2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող էին լավ հիմք հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման և ազատականացման ճանապարհին, սակայն պետք է արձանագրենք, որ այս ընտրությունները չարդարացրին մեր, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի և հայ հասարակության ակնկալիքները:
Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցությունները՝ գործի դնելով իրենց վարչական և ֆինանսական ողջ ռեսուրսը: Սույն թվականի մայիսի 6-ի ընտրությունների իրական արդյունքները և ազատ, արդար մթնոլորտում ընտրություն իրականացնելու նպատակադրությունը ստվերեցին ընտրակաշառքի և կեղծ բարեգործության աղաղակող չափերի հասնող դեպքերը:
Ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում: Այս անգամ ևս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաև մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են և դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս և մինչ ընտրությունների օրը՝ օգտագործելով վարչական և ֆինանսական ողջ ներուժը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ` ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը և լեգիտիմությունը:
Շնորհակալ ենք ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր իրենց ձայնը վստահել են Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն կուսակցություններից և հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձևավորված միասնական թիմին և քվեարկել հանուն Նոր Հայաստանի: Շնորհակալ ենք նաև այն քաղաքացիներից, ովքեր կատարել են գիտակցված ընտրություն և իրենց քաղաքացիական պարտքի իրականացումը չի ստվերվել ընտրակաշառք կոչված արատավոր երևույթով:
Արձնագրելով այն հանգամանքը, որ այս ընտրությունները ևս չարտահայտեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն, այդուամենայնիվ, չի նահանջում և շարունակելու է իր սկզբունքային պայքարը հանուն Նոր Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչություն
15 մայիսի 2012թ.,
ք.Երևան