«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը համոզված է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը, դժբախտաբար, կախված է մեկ պետությունից։
«Ցավոք սրտի, տարիներ ի վեր ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը ռուսական արտաքին քաղաքականության մի մասն է եղել, սակայն միշտ չէ, որ մեր շահերը և Ռուսաստանի շահերը համընկնում են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պնդելով, որ այսօր Հայաստանի իշխանությունները բոլոր մակարդակներում իրականացնում է ոչ արդյունավետ կառավարում:
Խաչատուր Քոքոբելյանը չի կիսում տեսակետները, թե Մաքսային միությանը միանալու պարագայում Հայաստանը տնտեսապես կշահի՝ գազը կէժանանա, նույնիսկ թոշակների բարձրացում տեղի կունենա:
«Մեր անկախությունը զիջելու դիմաց կարող է մեզ շատ փող էլ տան, բայց ինչեր կկորցնենք այդ դեպքում, և դա կարծում եմ, որ շատ խիստ է շահարկվում բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր կողմնակից են կամ ուղղակի կրում են ռուսական ազդեցությունը, որ Հայաստանն, անպայման, պետք է դառնա Մաքսային միության անդամ»,- ասաց նա և ավելացրեց, թե օրվա հրամայական է դեպի Եվրոպա կողմնորոշումը:
«Եթե մենք չենք ընտրելու Եվրոպական ուղղությունը, իմ խորին համոզմամբ, դժբախտաբար, Հայաստանը կհայտնվի շատ ծանր կացության մեջ: Ցավալի է, որ երբեմն այնքան պրիմիտիվացված են հասարակությանը մատուցում եվրոպական արժեքները, եվրոպական ստանդարտները, որ զարմանալ կարելի է: Հայաստանում պետք է կիրառել բացառապես 21-րդ դարին հարիր քաղաքականություն, որը կբերի արժանապատիվ ապրելու կողնորոշում»,- ասաց նա։
«Ազատ դեմոկրատների» ղեկավարը խնդրեց ուշադրություն դարձնել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ճնշումներին, մասնավորապես՝ գազի սակագնի թանկացում, ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին զենքի մատակարարում և այլն:
«Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը ոչ թե «մեսիջներ» են, այլ ակնհայտ ճնշումներ։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկերը, բայց արի ու տես, որ նա զինում է մի պետության, որը մեր հանրապետության ամենամեծ հակառակորդն է հանդիսանում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ է տալիս Եվրոպան, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Դեպի Եվրոպա գնալը մեծ հնարավորություն է առաջ գնալու զուտ տնտեսական, ինչպես նաև մարդու իրավունքների առումով»:
Դիտարկմանը, որ Հայաստանի դեպքում ոչ պակաս կարևոր է անվտանգության երաշխավորումը, Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց այսպես. «Այո, այդտեղ ես էլ եմ համաձայն, որ Արևմուտքը պետք է մեզ առաջարկի լուրջ և հստակ այլընտրանք, որի դեպքում ՀՀ ԼՂ անվտանգության խնդիրը օդում կախված չլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանությունների վարած բազմավեկտոր քաղաքականության հնարավորությանը, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ այդպես հնարավոր չէ երկար շարունակել:
«Չկա բազմավեկտոր քաղաքականություն, ուղղակի Հայաստանը եվրոպացիների հետ բարեկամանական քաղաքականություն է վարում, և դա կանի այնքան, մինչև ռուսական կողմին չխանգարի: Դժբախտաբար, մինչև այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք ականատես ենք եղել, որ երբ մեր հարաբերությունները խոչընդոտում են ռուսական շահերին, այդ հարաբերությունները վատթարանում են»,- ասաց նա:
«Կցանկանամ այս անգամ այդպես չլինի և, այո՛, ընդդիմություն լինելով հանդերձ հույս ունեմ, որ իշխանություններն իրենց մեջ կամք կունենան և Ասոցացման պայմանագրի գործընթացը մինչև վերջ իր ավարտին կհասցնեն»,- եզրափակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: