Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ և սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական, ավելին` ազգային անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Հայտնի է, որ ՌԴ իշխանությունները երբեք էլ չեն թաքցրել, որ գազը ռուսական քաղաքականության մեջ արտաքին սուբյեկտների հետ հարցեր լուծելու գործիք է և այդ գործիքն արդեն որերորդ անգամ կիրառվում է Հայաստանի նկատմամբ։ Վստահ ենք, որ այս անգամ էլ ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար։Գազի սակագնի թանկացումը բացասական հետևանքներ է թողնելու ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալ–տնտեսական վիճակի վրա, այն շղթայական ազդեցություն է ունենալու շուկայում և կբերի նոր թանկացումների, ինչն էլ մեր երկրի համար արտագաղթի արդեն իսկ գոյություն ունեցող աղետալի տեմպերի կտրուկ աճի պատճառ կհանդիսանա։ Նկատենք, որ այստեղ չի օգնի անգամ ՀՀ կառավարության կողմից առաջարկված 30 տոկոս սուբսիդավորումը, քանզի դա էլ է իրականացվելու ՀՀ բյուջեից` այսինքն կրկին ՀՀ քաղաքացիների հաշվին։Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը։ Ավելին` ՀՀ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել Հայաստանում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման և ապահովման ուղղությամբ։Ներկայիս իրավիճակը մարտահրավեր է մեր պետության համար և անհրաժեշտ է օր առաջ ստեղծել այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կապահովի բիզնեսի և քաղաքականության տարանջատում, կձևավորի նոր տիպի հարկային և օրենսդրական դաշտ, ինչն էլ հնարավորություն կտա ունենալ գիտատեխնիկակական առաջընթացի վրա հիմնված մրցունակ տնտեսություն և կբացառի կախվածությունը այլ երկրների քաղաքական և տնտեսական շահերից։