Hayeli.am-ի հարցազրույցը քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ.
-Քաղաքական, հասարակական քննարկումներում ակտիվ խոսվում է Հայաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին կամ Մաքսային միությանը անդամակցելու մասին։ Սակայն երկու ծրագրերն էլ, մեծ հաշվով, ծանոթ չեն հասարակությանը։ Հասարակության մեջ անգամ նեղ շրջանակներին ստույգ հայտնի չէ, թե այդ համաձայնագրերը կոնկրետ ինչ դրույթներ ու պայմաններ ունեն, դրանցից որեւէ մեկը ընտրելու դեպքում Հայաստանն ի՞նչ է շահելու եւ ի՞նչ է կորցնելու։
-Ինչպես գիտեք, մեր կուսակցությունը պահանջել է այդ փաստթաղթի հանրայնացումը։ Տարօրինակ են պայմանագրի հրապարակայնացման պահանջի ժխտողական պատասխանները։ Իսկ Ուկրաինան արդեն հրապարակայնացրել է Եվրամիության հետ առեւտրի համաձայնագրի փաստաթուղթն ու այն արդեն ներկայացվել է հանրային քննարկման։ Չեմ կարծում, թե Ուկրաինայի հետ համաձայնագրի պայմանները կտարբերվեն մյուս երկրներին ներկայացվելիք առաջարկներից։ Գուցե լինեն ինչ-ինչ փոփոխություններ, բայց հիմնարար սկզբունքները նույնը կլինեն։ Ուսումնասիրելով այդ փաստաթուղթը եւ տեսնելով դրա ակնհայտ առավելությունները Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ ինձ մոտ անհատական ու քաղաքական տարակուսանք է առաջանում առ այն, թե ինչո՞ւ չեն հանրայնացնում նման նպաստավոր փաստաթուղթը՝ դրանով առաջացնելով կասկածի եւ մտահոգությունների ալիք։ Եվրամիություն-Ուկրաինա առեւտրի համաձայնագրին ծանոթանալուց հետո այլ հարցադրում է առաջ եկել՝ միգուցե փաստաթուղթը չեն հրապարակում, որպեսզի մարդիկ չտեսնեն դրա ակնհայտ առավելությունները։
–Եվրամիություն-Ուկրաինա առեւտրի համաձայնագրում ի՞նչ առավելություններ կան, որ կարող են շահավետ լինել Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների համար։
-Փաստաթղթում իմպորտի եւ էքսպորտի սահմանափակումների վերացման մասին կետ կա։ Էքսպորտային բոլոր պարտականություններն անմիջապես վերացվելու են, ինչը ենթադրում է, որ Հայաստանի համար տնտեսական հստակություններ են բացվելու։ Բայց հենց սա է խնդիրներ ստեղծում մի շարք խոշոր տնտեսվարողների համար։ Մյուս հիմնարար կետը ապրանքի ստանդարտիզացիայի մասին է։ Այսինքն՝ Հայաստան ներկրված ապրանքները պետք է համապատասխանեն Եվրամիության ստանդարտներին, ինչը նշանակում է, որ մեր ներկրողներն այլեւս չեն կարող ներմուծել անհայտ ծագման ու որակի սնունդ, հագուստ, խաղալիքներ, դեղեր։ Գուցե այդ համաձայնագրի հրապարակայնացումից խուսափելու պատճառն այն է, որ իշխանությունները դեռ տատանվում են, դեռ չեն կողմնորոշվել ինչ ընտրել՝ ԵՄ ասոցացման համաձայնագի՞րը, թե՞ Մաքսային միությունը։ Իսկ հետո որեւէ ընտրություն կատարելուց հետո կարող են հայտարարել, թե այն ուղղությունը, որը չարժանացավ մեր ընտրությանը, այնքան էլ բարենպաստ չէր Հայաստանի համար։
–Իսկ Մաքսային միության առաջարկներին ծանո՞թ եք։ Դրանք որքանո՞վ կարող են նպաստավոր լինել Հայաստանի համար։
-Կարող եմ ասել, որ այդ տնտեսական խորհրդում Հայաստանն ընդհանրապես ձայնային որեւէ առավելություն չի ունենալու, քանի որ Ռուսաստանը տնօրինում է ձայների վետտոյի 40 տոկոսը, 20-ական տոկոսները տնօրինում են Ղազախստանն ու Բելառուսը, իսկ մյուս ենթադրական երկրները բացարձակ ձայնազուրկ են եւ չեն կարող որեւէ վճռորոշ ձայն ունենալ։ Բացի սա, Մաքսային միությունը չի խախտում Հայաստանի մաքսահարկային ստրուկտուրան, իսկ այն մեզ մոտ, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ եւ նպաստում է Հայաստանի աղքատացմանը։
-Տեսակետներ կան, որ արեւմտամետությունը նույնքան վտանգավոր է, որքան ռուսամետությունը, եւ առաջարկում են ստեղծել հայամետների ճակատ։
-Հանրապետությունը ինքնահռչակ կատեգորիա չէ։ Հանրապետությունը քո պետության անկլավացումը չէ քո սեփական պատկերացման հանաձայն։ Հանրապետությունը բոլոր հնարավոր չափանիշների ուսումնասիրումն է եւ լավագույնի որդեգրումը, որը կապահովի քո պետության զարգացումը։ Այդպիսի մերկապարանոց հայտարարություններ անել՝ ասելով, որ արեւմտամետերն ու ռուսամետերը հավասարապես վասալացումն են երկիրը, իսկ հայամետ ճակատը պահպանում է սուվերեն չեզոքություն, նշանակում է ստեղծել քաղաքական ռոմանտիկ վակուում։ Որովհետեւ այսպես թե այնպես, Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ նա պետք է ստորագրի կա՛մ այս, կա՛մ այն պայմանագիրը։ Նման ընտրության առկայության դեպքում հայտարարել, որ կան արեւմտամետ, ռուսամետ ու հայամետ ճակատներ, նշանակում է աղավաղել իրականությունը։ Պետականության կայացման երկու ստանդարտ կա, եւ ժամանակն է ընտրել այդ երկու ստանդարտներից մեկն ու մեկը։ Մենք, իհարկե, կարող են որոշակի հետեւություններ անել Եվրամիություն-Ուկրաինա առեւտրի համաձայնագրի օրինակով։ Բայց չպետք է հետեւություններ անենք՝ ենթադրաբար ուսումնասիրելով այլ երկրի բաց եւ թափանցիկ հրապարակած փաստաթղթերը։ Մենք պետք է հետեւություններ անենք՝ մեր ձեռքի տակ ունենալով կոնկրետ մեր երկրին առաջարկվող պայմանները։ Միայն այս դեպքում է հնարավոր ծավալել լիարժեք դեբատներ։ Ընդհանրապես, Հայաստանի քաղաքականության հիմնական վերքն ու խնդիրն այն է, որ մենք գաղտնիության շրջան ենք մտնում այնպիսի հարցերում, որտեղ այն ուղղակի հակացուցված է։ Յուրաքանչյուր քաղաքական դատողություն պետք է ունենա փաստագրված քաղաքական դրույթ։
Մարինա Բաղդագյուլյան