Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ պաշտոնական Երեւանը պետք է հետեւություններ անի ռուս-ուկրաինական «տնտեսական պատերազմից»:
– Թեեւ հայաստանյան պատկան բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ նոյեմբեր ամսին պաշտոնական Երեւանը նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որոշակի քաղաքական շրջանակներում թերահավատությունը պահպանվում է: Դուք է՞լ մտավախություններ ունեք, որ վերջին պահին ՀՀ իշխանությունների համարձակությունը կարող է չբավարարել:
– Այսօր մեզ պակասում են լուրջ քննարկումներն այդ թեմայով. արդյոք ՀՀ իշխանությունները եւ քաղաքական ուժերն ի զորո՞ւ են առաջնորդվել բացառապես մեր պետության շահերով, այլ ոչ թե վախվորած քաղաքականություն վարեն, թե տվյալ պահին որքանո՞վ են մեր շահերը հակասում այլ պետությունների շահերին` անտեսելով բուն Հայաստանի շահը այս գործընթացում: Առաջիկայում անհրաժետ ենք համարում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում խորը քննարկման առարկա դարձնել այս հարցը, որպեսզի հանրության համար էլ ավելի պարզ և հիմնավոր լինեն հնչեցվող կարծիքները, թե ի՞նչ կտա Հայաստանին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կամ ինչու չէ, չստորագրումը: Խոսքը չի վերաբերում բուն փաստաթղթի պաշտոնական հրապարակմանը, այլ համաձայնագրի էությանը և բովանդակությանը ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, ինչը ապահովելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է: Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է, որ առաջանում է այս խառնաշփոթը: Բառացիորեն երբեմն այդ խնդրի կարեւորությունը ստորադասվում է, իսկ մինչ այսօր հնչած փաստարկները` թե դեմ, թե կողմ, հաճախ շատ պարզունակ են: Օրինակ, ինքս շատ վտանգավոր եմ համարում այն տեսակետը, որը վերջերս հաճախ է շրջանառության մեջ դրվում, թե ՀՀ-ն գնալով ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ծրագրերի խորացմանը` վտանգում է իր անվտանգությունը: Այսինքն, որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակներ, դեռեւս փորձում են այս խնդիրը ներկայացնել բացառապես ՌԴ-ի տեսակետից` չվարանելով ասել, որ դա ձեռնտու չէ ՌԴ-ին ու Հայաստանը չպետք է գնա այդ քայլին: Ցավոք, այդ կապակցությամբ այդպես էլ փաստարկներ չեն ներկայացնում թե հենց Հայաստանին դա ի՞նչով է ձեռնտու կամ թե ինչով ձեռնտու չէ: Նման մակարդակով արտաքին քաղաքականության այդ կարևորագույն հարցին մոտենալ չի կարելի: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ՀՀ համար հնարավորություն է ստեղծում մուտք գործել ամենամեծ տնտեսական շուկան, և ճիշտ չեմ համարում այդ հարցը տեղափոխել զուտ անվտանգության համակարգի ոլորտ:
Օրինակ՝ Մեքսիկան և ԵՄ-ը դեռևս 2000թ. վավերացրել են Ազատ առևտրի պայմանագիրը, դրանով իսկ լուծելով զուտ տնտեսական խնդիր: Իմ համոզմամբ, ՀՀ իշխանությունները պարտավորված լինելով առաջնորդվելու բացառապես Հայաստանի շահով` պետք է իրենց մեջ ուժ գտնեն և ստորագրեն ԵՄ Ասոցացման, ազատ, խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրերը: Դա Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ պայման է: Այստեղ նաեւ կարեւոր քաղաքական խնդիր կա. Հայաստանը գտնվելով շրջափակման մեջ եւ ունենալով ԼՂՀ-ի չլուծված հակամարտություն, չմիանալով այդ համաձայնագրերին` ինքն իրեն տնտեսական շրջափակման ուղու վրա կդնի: Այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալու ազատ տնտեսական մրցակցության դաշտ ստեղծելու, մեր հալումաշ եղած տնտեսական համակարգում նոր ռեսուրսների ներգրավվածության հարցեր լուծելու: Հայաստանում իրավիճակի այդքան անհրաժեշտ փոփոխությունների գնալու համար միայն մեր ներքին ռեսուրսն այսօր բավարար չէ, այլապես, արդեն փոփոխություններ եղած կլինեին: Հետեւաբար, մենք, առանց այլեւայլությունների, պետք է այլ հնարավորություններ եւ ռեսուրսներ էլ ստեղծենք: Ես նկատի ունեմ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ շուկաների, ե՛ւ այսքան արագ տեմպերով զարգացող աշխարհում մրցունակ տնտեսություն ունենալու խնդրի կարևորությունը:
– Նկատի ունեք, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկա՞ր կլինի:
– Դա այլ հարց է եւ այլ հարթությունում է գտնվում: Բայց ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հայաստանը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործի ու փակ սահմաններ չունենա: Սա տնտեսական սահմանների բացման հնարավորություն է: Հայաստանի վիճակում գտնվող երկրի համար` չլուծված հակամարտությունը, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, փակ սահմանները նշանակում են զարգացման լրջագույն խոչընդոտ, հնարարավորությունների սահմանափակում. ի՞նչ ձեւակերպում ուզում եք` տվեք: Բացարձակ տեղին չեմ համարում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խուրացումը բացառապես անվտանգության համակարգերի հարթություն տեղափոխելը: Ավելի կոպիտ կարելի էր ձեւակերպել, բայց առայժմ մեղմ ասեմ` հայաստանյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները պետք է Հայաստանի շահից ելնեն, քան պրոեկտեն ռուսական, եվրոպական կամ արեւմտյան շահերը մեր քաղաքական դաշտում: Այս առումով, առաջնորդվելով բացառապես սառը ու ծանրակշիռ հաշվարկներով, մենք մեր կարծիքը միշտ ենք ասել` մենք կողմնակից ենք ոչ միայն ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման եւ ինտեգրացիայի, այլ նաեւ Հայաստանն իր օրակարգում պետք է ունենա ԵՄ-ին անդամակցության հարց: Միգուցե այսօր շատերի համար դա ժամանակավրեպ թվա, բայց երեսուն տարի առաջ շատ քչերը կարող էին պատկերացնել, որ կարող են երկրներ փլուզվել եւ այսօր արդեն աշխարհի քարտեզի վրա չլինել: Իսկ աշխարհի ներկայիս զարգացման համատեքստում, Հայաստանի համար ամենահեռանկարայինը եւ նպատակահարմարը` Եվրոպայի լիարժեք անդամ լինելն է: Իսկ այն մարդիկ, ովքեր խոսում են ԼՂՀ կոնֆլիկտից, պետք է մի բան հստակ գիտակցեն` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության երաշխիքը զարգացած եւ կենսունակ Հայաստան ունենալն է: Պետք է կարողանալ այնպիսի ճիշտ քաղաքականություն վարել, որ որեւիցե մեկի կամքից կախված չլինի Հայաստանի անվտանգության խնդիրը: Այս դասագրքային ճշմարտությունը միտումնավոր փակուղի մտցնելը, ասել, որ եթե խելոք չմնանք ռուսները մեզ կոչնչացնեն, պարզապես ստորացուցիչ է: Նման մտքեր հնչեցնելիս նախ պետք է հաշվի նստել պետության եւ հասարակության արժանապատվության հետ: Բայց հույսեր կապել բացառապես Ասոցացման համաձայնագրի հետ եւ հույս տածել, որ դրա ստորագրմամբ Հայաստանը անմիջապես կզարգանա` այդպես չէ: Դա պարզապես անհրաժեշտ պայման է, որը հնարավորություն կտա լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, էֆեկտիվ կառավարվող պետություն ստեղծելու խնդիրները լուծել:
– Իրատեսական համարում ե՞ք, որ մինչեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ՌԴ-ն խրախուսի ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի արկածախնդրությունը:
– Ես այն կարծիքին եմ, որ չի խրախուսի: ՌԴ-ն ինքն էլ խնդիրներ ունի: Այսօրվա աշխարհում, աշխարհաքաղաքական մեծ գործընթացները` պատերազմական օջախների առաջացում եւ այլն, միակողմանի տեղի չեն ունենում: Որեւէ գերտերություն, այդ թվում նաեւ ՌԴ-ն միանձնյա որոշումներ չի կարող կայացնել: Բացի այդ, ՌԴ-ն ունի Սոչիի օլիմպիադայի խնդիրը, որին աշխարհը կարծես միանշանակ չի արձագանքում: Ես չեմ կարծում, որ օլիմպիադայից առաջ ՌԴ-ին ձեռնտու կլինի մտնել նմանատիպ գործընթացների մեջ:
Ավելին, ԼՂՀ հակամարտության հանգուցալուծման վրա, ցավոք, հակամարտող կողմերը` Ղարաբաղը-Ադրբեջանը եւ Հայաստանն այդքան մեծ ազդեցություն չունեն, ինչքան գերտերությունները: Բնական է, որ հակամարտությունըը լուծում կստանա միայն գերտերությունների շահերի համընկնելու դեպքում եւ այդ հակամարտությունը միակողմանիորեն օգտագործել Հայաստանի դեմ` ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման համար, որեւիցե կողմին չի հաջողվի: Հայաստանի` Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը ՌԴ-ի համար առավելապես քաղաքական եւ հոգեբանական խնդիր է, քան տնտեսական, ինչպես Ուկրաինայի պարագայում է, բայց ԼՂՀ կոնֆլիկտը Ասոցացման համաձայնագրի դեմ կամ հօգուտ օգտագործել, որեւիցե կողմին չի հաջողվի, կարծում եմ, որ նման թեզերը տարածվում են զուտ քարոզչական նպատակներով:
– Այն տնտեսական պատերազմը, որը ՌԴ-ն սկսել է Ուկրաինայի դեմ, Հայաստանին սպառնո՞ւմ է, մանավանդ, հայաստանյան տնտեսական շատ հզորություններ այժմ ՌԴ-ի ձեռքերում են: Ի դեպ, տարբեր տրամաչափի ռուս վերլուծաբաններն արդեն իսկ խոսում են Ուկրաինայի օրինակը ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառելու մասին:
– Այո, ցավոք, մինչ օրս Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսության կարեւորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները ՀՀ-ին չեն պատկանում: Դրանք պատկանում են ռուսական ընկերություններին, ու երբ մենք ժամանակին խոսում էինք այդ մասին, մեզ համարում էին հակառուսական: Զիջել ենք նաեւ անկախության կարեւորագույն ատրիբուտները, այդ թվում նաեւ անվտանգությունը, բայց աժմ ճիշտ պահն է սթափ մտածելու եւ ստեղծված իրավիճակից լուրջ հետեւություններ անելու, որպեսզի եվս մեկ անգամ չգնանք Հայաստանի ունեզրկմանը: Կարծում եմ՝ ՌԴ-ն Հայաստանի հետ այնպես չի վարվի, ինչպես Ուկրաինայի: Ոչ թե այն պատճառով, որ մեր նկատմամբ ավելի բարի կգտնվեն: ՌԴ-ի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները այլ մակարդակի են, մեծ ծավալի են, կտրվելով ուկրաինական տնտեսությունից` ռուսաստանյան տնտեսությունն էապես կտուժի: Բայց Հայաստանում, առավելեւս պետք է այս ամենից հետեւություններ անեն. գիտակցեն, որ այս ամենից ապագայում խուսափելու համար պետք է մեկ անգամ կարողանալ ուղղահայաց կանգնել, ողնաշարը ձիգ պահելով` առաջնորդվել բացառապես ՀՀ-ի շահերով: Ոչ ոք չի ասում, որ պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնել կամ դրանք ոչնչացնել: Իսկ եթե ՌԴ-ում մտածում են, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով ՀՀ-ն վտանգում է ՌԴ-ի հետ իր հարաբերությունները, նշանակում է մենք այդտեղ մտածելու լուրջ բան ունենք` մեր ռազմավարական հարաբերությունների որակի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ