Շատ լավ է, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր նշանակություն ունի, բայց արդյոք նույն նշանակությունը ունի Ռուսաստանը Հայաստանի համար: Այս մասին այսօր` հունիսի 13-ին հրավիրված սեմինար-քննարկման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրին եւ առաջարկելով քննարկել իր առաջ քաշած հարցը:
«Այդ հարցը պետք է քննարկել ոչ թե ասիմետրիկ, այլ սիմետրիկ հարթության մեջ: Ի՞նչ է նշանակում հարցերը «կամ-կամ»-ի կամ «չի կարելի»-ների հարթությունում քննարկել: Ովքեր տեղյակ են «կամ-կամ»-ի կամ «եւ-եւ»-ի ձեւաբանությանը, զուտ մաթեմատիկական տրամաբանության տեսակետից գիտեն, որ «կամ-կամ»-ը եւ «եւ-եւ»-ը միասին չեն աշխատում: Միթե դժվար է գիտակցել, որ ամբողջ գոնե քաղաքական եւ տնտեսական առաջադեմ էլիտան ձգտում է դեպի արեւմտյան տեխնոլոգիաներ եւ շուկաներ, ինչը չի վերաբերում է ռազմական էլիտային»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ոչ ոք չի ասում որ այս հարցը պետք է դիտարկել բախումների տանելու հարթությունում: «Բայց մի բան ակնհայտ է՝ Եվրամիության առումով մենք պետք է անվտանգության խնդիրներ լուծելու հնարավորություն ունենանք՝ կապված, ինչու չէ, Ղարաբաղի հարցի հետ: Ստորացուցիչ եմ համարում այն պատկերացումները, որ պետք է կուրորեն գնալ, այս կամ այն ուղղությամբ»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը: Նա նշեց, որ երեկ խոսել է մի գործարարի հետ, ով վախեցած է եղել եվրոպական շուկայից եւ եվրոպացի գործարարներից: «Պատճառը մեկն է՝ որովհետեւ Հայաստանում չրի արտադրությունից այն կողմ չեն ցանկանում տեսնել: Եթե չրի արտադրությամբ ենք զբաղվելու, Միջին Ասիայի հետ էլ չենք կարողանալու մրցել: Այսինքն, մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի բարձր ստանդարտի արտադրություններ ստեղծելը: Եթե կարողացանք՝ մրցակցային դաշտում տեղ կունենանք, իսկ եթե ոչ՝ մնացածն ավելորդ է քննարկել»:
Ի դեպ, Խաչատուր Քոքոբելյանը, խոսելով ռուսական բազաների եւ տեխնիկաների մասին, ասաց, որ շատ վաղուց այն տեխնիկայի գերակշիռ մասը, որը գտնվում է Հայաստանում, սկսաց ավտոմեքենաներից, մետաղի ջարդոն է: «Եվ դա չգիտակցել, նշանակում է տարրական գրագիտություն չունենալ: Ո՞վ չգիտի, որ «Պոբեդա» մեքենան այլեւս մետաղի ջարդոն է կամ էկզոտիկ մեքենա: Նույնն էլ հին մակնիշի ռուսական տանկերն են: Դա չգիտակցել նշանակում է դեմոգոգիայով զբաղվել»,- ավելացրեց Խաչատուր Քոքոբելյանը: