«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համար շատ զարմանալի է ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակի պատասխանը, ով հղում անելով միջազգային պայմանագրի մասին ՀՀ օրենքը՝ նշել էր, թե չեն կարող հրապարակել ՀՀ -ԵՄ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ փաստաթղթերը։
«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը բազմիցս ասել է ու վերջերս էլ կուսակցության հայտարարության մեջ մենք շեշտել էինք, որ անհրաժեշտ է հրապարակել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ փաստաթղթերը, քանզի կարծում ենք, որ այս հարցում պետք է լինել հնարավորինս թափանցիկ: Սա այն հարցն է, որը վերաբերում է բոլորիս ապագային և ՀՀ քաղաքացին պետք է իմանա, թե ինչ կա այդ փաստաթղթերում, ինչ փոփոխություններ են իրեն սպասվելու դրանց նախաստորագրումից, իսկ այնուհետև` ստորագրումից հետո: Ավելին, շատ զարմանալի է ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակի այն դիրքորոշումը, թե իրենք չեն կարող հրապարակել փաստաթղթերը, այն դեպքում, երբ բանակցային գործընթացի համար պատասխանատու եվրոպացի պաշտոնյաներն իրենք են խոսել փաստաթղթերի հրապարակման անհրաժեշտության մասին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը։
Նա ի գիտություն Տիգրան Բալայանի՝ հիշեցրեց, որ հենց Հայաստանում Եվրամիության ընդլայնման քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ դա իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է։
«Եվ հենց այդ պատճառով ինքն անձամբ խորհուրդ է տվել իշխանություններին հրապարակել, բացատրել դրանք ժողովրդին: Ֆյուլեն ասել էր, որ հայաստանյան բանակցող թիմը պետք է բացատրի հասարակությանը, թե այնտեղ ինչ կա ժողովրդի համար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը բացատրել էր, որ այս փուլում փաստաթղթերը հրապարակել չեն կարող։ «Առաջարկում եմ Ձեզ կարդալ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքը, որտեղ հստակ ամրագրված են ընթացակարգերը»,- նշել էր նա։