«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։
Նրա խոսքերով՝ սա ոչ թե առեւտրային, այլ քաղաքական գործարք էր. «Ոչ թե նավթ են վաճառում, ոչ գազ եւ ոչ էլ ոչխար, երբ որ այդ երեքը վաճառեն, այդ ժամանակ ես կհամարեմ, որ դա առեւտրային գործարք է, երբ վաճառվում է զենք, դա արդեն քաղաքական գործարք է եւ այդ առեւտրային գործարքը գնում է հակադարձ մեր կնքած պայմանագրի, մեր բոլոր պրոտոկոլների, մեր բարի մտադրություններին եւ ես ուզում եմ վիճարկել մեր մեծ եղբոր բարի մտադրությունների շարքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը։
Փոխարենը ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը համոզված է, որ զենքը եւս ապրանք է, աշխատանքի արդյունք է, բայց մի տարբերությամբ, որ միջազգային պայմանագրերով եւ միջազգային նորմերով է կարգավորվում դրա առք եւ վաճառքը։
Այսօր բանախոսներն անդրադարձան նաեւ Եվրամիությանը եւ Եվրասիական միությանը անդամակցելուն։ Արտակ Դավթյանի խոսքերով՝ մենք պետք է միասնական խաչման կետերով պետք է առաջնորդվենք։
Իսկ Անուշ Սեդրակյանը նշում է, որ նման քաղաքականությունը կարող է մեծագույն թշնամի լինել մեզ համար։
Տիկին Սեդրակյանի խոսքերով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ առաջնորդվում է մահակի եւ թխվածքաբլիթի քաղաքականությամբ։ «Ռուսաստանը խփում է Հայաստանին եւ քաղցրացնում այլ երկրներին», – եզրափակեց նա։
Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ: