Այսօր կեսօրից սկսած, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խմբակցությունից հեռանալու դիմում է գրել, վերջինս կգործի որպես անկախ պատգամավոր՝ ներկայացնելով «Ազատ դեմոկրատների» քաղաքական մոտեցումները: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Խաչատուր Քոքոբելյանը և հավելեց. «Եվ ինքս կմնամ այն բոլոր պատվիրակություններում, որոնցում եղել եմ, համաձայն՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի»:
Ի պատասխան հարցի, թե երեք ամիս առաջ հայտնի էր իր և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի տարաձայնությունների մասին, հետևաբար ինչո՞ւ է հենց հիմա խմբակցությունից հեռանալու դիմում գրվում, Խաչատուր Քոքեբելյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին այս մասին հանդես է եկել ԱԺ ամբիոնից ունեցած ելույթով:
«Ինքս դեմ լինելով ձևական գործողություններին՝ օգտվել եմ «ԱԺ կանոնակարգ-օրենքից» և ընդամենը օրենքի պահանջով դա փաստագրել եմ: Ինչ վերաբերում է ինչո՞ւ հիմա, ապա ԱԺ նստաշրջանը նոր է սկսվել, և այս պահին կարող էինք դա անել: Ասեմ, որ դա որևէ կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող, այդ թվում՝ նախընտրական գործընթացների հետ»,- ասաց «Ազատ դեմոկրատների» նախագահը՝ տեղեկացնելով, որ ԱԺ նախագահի դիմումն ուղարկել է երեք-չորս օր առաջ:
Տևական ժամանակ սպասվում էր, որ «Ազատ դեմոկրատները» կսատարի ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին, ինչը տեղի չունեցավ: Այդուհանդերձ, կուսակցության հայտարարության մեջ այնքան էլ փակագծեր չէին բացվում, թե ինչու՝ ոչ Հրանտ Բագրատյանը:
Ի պատասխան այս դիտարկման, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ առիթ ունեցել է այս մասին խոսելու և ավելացրեց. «Կարծում եմ՝ ճիշտ չէ այս պահին խոսել որևէ թեկնածուին պաշտպանելու մասին, որովհետև ոչ մեկին ո՛չ կուզենամ իմ հայտարարությամբ վնասած լինել, ո՛չ էլ օժանդակել: Ուստի, զերծ կմնամ դրանից, միայն ասեմ, որ թեև կուսակցությունը, մասնավորապես, Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի շատ ու շատ մոտեցումներ կիսում է, բայց միևնույնն է՝ այն լիարժեք համահունչ չէ մեր մոտեցումներին»:
Այս մոտեցումից, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության մասով թեկնածուների նախընտրական պլատֆորմներում հստակ դրույթների բացակայությունից ելնելով էլ «Ազատ դեմոկրատները» կայացրել է իր որոշումը՝ արտահայտելով իրենց զուտ քաղաքական, այլ ոչ անձնական մոտեցումը:
«Եվրամիության հետ կապված՝ մենք խիստ կողմնակից ենք և արտաքին քաղաքական գերակայություններում խիստ կարևոր հարց ենք համարում, որ Հայաստանը ձգտի և դառնա ԵՄ անդամ, այլ ոչ թե կողմ լինի ինտեգրացիայի և բավարարվի դրանով: Եթե ուշադիր լինե՛ք, ապա թեկնածուների ծրագրերում այդ մասին հստակ դրույթ չկա»,- ասաց «Ազատ դեմոկրատների» նախագահը:
Եթե «Ազատ դեմոկրատները» որոշակի քաղաքական վերաբերմունք ունենար Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, ապա այդ հարցի հետ կապված որոշակի դիրքորոշում արդեն իսկ արտահայտած կլիներ: Սա կուսակցության նախագահի պատասխանն էր հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամի մատնանշած պայքարի նոր մարտավարության հանդեպ:
«Ես, շատ ազնվորեն ասեմ, որ մինչև վերջ չեմ կարդացել Նիկոլ Փաշինյանի հայտնի պայմանագիրը և կարծում եմ՝ բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են Պայմանագրին, պետք է ուղղեք դրա հեղինակին»,- ավելացրեց Խաչատուր Քոքոբելյանը:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ում եղած մի շարք գործիչներ առաջին բեկորն էին, որ պոկվեցին ՀԱԿ-ից և միավորվեցին նոր քաղաքական ուժում՝ «Ազատ դեմոկրատներ»-ում: Հետո նրանց հետևեցին այլ քաղաքական ուժեր, անհատներ: Ի պատասխան, թե հիմա հետադարձ նայելով կարո՞ղ է ասել՝ սա օրինչափությո՞ւն էր, թե ոչ, «Ազատ դեմոկրատների» նախագահն ասաց. «Ձեր ձևակերպման հետ, թույլ տվեք համաձայն չլինել, որովհետև մենք ոչ թե պոկվեցինք, այլ մի խումբ քաղաքական գործիչներով, որոնք մինչև այդ պահը գործել էինք ՀԱԿ-ի շրջանակներում և պատասխանատվություն էինք կրել ողջ այդ ժամանակահատվածի համար, և մինչև մեր այնտեղ գտնվելու պահը, նաև ողջ հետընտրական և նախընտրական գործընթացի ժամանակ երբևիցե չենք խուսափել մեր պատասխանատվությունից, ստեղծեցինք նոր քաղաքական ուժ: Հենց դրանում էինք տեսնում քաղաքական գործընթացները և մեր մոտեցումներն ու սկզբունքները առաջ տանելու հնարավորությունը: Ես հպարտորեն նշել եմ, որ շնորհակալ եմ էդ անցած ճանապարհի համար: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ կապված գնահատականներին, ապա այլևս ՀԱԿ-ի գործունեության հետ կապված որևէ գնահատական տալ չեմ պատրաստվում»,- ասաց Խ. Քոքոբելյանը՝ այնուամենայնիվ, ցավ հայտնելով այն բանի համար, որ թափ հավաքած շարժումը չկարողացավ լուծել այն խնդիրները, որոնց համար պայքարում էր: Ավելին՝ դրանք ձախողել է:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գիշերը «Ազատ դեմոկրատների» նախագահը այցելել է Պարույր Հայրիկյանին և կուսակցության անունից զորակցություն հայտնել, իսկ հիմա ձեռնպահ է մնում այցելություններից՝ գտնելով, որ հիվանդին չպետք է ավելորդ անգամ անհանգստացնել: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե տպավորություն է, որ շատերն իրենց այցելություններից շոու են սարքում, ապա ասաց, որ քաղաքականության մեջ PR-ով զբաղվողի համար ցանկացած առիթ կօգտագործվի՝ այն շոուի մաս դարձելու համար:
Խաչատուր Քոքոբելյանը կրկնեց կուսակցության վարչության հայտարարությունում մատնաշվածը, որ թեկնածուի նկատմամբ կատարվածը միմիայն մահափորձ է: Ասաց, որ հստակ է, որ այս միջադեպը միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության վրա չի կարող լավ ազդեցություն թողնել: Նաև հավելեց, որ ցավում է, որ այսօր ՀՀ-ում քաղաքացին, այդ թվում ՀՀ նախագահի թեկնածուն պաշտպանված չէ նման ոտնձգություններից: