Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Մաքսային միություն մտնելուց Հայաստանի անկախության կորստի հոտ է առնում. «Եթե Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր անկախությունը, կարող է յուրաքանչյուր քաղաքացու մեկ այլ պետություն վճարի շատ շատ, քան գազի գինն է»։
Պատգամավորն առաջարկում է չխաբվել գազի գնի հնարավոր էժանացմամբ, վճարելու ենք ավելի թանկ։ Հայաստանը պետք է մերժի ռուսներին։ Նրանք արդեն Ադրբեջանին են զենք վաճառում, որի միակ թիրախը մենք ենք. «Ռուսաստանը երբեք հաշվի չի առնում Հայաստանի շահը»,-ասում է նա։
Խաչատուր Քոքոբելյանն ընտրում է Եվրոպան։ Գործընկեր Թեւան Պողոսյանը համոզված չէ, որ Ռուսաստանի համար տնտեսական առումով շահեկան է Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, բայց չարժե, որ մենք հրաժարվենք։
«Միայն եւ միայն հրաժարվելով միգուցե չնպաստենք մեր շահերի իրականացմանը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։
Այնուամենայնիվ, նա չի ուզում, որ տարածաշրջանում Հայաստանը լինի Ռուսաստանի ֆորպոստը։ Ինքը մեծ հույսեր է կապում նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության ասոցացման համաձայնագրի տակ իր ստորագրությունը դնելուն։ Նախատեսված է համաձայնագրի նախաստորագրումը։
«Ինչպես բարեկեցության, այնպես էլ քաղաքական ընտանիքին պատկանելու արժեհամակարգից, ես մեզ տեսնում եմ ավելի շատ Եվրոպայում»,-ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։
Հանրապետական Կորյուն Նահապետյանն առաջարկում է նայել հանգամանքներին, եւ պետք է մտնել Մաքսային միություն եւ պետք չէ մտնել, Հայաստանը դեռ ժամանակ ունի երկուսն էլ անելու համար. «Մենք պետք է շարունակենք քննարկումները գնահատելու համար, թե այս կամ այն կառույցի անդամակցումը բխու՞մ է մեր պետության շահերից»։
Հանրապետականը չի ուզում Եվրամիությունը հակադրել Մաքսային միությանը, իսկ այն, որ Ռուսաստանը շտապեցնում է գազի գնի բարձրացման եւ Ադրբեջանին վաճառելիք 1 միլիարդ դոլարանոց զենքով, այդքան էլ էական չէ. «Ինչ վերաբերվում է զենքի վաճառքին, ապա չեմ կարծում, թե դա մեզ նեղելու նպատակ է հետապնդում»։
Ի դեպ, պատգամավորը տեղյակ չէր, որ իր կուսակցության երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ վարչապետը եւ էներգետիկայի նախարարը կողմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը մաքսային միությանը։