«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել:
Այս պարագայում Ազատ դեմոկրատների մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար այդքան էլ գերադասելի տարբերակ չէ: Մենք, լրջորեն կարևորելով ընտրական գործընթացները, միևնույն ժամանակ գտնում ենք, որ ընտրությունները միակ միջոցը չեն մեր գաղափարները հասարակությանն հասցնելու համար:
Համոզված ենք, որ քաղաքական ուժի գործունեության մեջ առավել կարևոր է վերջինիս հետևողական, երկարաժամկետ ու նպատակային գործունեությունը: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ հանուն ազատականության և ժողովրդավարության հաստատման:
Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը առաջիկայում դիտարկելու է բոլոր ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը և ըստ այդմ ներկայացնելու է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները: