Քաղաքացիական շարժումը և նրա պատճառները միանշանակ սահմանել հնարավոր չէ, սակայն հնարավոր է նշել այն գործոնները, որոնցով պայմանավորված է ակտիվությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Ըստ Բադեյանի՝ գործոններից մեկը խորը հիասթափությունն է ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք պետք է կարողանային ներկայացնել ինչ-որ հատվածի խնդիրները և պաշտպանել նրանց շահերը, բայց չեն կարողացել:
«Կարևոր գործոն է հասարակության ակտիվությունը, դա նաև հասունացման արգասիք է: Կան կենտրոններ՝ իրենց ազդեցության գործակալներով, որոնք ընդհատակյա գործունեություն են ծավալում: Ինչ խոսք, նշված շարժումների ակտիվացումը նաև իշխանության հետ պետք է կապել. ըստ երևույթին, իշխանությունը ոչ լիովին է բավարարում որոշ շերտերի պահանջները կամ ոչ լիարժեք է նրանց հետ աշխատում»,- ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ քաղաքացիական այս ակտիվության փուլն արդեն սերտորեն առնչվում է սոցիալական բունտին: «Սոցիալական բունտի մասին խոսելիս մենք իրավունք չունենք ընդդիմության անունը տալ. նրա ձեռքին չեն այն լծակները, որոնք ժողովրդին հասցնում են սոցիալական թշվառության: Ընդդիմությանը գուցե կարելի է մեղադրել գաղափարական ինչ-ինչ հարցերում, բայց ոչ այս պարագայում»,- ասաց նա:
Բադեյանը հակադարձելով՝ նշեց, որ ինքը որևէ հակաօրինական բան չի ողջունում, իսկ քաղաքացիական շարժումն օրինական է, եթե հակաօրինական ձևեր չի ընդունում: «Դուք ասում եք՝ բունտ, դա հակաօրինական է, դուք բունտ հրահրելով՝ հակաօրինական քայլի եք դրդում, իսկ եթե կարծում եք՝ բունտը հարց պիտի լուծի, սխալվում եք. Մենք ունենք դրա բազմաթիվ օրինակները»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ քաղաքական ուժերը ցանկանում են իշխանության գալ, իսկ քաղաքացիականները՝ բարելավել հասարակությունը. այս առումով նրանք ծայրահեղ տարբեր տիրույթներում են, տարբեր են նաև նպատակները:
Բադեյանը լուրջ չի վերաբերվում թեժ աշնան կանխատեսումներին՝ նշելով, որ այդ մասին տասնամյակներ շարունակ խոսում են, սակայն ոչինչ չի կատարվում:
«Եթե կարող եք թեժ աշուն անել՝ հայտարարեք, հակառակ դեպքում դուք ձեզ մի վարկաբեկեք»,- ասաց նա:
Անուշ Սեդրակյանը, սակայն, համոզված է, որ վիճակը ծայրահեղ վատ է. երբևէ գյուղատնտեսական մթերքի գինն այսպիսի թռիչք չի ունեցել, բոլոր ոլորտներում խնդիրներն այսքան մտահոգիչ չեն եղել, երբևէ Հայաստանում ինքնասպանության շեմն այսքան բարձր չի եղել:
«Ինձ քաղաքական շոուն չի հետաքրքրում, այլ այն սոցիալական ստանդարտը, որը նվազում է իմ հայրենիքում: Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու շահերը»,- ասաց նա:
Սեդրակյանը մեջբերեց հայտնի ասույթը՝ սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ իմ պետությունը, սակայն դա դեռ չի նշանակում, որ պիտի սիրեմ նաև իշխանություններին:
Բանավեճի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։