավետ է համատեղ ջանքերով և մասնակցային սկզբունքով: Բարձրագույն կրթությունը և ուսուցումը պետք է լինի առավել ակտիվ, կապված իրական կյանքի հետ և ծրագրված/նախագծված լինի ուսանողների հետ՝ նրանց յուրահատուկ պահանջմունքների և ակնկալիքների հաշվառմամբ:
Բարեփոխումներ՝ ուղղված տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ներուժի լիարժեք օգտագործմանը՝ գիտելիքների ձևավորման և տարածման մեջ: Նման փոփոխությունների նպատակն է ստեղծել ՛՛թվային իմաստություն՛՛:
Բարեփոխումներ՝ հանուն սոցիալական պատասխանատվության և գիտելիքի փոխանցման:Բարձրագույն կրթական հաստատության դերը պետք է նկատելի և սպասելի լինի հասարակության համար: Նրանց առաջարկած հետազոտությունները պետք է ունենան սոցիալական լայն պահանջարկ, իսկ դրանց արդյունքները՝ փոխանցվեն հասարակությանը՝ գիտելիքի փոխանցման արդյունավետ մեխանիզմների միջոցով:
Մաթեմատիկայի, բնագիտության, ինժեներիայի, տեխնոլոգիական ոլորտների կայուն և առաջադեմ գիտելիքների ամրապնդում և այդ ոլորոտում պահանջված կրթություն: Այսօրվա աշխատուժի շուկայի հսկայական պահանջարկն է, քանի որ սովորական մեխանիկական և գործավարական աշխատանքը ավտոմատացվում է, ավելի ու ավելի շատ աշխատատեղեր պահանջում են բարձր մակարդակի հմտություններ, որոնք ներառում են քննադատական մտածողության, խնդիրների լուծման, գաղափարները ներկայացնելու ունակությանն ու արդյունավետ համագործակցության հմտություններ, որոնք մեծապես ձևավորվում են այս ոլորտների կրթությամբ:
Շարունակական կրթության արդյունավետ համակարգի ստեղծում և զարգացում: Արագորեն զարգացող աշխարհում այլևս փաստ է, որ մասնագիտական կրթություն ստանալը սահմանափակված չէ անձի կյանքի որոշակի ժամանակահատվածով. ֆորմալ կրթությունը ներկայումս միտված է ողջ կյանքի ընթացքում մարդկանց վերապատրաստելու նպատակին: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ նախադրյալներ այս ուղղությամբ կրթական համակարգը բարելավելու համար:
Գիտական հետազոտությունների ծավալի մեծացում և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնում։ Նախատեսել միջոցներ պետական բյուջեից, որոնք ուղղված կլինեն ոլորտային հետազոտությունների իրականացման վրա։
Դասախոսների աշխատավարձերի բարձրացում՝ առաջարկելով բուհերին վերանայել և բարեփոխել բուջետային պլանավորման և ֆինանսական մոդելները:
Հանրակրթություն և միջին մասնագիտական կրթություն
Ուսուցչին արժանապատիվ աշխատավարձ:
Միջին մասնագիտական կրթության դերի վերահաստատում և միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատուժի պահանջարկի ավելացում աշխատաշուկայում։ Միջին մասնագիտական կրթությունը դարձնել բավարար որակյալ, ինչը հնարավորություն կտա այս ոլորտի շրջանավարտ մասնագետներով ձևավորված շերտը դարձնել պահանջված աշխատաշուկայում։
Մարզերում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնում՝ մարզի տնտեսական զարգացման հեռանկարին համապատասխան,
Հայաստանն առաջ տանող ու արժանապատիվ ներկայացնող մշակույթ և արվեստ
Մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն, որը պետք է միտված լինի աշխարհին նաև մշակութային կապերով հաղորդակից ու ինտեգրված, մշակութային բազմազանությունը գնահատող, իր մշակութային ինքնությունը ճանաչող ազատ քաղաքացու ձևավորմանը:
Մշակութային դաստիարակություն: Նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն համարել քաղաքացու մշակութային դաստիարակությունը՝ պահանջարկ ձևավորելով բարձր մշակույթի հանդեպ:
Մշակույթի, արվեստի բնագավառում ազատ մրցակցության խթանում՝ բացառելով հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը, ներառյալ՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության ու ներկայացվածության համար:
Մշակութային համագործակցության խթանում: Խթանել մշակութային համագործակցություն հայկական սփյուռք ունեցող և հատկապես ԵՄ անդամ երկրների հետ, օգնելով մեր արվեստագետներին ու մշակութային գործիչներին ավելի լավ ինտեգրվելու եվրոպական ընդարձակ տարածքում, ներկայացնելու հայկական մշակույթը աշխարհում ու նրանց ինքնաիրացման համար բացելով ավելի մեծ հնարավորություններ և հեռանկարներ:
Ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները, պայմաններ ստեղծել երաժշտական և թատերական արվեստի զարգացման համար, նպաստել աշխարհում հայկական մշակույթի և արվեստի գովազդմանը, աջակցել հայկական սփյուռքում մշակութային կյանքին ու Հայաստան-Սփյուռք սերտ և անխափան կապին:
Մարզերում մշակութային կյանքի աշխուժացում: 5 տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել և արդիականացնել համայնքային մշակույթի տները` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող ու մատաղ սերնդի և երիտասարդության մշակութային կրթության կենտրոններ:
Հաստատել ժամանակացույց Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգնման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը:
Մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում: