ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի զեկույցը «ՀՀ ոստիկանության հանդեպ հանրային ավելի բարձր վստահություն» թեմայով անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ:
Հարգելի’ գործընկերներ,
Նախ մեկ դիտարկում նիստի թեմայի վերտառության վերաբերյալ. «Ավելի բարձր վստահություն» ձևակերպումը ենթադրում է վստահության որակապես նոր մակարդակ և առնվազն բավարար վստահության առկայություն, ինչը տվյալ դեպքում պետք է վերապահումով ընդունել: Եթե խոսքը վերաբերում է առաջադեմ գաղափարներին, որոնք շարադրված են ոստիկանության բարեփոխումների ծրագրերում, ապա այո՛, գուցե այսօր կարելի է խոսել որակապես նոր փուլ անցնելու մասին: Սակայն, երբ խոսքը ոստիկանության հանդեպ հանրային վստահության փաստացի վիճակի մասին է, ապա այստեղ պատկերն այլ է: Հարցը պետք է դիտարկել ոչ միայն զուտ ծրագրերի և իրականացված միջոցառումների տեսանկյունից, այլև մեր իրականության մեջ դրանց փաստացի արդյունքների և ազդեցության տեսակետից: Ուստի, ճիշտ կլիներ այսօր խոսել ոչ բավարար վստահության բարձրացման մասին` հատկապես աչքի առաջ ունենալով մարտի մեկի իրադարձությունները, ընդդիմության հանրահավաքներին, ընտրական գործընթացներին ոստիկանության ոչ միանշանակ գործողություննները, մարդու իրավունքների պաշտպանների տարեկան զեկույցներում կրկնվող խախտումները, ինչպես նաև տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հետազոտությունները:
Ուզում եմ ընդգծել հարցի կարևորությունը և հրատապությունը, քանի որ ոստիկանության գործունեությունը և դրա հասարակական ընկալումը շատ բան է ասում պետության արդյունավետության մասին: Ուժային կառույցներից ոստիկանությունն է առավել մոտ կանգնած քաղաքացուն և զարմանալի չէ, որ քաղաքացին հատկապես ոստիկանության գործունեությամբ է գնահատում պետությունը: Ուստի ոչ արդյունավետ և հարգանք չվայելող ոստիկանությունը նվազեցնում է վստահությունը պետության և նրա հիմնական ինստիտուտների նկատմամբ, ստեղծում վախի և անպաշտպանվածության մթնոլորտ: Հակառակը` հարգանք և վստահություն վայելող ոստիկանությունը համարվում է արդյունավետ պետության և սոցիալական բարեկեցության գրավականը:
Փաստ է, որ մեր երկրում ոստիկանության նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, անբավարար է, իսկ դրա հիմնական պատճառներն են` կոռուպցիան, ոստիկանության կամայականությունները, որոշ դեպքերում ուժի անտեղի կիրառումը, բռնությունը, խտրական մոտեցումը քաղաքացիների նկատմամբ, ոչ պատշաճ վերաբերմունքը, ոչ արագ արձագանքելը: Ցավոք, ձևավորված կարծիք է նաև, որ ոստիկանությունը շատ դեպքերում աշխատում է ոչ թե ի շահ քաղաքացիների և պետության, այլ ի շահ իշխանության և իշխանավորների: Այդ ամենը մարդիկ շատ լավ հասկանում են և պատասխանում են իրենց անվստահությամբ:
Գաղտնիք չէ, որ աշխարհի շատ երկրներում է հասարակությունը դժգոհ ոստիկանությունից, դա կախված է ոստիկանության համակարգի որակից, իրավակիրառման և հասարակության իրավագիտակցության մակարդակներից:
Հետևաբար հարց է ծագում, թե ինչ անել և ամենակարևորը` ինչպես անել. ի՞նչն է էականը ոստիկանության նկատմամբ վերաբերմունքի ձևավորման գործում:
Հատկանշական է, որ մասնագետները նշում են ինչպես ոստիկանության բուն գործունեությունը, այնպես էլ հասարակության իրավագիտակցությունը, արժեհամակարգը, ինչպես հաև պետական ինստիտուտների որակը, այդ թվում` իշխանության թափանցիկությունը, հաշվետու լինելը հասարակության առջև, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի ծավալները և այլն: Ընդ որում` պետական համակարգի բոլոր արատավոր երևույթները` կոռուպցիան քաղաքացիների նկատմամբ կամայականությունների դրսևորումը, անպատժելիությունը, անմիջականորեն ներթափանցում են նաև ոստիկանության համակարգ: Իսկապես, դժվար է պատկերացնել չկոռումպացված և արդյունավետ ոստիկանություն` կոռումպացված և անարդյունավետ պետությունում:
Ասվածից հետևում է, որ ոստիկանության նկատմամբ վստահության ձևավորումը, բոլորովին հեշտ գործ չէ և կախված է ոչ միայն անվտանգության և իրավակարգի ապահովումից, այլև այն սոցիալ-քաղաքական և արժեհամակարգային իրականությունից, որում ձևավորվում է այդ վստահությունը: Ի դեպ, նշեմ, որ այս հարցը լայնորեն և մշտապես քննարկվում է նաև զարգացած երկրներում:
Ուստի, նախևառաջ պետք է ողջունել այս կարևորագույն հարցի նման ֆորմատով քննարկումների կազմակերպումը, կարծում եմ, որ սա պետք է կրի պարբերական բնույթ և ձեռք բերի պրակտիկ նշանակություն:
Բացի այդ, իմ գնահատմամբ, որ անհրաժեշտ է կատարել պրոֆեսիոնալ, գիտական մակարդակի համալիր հետազոտություններ` ուսումնասիրելու համար մեր երկրում ոստիկանության հանդեպ հանրային վստահության պակասի առավել խորքային պատճառները: Հետազոտությունը անհրաժեշտ է կատարել միջճյուղային գիտական մակարդակում, այսինքն` երևույթի բարոյահոգեբանական, սոցիոլոգիականից մինչև իրավական ասպեկտների ուսումնասիրություն: Դա կարող է անհրաժեշտ հիմք հանդիսանալ փոփոխություններ իրականացնելու ոչ միայն ոստիկանության համակարգում առանձին վերցրած, այլև հասարակության և պետության այլ ինստիտուտների հետ փոխգործողության համատեքստում: Սա շատ կարևոր է ռեալ արդյունքի հասնելու տեսանկյունից:
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել «հանրային վստահություն» երևույթի առանձնահատկությունը, այն իմաստով, որ հանրային վստահությունը մի կողմից ձևավորվում է ոստիկանության արդյունավետ գործունեության արդյունքում, մյուս կողմից, այն հանդիսանում է այդ գործունեության արդյունավետության խթանը: Դա նշանակում է, որ ոստիկանության բարեփոխումների ողջ գործընթացի հիմքում, պետք է ընկած լինի հանրային վստահության կոմպոնենտը: Հետևաբար, առաջարկում եմ միևնույն հարթության վրա գտնվող հետևյալ առաջնահերթությունները.
1. Հանրային վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ
2. Օրենսդրական դաշտ և իրավակիրառություն
3. Ինստիտուտցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ, կադրեր
4. Հասարակության հետ աշխատանք
I. Հանրային վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ
Մարդիկ հակված են հավատալու և վստահելու նրանց, ում հասկանում են և կարող են վերահսկել: Ոստիկանության դեպքում առավել ակնհայտ է, վերահսկողության անհրաժեշտությունը, ոչ միայն պետության, այլև հենց քաղաքացիական հասարակության կողմից:
Ուստի առաջարկում եմ`
Ա. Ստեղծել ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության մեխանիզմներ: Դա կարող է դրսևորվել` օրինակ, հասարակական խորհուրդներ ձևավորելու միջոցով, որը կարող է ներգրավվել հասարակական կարգի պահպանության, հանցավորության դեմ պայքարի գործընթացներում, մասնակցել ոստիկանության գործունեության վերաբերյալ հայեցակարգերի, ծրագրերի մշակմանը և քննարկմանը, հանրային փորձաքննության ենթարկել ոլորտի օրենքները և այլ իրավական ակտերը:
Բ. Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողական մեխանիզմների շարքում ներառել Հանրային խորհրդին` մասնավորապես Հանրային խորհրդի մասին առաջիկայում ընդունվելիք օրենքում նրան վերապահելով ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկման լիազորություն:
Գ. Հատուկ ցանկանում եմ ընդգծել ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողության գործում Ազգային ժողովի դերը: Մեծ բացթողում է, որ այսօր ոստիկանությունն ուղղակի հաշվետու չէ Ազգային ժողովին: Վատն այն է, որ ոստիկանության ներկայիս հաշվետու լինելը կամ վերահսկողությունը միայն ուղղահայաց է: Անհրաժեշտ է ապահովել ոստիկանության գործունեության ոչ միայն քաղաքացիական, այլև հենց Ազգային ժողովի, որպես ներկայացուցչական մարմնի առջև, ոստիկանության հաշվետու լինելը, քանզի դա վերահսկողության ամենադեմոկրատական ձևն է:
Դ. Օրենքի մակարդակով ամրագրել, կամ ավելի ուժեղացնել, ոստիկանության և հասարակության փոխհարաբերությունների գործընկերային մոդելը, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը, հասարակությունից վեր չէ կանգնած, այլ ծառայում է հասարակությանը, համագործակցում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների, քաղաքացիների հետ:
Ավելի կոնկրետ, այս գաղափարը կարող է արտահայտվել ոստիկանության գործունեության սկզբունքներում, այն պարզ պատճառով, որ ոստիկանության գործունեության սկզբունքներն այդ գործունեության էությունն արտահայտող, հիմնարար ելակետերն են, ղեկավար դրույթները, որոնք ընկած են, ոստիկանության գործունեությունը կարգավորող նորմերի և դրանց կիրառման հիմքում, իսկ դրանց հակասող ցանկացած գործողություն (անգործություն) անօրինական է:
Այս տեսակետից, անհրաժեշտ է վերանայել և լրացնել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, որտեղ սկզբունքներին նվիրել է ընդամենը մեկ հոդված (3-րդ հոդվածը), ինչը, մեր կարծիքով, լիարժեք չի արտահայտում ոստիկանության գործունեության էությունը: Իմ խորին համոզմամբ, ոստիկանության սկզբունքների լիարժեք օրենսդրական ամրագրումը կլինի այն կարևոր երաշխիքներից մեկը, որը կկողմնորոշի յուրաքանչյուր ոստիկանի դեպի քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքը, իրենց պարտականությունները բարձր էթիկական չափանիշներով կատարելը, իրենց պարտականությունների կատարման ընթացքում որպես հասարակության մի մաս զգալը, այն բանի գիտակցումը, որ հասարակությունը նրանց պատվիրակել է անօրինականությունից իր պաշտպանության ֆունկցիան:
Օրինակ, անհրաժեշտ է առանձին հոդվածներով նախատեսել հետևյալ սկզբունքները`
1. հանրային վստահությունը և քաղաքացիների աջակցություն,
2. ոստիկանության գործունեության հրապարակայնություն և թափանցիկությունը
Ապա վերոնշյալների բովանդակության մեջ ամրագրել`
ա) ոստիկանության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքը համարվում է կառավարության կողմից ոստիկանության գործունեության պաշտոնական գնահատման չափանիշներից մեկը,
բ) պարտադիր է անցկացնել հասարակական կարծիքի մշտական մոնիտորինգ և դրա արդյունքների մասին պարբերաբար իրազեկում,
գ) քաղաքացու իրավունքները խախտելու համար, բացի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից, պետք է նախատեսել,ինչու չէ, նաև քաղաքացուց ներողություն խնդրելու մեխանիզմը և այլն:
Ի դեպ, ևս մեկ առաջարկ, որը մեծ ջանք չի պահանջում, բայց կարող է լավ արդյունք տալ ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովման տեսանկյունից: Անհրաժեշտ է քաղաքացիների ծանոթացման համար մատչելի դարձնել ոստիկանության գերատեսչական ակտերը, այդ թվում` քաղաքացիների իրավունքներին առնչվող ոստիկանապետի հրամանները, դրանք տեղադրել ոստիկանության պաշտոնական կայքում կամ այլ կերպ մատչելի դարձնել հասարակությանը, որպեսզի շահագիգիռ անձը հեշտությամբ դրանք գտնի և տեղեկանա կոնկրետ իրավիճակի կանոններին և ըստ այդմ հետևություն անի:
Սրանք այն քայլերն են, որոնք ուղղված են անմիջականորեն հանրային վստահության բարձրացմանը:
II. Օրենսդրական դաշտ և իրավակիրառություն
Այստեղ նախևառաջ նկատի ունեմ ոստիկանության գործունեությանն առնչվող օրենսդրության կատարելագործումը, օրենսդրական նորմերի որոշակիացումը, դրանցում հայեցողական և կամայական մոտեցումներ դրսևորելու հնարավորության բացառումը: Խոսքը ոչ այնքան բուն ոստիկանության համակարգի համապարփակ օրենսդրության մասին է, որքան մարդու իրավունքներին առնչվող այն կարևորագույն օրենքների մասին, որոնցում որոշակի, այդ թվում` ուժի գործադրման լիազորություններ են վերապահված ոստիկանությանը: Այդ ակտերն են` «Հավաքների ազատության մասին» օրենքը, Ընտրական օրենսգիրքը, քրեադատավարական ոլորտի օրենսդրությունը, Վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգիրքը, բնակչության պետական ռեգիստրի, ճանապարհային ոստիկանության ոլորտները կարգավորող օրենսդրությունը:
Որքան համարժեք և համահունչ է իրավուքն արտահայտվում օրենքում, այնքան այդ օրենքն արդարացի է և իրավական: Որոշ դեպքերում վերը նշված ակտերում տեսնում ենք, որ օրենքի անորոշ և հայեցողական դրույթները հեշտացնում են օրենքը կիրառողի կողմից մարդու իրավունքի խախտումը: Նման դեպքերում ոստիկանը մի կողմից կիրառում է ոչ արդարացի, ոչ իրավական օրենքը, մյուս կողմից էլ, եթե նա անբարեխիղճ է գտնվում, դրսևորում է կամայական վարքագիծ:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ այս պահի դրությամբ նշածս ակտերում կատարվել են մի շարք փոփոխություններ, ի դեպ, շատերը եվրոպական կառույցների, ԵԽԽՎ-ի պահանջով, ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, այնուամենայնիվ, դեռևս անելիքներ շատ կան:
Նշեմ նաև, որ օրինակ, ոստիկանության կողմից ԵԱՀԿ-ի աջակցությամբ մշակվել են տարբեր ուղեցույցեր, այդ թվում` հավաքների ազատության օրենքին առնչվող, սակայն դրանք իրավական ուժ չունեն և մնում է ապավինել ոստիկանի բարեխղճությանը և հմտություններին, ինչը պատշաճ երաշխիք չէ կոնկրետ իրավիճակում մարդու իրավունքները չխախտելու համար:
Օրենքների ցանկը կարելի է շարունակել: Ռեալ փոփոխություններ անելու ցանկության դեպքում պետք է հատ-հատ սկսել այս կարևորագույն օրենքների կատարելագործումից: Այս ամենը, հաստատ կգնահատվի հասարակության կողմից և կբարձրացնի հասարակության վստահությունը: Իսկ դա անելու համար պետք է քաղաքական կամք և ոստիկանության ու ԱԺ-ի ակտիվ աշխատանք:
Հաջորդ առաջարկը, որ այս բաժնում կուզենայի հնչեցնել, դա այն է, որ կատարվի ոստիկանության իրավունքների ու պարտականությունների համախմբում մեկ օրենքում: Դա քաղաքացիներին և հենց ոստիկաններին հնարավորություն կտա տեսնելու ոստիկանության իրավասությունների ողջ ծավալը մեկ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտում, այլ ոչ թե մի շարք ակտերում: Այս հանգամանքը դրականորեն կազդի ոստիկանության գործունեության ոլորտում սուբյեկտիվիզմի բացառման համար:
Ինչ վերաբերում է իրավակիրառությանը, ապա արդեն առավելապես վերահսկողական մակարդակի խնդիր է, թե որքանով է ոստիկանը պատշաճ, բարեխիղճորեն և պրոֆեսիոնալ կերպով իրականացնում իր իրավունքներն ու պարտականությունները: Այստեղ կարևոր է նախ` պատասխանատվության կանոնների խստացումը, նախատեսված պատասխանատվության կիրառումը, անպատժելիության ի սպառ բացառումը:
Այս մասում, հատուկ ցանկանում եմ ընդգծել նաև կոռուպցիայի դեմ պայքարը:
III. Ինստիտուտցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ, կադրեր
Ոստիկանության և հասարակության գործընկերային հարաբերությունները մեծապես կարող է ապահովվել ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Արևելյան Եվրոպայում ոստիկանության բարեփոխումները կատարվել են բացառապես ոստիկանության ապակենտրոնացման ճանապարհով, ոստիկանության ապազինվորականացման, զինվորական հաշվետվության համակարգի վերացմամբ, թափանցիկության ու հրապարակայնության ապահովմամբ:
Կարծում եմ, արժե քննարկման առարկա դարձնել ոստիկանության գործառույթները, դրանցից հանել, իմ կարծիքով, ոստիկանական չհամարվող ֆունկցիաները (օրինակ՝ ոստիկանության զորքերի մասով) կամ ոչ պրոֆիլային ֆունկցիաները (օրինակ, զենքի լիցենզիա տրամադրելու լիազորությունը փոխանցել արդարադատության նախարարությանը): Կաևոր է նաև, որ վիճակագրությունը իրականացնի ոչ շահագրգիռ կազմակերպություն, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, այդտեղ նույնպես խեղաթյուրվում է իրական պատկերը: Նշվածը կարող է դառնալ մասնագիտական քննարկման առարկա` դրա արդյունավետության տեսանկյունից:
Բացի այդ, պետք է ուշադիր լինել ոստիկանության ծառայողների լիազորությունների ենթակայության և պատասխանատվության ոլորտների համընկնումների բացառման և հստակեցման հարցերին:
Ինչ վերաբերում է կադրերին, ապա պետք է ձևավորել ոստիկանի նոր կերպար, որը քաղաքացու լիիրավ պաշտպանն է: Օրինապաշտ, հասարակության հետ շփման ունակ ոստիկանները կարող են ունենալ լայն հասարակական վստահություն և աջակցություն: Պետք է հասնել մի վիճակի, երբ պետական ծառայողների, այդ թվում` ոստիկանների կողմից ոչ մի հովանավորչություն, ոչ մի չինովնիկի շահերի ներկայացում չլինի, փոխարենը լինի թափանցիկություն և պատշաճ վերաբերմունք մարդկանց հետ հարաբերություններում: Պետք է հասնել ոստիկանների մտածելակերպի փոփոխության. նրանք պետք է պաշտպանեն քաղաքացիներին, այլ ոչ թե իրենց պահեն ինչպես օրենքով զինված անձինք, որոնք ապրում են քաղաքացիների հարկերի հաշվին:
Ավելացնեմ նաև, որ բացի կադրերի ընտրության թափանցիկ ընթացակարգերի ներդրումից, նյութական պայմանների ապահովումից, շատ կարևոր է այնպիսի արժեհամակարգի արմատավորումը, առ այն, որ լավ վարքագիծը մշտապես խրախուսվում է, իսկ վատը` պարսավանքի արժանանում, և ոչ թե հակառակը: Ընդ որում` լավը կամ վատը տվյալ դեպքում պետք է գնահատել հենց հասարակությանը ծառայելու, այլ ոչ թե իշխանությանը ծառայելու տեսանկյունից:
Կարևոր է նաև ոստիկանության համակարգում ապահովել այնպիսի մթնոլորտ, այնպիսի պայմաններ, որ մեր բանիմաց և ազնիվ երիտասարդները հպարտությամբ գնան համակարգ ծառայելու` հարգարժան անձնավորության համբավ ձեռք բերելու և լավ ու երաշխավորված ապագա ունենալու հեռանկարով:
Եվ վերջինը`
IV. Հասարակության հետ աշխատանք
Այս առաջնահերթության մասին կարելի է շատ խոսել, սակայն սահմանափակվեմ մեկ կարևոր գաղափար նշելով. ոստիկանի աշխատանքի որակի բարելավման համար անհրաժեշտ նյութական պայմանների ապահովումից բացի, շատ կարևոր է հասարակական գնահատականը: Հասարակությունը պետք է տեսնի ու գնահատի թեկուզ այն փոքր դրականը, որ կա համակարգում, խրախուսի և նպաստի դրա ավելացմանը: Քննադատությունից բացի պետք է լինի դրական գնահատական այնտեղ, որտեղ դա իսկպաես առկա է: Այս հարցում, ինչ խոսք, մեծ դեր ունեն կարծիք ձևավորող ինստիտուտները՝ ԶԼՄ-ը: Ոստիկանության կամ նրա աշխատակցի մասին պետք է խոսել ոչ միայն այն ժամանակ, երբ նա խախտում է թույլ տալիս, այլև այն ժամանակ, երբ նա բարեխղճորեն կատարում է իր գործը: Պետք է բարձրաձայնել, որ ոստիկանի աշխատանքը ծանր, կյանքի համար վտանգավոր ու պատասխանատու աշխատանք է, և բարեխիղճ ոստիկաններին պետք է ասել ուղղակի պարզ մարդկային շնորհակալություն: Հասարակության հետ պետք է աշխատել նաև այս ուղղությամբ:
17 ապրիլի 2013թ.
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն