This post is also available in:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
20-րդ դարի վերջն աչքի ընկավ խորհրդային կարգերի փլուզմամբ, ինչը երկիրը փակուղի մտցրեց: Ձեռնարկվեցին առաջին քայլերը իրավական պետության և շուկայական տնտեսության ստեղծման ուղղությամբ, սակայն այն ավարտին հասցնելու հնարավորությունը այդպես էլ չիրագործվեց: Փոփոխությունների քաղաքականությունը, որն իրականացվում էր այդ տարիներին հիմնվում էր աշխարհի սոցիալ-տնտեսական ու մտավոր զարգացման փորձի կողմից մերժված, ոչ արդյունավետ մեթոդների վրա:
Սոցիալական արդարության սկզբունքից հրաժարումը բերեց քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի նվազեցման` բնակչության զգալի մասին հասցնելով աղքատության շեմին, ինչն էլ հիմք հանդիսացավ երկրից մասսայական արտագաղթի համար: Առաջացավ կտրուկ սոցիալական շերտավորում և միջին դասի` որպես կայուն դեմոկրատիայի երաշխիքի բացակայություն: Ժողովրդի հանդեպ ունեցած սոցիալական պարտավորությունների չկատարումը, միաժամանակ ազգային հարստության և պետական իշխանության ինստիտուտների մասնավորեցումը նեղ շրջանակի անձանց, հասարակությունը բաժանեց հաջողակ (արտոնյալ) փոքրամասնության և պարտված (մերժված) մեծամասնության:
Միաժամանակ, ժամանակակից տնտեսությանն ու ազատական շուկային համապատասխանող իրավական, սոցիալական և տնտեսական ինստիտուտներ ստեղծելու պարտավորություններից հրաժարումը բերեց բիզնեսի և պետական կառուցվածքների միաձուլման, ինչը ժամանակակից Հայաստանում հիմք դրեց կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի ձևավորման ու զարգացման:
Նախորդ տարիների տնտեսական և քաղաքական ձախողումները մարդկանց մեծամասնության աչքերում նսեմացրեցին դեմոկրատական, ազատական և շուկայական ինստիտուտներն ու արժեքները: Վերջիններին նկատմամբ հասարակության գիտակցական աջակցության բացակայությունը, դրանց ոչ զարգացվածությունը և ցածր արդյունավետությունը, իշխող էլիտայի մոտ խաբկանք են առաջացնում Հայաստանում հաստատել բյուրոկրատական ավտորիտար համակարգ, որը կարող է սպասարկել անձանց նեղ խմբի շահերը:
Այդ շահերին ծառայելու նպատակներից ելնելով` չի իրագործվում իշխանությունների տարանջատման սկզբունքը, չի գործում զսպումների և հակակշիռների համակարգը, փոխարենն իրականացվում է հսկողություն ԶԼՄ-ների, ընտրական գործընթացների, զգալի չափով նաև` տնտեսական քաղաքականության վրա: Հայաստանում ավտորիտար համակարգ կառուցելու փորձերը երկիրը կտանեն անդառնալի հետընթացի և վերջնականապես, երրորդ աշխարհի երկրի վերածելուն:
Այս պայմաններում դեմոկրատիան կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ ավելի, քան որևէ այլ քաղաքական ռեժիմ, պաշտպանում է մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները: Այդ առավելությունը նրան դարձնում է պետական կառուցվածքի առավել մրցունակ ձև ժամանակակից աշխարհում, որտեղ զարգացման գլխավոր գործոնը դառնում է մարդկային կապիտալը: Միայն դեմոկրատիան է ապահովում գաղափարների փոխանակման և տեղեկատվության տարածման հնարավոր առավելագույն ազատություն, առանց որոնց անհնար է անցում կատարել տեղեկատվական հասարակության 21-րդ դարում: Դեմոկրատիան նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը և ինքնուրույն քաղաքական կուսակցությունների ձևավորմանը, որոնք ունակ են հսկել իշխանությունը` հետ պահելով նրան մեկուսացումից և լճացումից: Դեմոկրատիան ապահովում է իրավահավասարությունը, կարող է իրագործել իշխանությունների տարանջատման և փոխադարձ հսկողության սկզբունքը, որը համարվում է առավել արդյունավետ միջոց պետության բյուրոկրատական դեգրադացիայի դեմ: 21-րդ դարում կայուն դեմոկրատիան անհրաժեշտ է Հայաստանին որպես կայուն, դինամիկ զարգացման անհրաժեշտ պայման:
Կուսակցության կողմից որդեգրված դեմոկրատական ուղղությունը հիմնված է անցյալի մոտեցումների վերանայման և ապագայի խնդիրների հստակ գիտակցման վրա: Այդ ուղղությունը պետք է հանգեցնի բնակչության մոտ դեմոկրատական ինստիտուտների ու արժենքների արժեվորման: Դրա նպատակը կայուն դեմոկրատական կարգն է, որն իր մեջ ներառում է իրավական պետություն, ազատական շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն, անվտանգության ժամանակակից համակարգ` զարգացման եվրոպական ուղու շրջանակներում:
Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, միավորվել ենք «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (այսուհետ նաև` Կուսակցություն) մեջ, որպեսզի օրինական միջոցներով պայքարենք Հայաստանում ժամանակակից իրավական, սոցիալական, դեմոկրատական պետության հաստատման, արդյունավետ, ազատական շուկայական տնտեսության ձևավորման և քաղաքացիական հասարակության կայացման համար:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է` ԱԶԱՏ, ՀԱՐՈՒՍՏ, ԱՌՈՂՋ ԵՎ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Մեր նպատակը ազատ, դեմոկրատական, ուժեղ և հարուստ Հայաստան ունենալն է, որն ունակ է պահպանել իր միասնությունն ու ամբողջականությունը, ստեղծել համաշխարհային մակարդակի կրթական և առողջապահական հանրամատչելի համակարգեր, պահպանել ու համալրել իր հարուստ մշակույթը, հաղթահարել խորը էկոլոգիական և դեմոգրաֆիկ ճգնաժամը, լինել մրցունակ, ձգտել համամարդկային արժեքների հաստատմանը երկրում և ինտեգրվել Եվրոպական Միությանը:
ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ
Մենք առաջնորդվում ենք ազատության, արդարության, ժողովրդաիշխանության, իրավահավասարության (օրենքի առջև բոլորի հավասարության), մարդասիրության, իրավունքի (օրենքի) գերակայության, իրավական օրինականության գաղափարական սկզբունքներով:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեքներ, պետք է հանդիսանան Հայաստանում պետական ու հասարակական-քաղաքական կարգի հիմքը: Մարդու արժանապատիվ գոյությունը նրա ազատության, առողջության, բարեկեցության, անվտանգության և իրավունքների պաշտպանության, իր ունակությունները զարգացնելու հնարավորության մեջ է: Պետությունն ընդամենը գործիք է այդ նպատակներին հասնելու համար: Պետության գոյության իմաստն այն է, որ սպասարկի, ծառայի ժողովրդին, այլ ոչ թե նրանց զոհի այս կամ այն վերացական գաղափարներին: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Մեր սկզբունքն է. պետությունն է մարդու համար, այլ ոչ մարդը պետության:
ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
«Ազատություն, արդարություն, արժանապատվություն, համերաշխություն»:
Ազատությունը բացարձակ արժեք է, ինչպեսև մարդու կյանքը: Հայ ժողովուրդը տառապանքներով ձեռք է բերել ազատության իրավունքը: Միայն ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը և 21-րդ դարում ունենալ կայուն զարգացման հեռանկար:
Ազատությունը հնարավորություն է ապրել ինքնակառավարման հիման վրա, լինել սեփական կյանքի հեղինակը: Յուրաքանչյուր անձ կոչված է և ունակ է ազատ լիենլ: Կարող է արդյոք նա ապրել այդ կոչմամբ, որոշում է հասարակությունը: Մարդը պետք է ազատ լինի նվաստացնող կախվածությունից, զրկանքներից, շահագործումից, վախից և պետք է հնրավարություն ունենա զարգացնել իր հնարավորություններն ու պատասխանատվության սկզբունքով մասնակցել հասարակական և քաղաքական կյանքին: Միայն նա, ով բավականաչափ ապահովագրված է սոցիալական հարաբերության մեջ, կարող է օգտվել իր ազատությունից: Անձի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսինը:
Ազատությունը չի կարող պահպանվել հասարակության մեջ, որը չի ձգտում արդարության: Նման հասարակությունը դատապարտված է բաժանվելու նրանց միջև, որոնց ազատությունը ամրապնդված է նյութական բարեկեցությամբ, և նրանց միջև, որոնց համար ազատությունը աղքատության հոմանիշն է: Նման շերտավորման հետևանքը կարող է լինել կամ սոցիալական ցնցումները, կամ արտոնյալ փոքրամասնության դիկտատուրան: Չկա ազատություն առանց արդարության: Արդարությունը պահանջում է ձգտել ոչ միայն իրավունքների հավասարության, այլև քաղաքացիների հնարավորությունների հավասարության` իրենց ստեղծագործական ներուժը և ունակություններն ինքնիրացնելիս, ինչպես նաև երաշխավորել արժանապատիվ գոյություն նրանց համար, ովքեր զրկված են դրանից:
Արդարությունը հիմնվում է յուրաքանչյուր անհատի հավասար արժանապատվության վրա: Այն նշանակում է հավասար ազատություն և հավասար հնարավորություններ` կրթության, աշխատանքի, սոցիալական ապահովության, մշակույթի և դեմոկրատիայի բարիքներից օգտվելու այլ հարաբերություններում` անկախ ծագումից և սեռից կամ այլ հանգամանքից:
Միատեսակ կյանքի հնարավորությունը չի նշանակում միատեսակություն: Հակառակը, մարդիկ տարբեր են և մնում են տարբեր, բայց բնական անհավասարությունը և սոցիալական տարբերությունները, կապված ծագման կամ այլ հանգամանքի հետ, չպետք է դառնան սոցիալական ճակատագիր: Կյանքի ուղիները չպետք է սահմանվեն հենց սկզբից: Յուրաքանչյուր մարդու գործունեության արդյունքները պետք է ընդունվեն և հարգվեն:
Համերաշխությունը նշանակում է փոխադարձ կապ, միասնություն և օգնություն: Այն իրենից ներկայացնում է մարդկանց պատրաստվածությունը կանգնել մեկը մյուսի համար: Այն արտահայտվում է ուժեղի և թույլի միջև, ավագ և երիտասարդ սերունդների միջև և այլ հարաբերություններում: Համերաշխությունը հսկա ուժ է, որը հասարակությունը տանում է միմյանց օգնելու պատրաստակամության և պատրաստվածության:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԻԲԵՐԱԼԻԶՄ
Ազատ հասարակությունը կարող է կառուցվել միայն այն դեպքում, եթե դրանում շահագրգռված է մածամասնությունը: Պետության պարտականությունն է ապահովել պայմաններ, որպեսզի ազատությունից շահի առավելագույն թվով քաղաքացի: Ազատության իրավունք ունեն ոչ միայն հարուստները և ուժեղները, այլև աղքատները և թույլերը: Վերջինները պետք է այն ստանալու հնարավորություն ունենան: Դրանում է տարբերությունը ժամանակակից սոցիալական լիբերալիզմի` 19-րդ դարում դրա արմատական տարբերակից: 21-րդ դարի սոցիալական լիբերալիզմը կողմնորոշված է առանց բացառության բոլոր քաղաքացիների, այլ ոչ միայն հաջողակ (արտոնյալ) փոքրամասնության շահերից բխող բարեփոխումների իրականացման վրա:
Բարեփոխումների նկատմամբ անխոհեմ մոտեցումների վերանայումը անհրաժեշտ է` հաշվի առնելով սոցիալական շերտավորման մասշտաբները և մեր երկրի ոչ համաչափ տարածքային զարգացումը: Ազգային եկամտի քաղաքակիրթ բաշխումը պետք է լինի այնքան առաջնային պետական քաղաքականություն, որքան և նրա աճը:
Մեր կողմնորոշիչներից է` հավասար հնարավորությունների հասարակություն, հիմնված սոցիալական արդարության և ուժեղների ու թույլերի սոցիալական համերաշխության սկզբունքների վրա: Ազատ հասարակությունը կարող է կառուցվել միայն կայուն քաղաքական համակարգի շրջանակներում, որը բացառում է ցանկացած կամայականություն, և ենթադրում է պետության կարգավորիչ դերը տնտեսական կարգի ստեղծմանը: Շուկան ինքնանպատակ չէ, այլ միջոց` ազատության և հավասար հնարավորություններ ստեղծելու միջոցով բոլորի ապահովվածության հասնելու համար: Պետության խնդիրն է ազատ շուկան կողմնորոշել, այլ ոչ թե հարկադրել սոցիալական նպատակներին հասնելուն:
ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Իրավական պետության ողջ կառույցի իմաստն, ի վերջո, մարդն է, քանի որ այն կոչված է բնական իրավունքներով օժտված մարդուն դարձնել ազատ անհատ, իրավունքի և հասարակության լիիրավ, իրավահավասար արժանապատվությամբ օժտված սուբյեկտ: Հետևաբար, իրավական պետությունն իր բաղադրատարրերով, կազմակերպման և գործունեության սկզբունքներով ոչ թե ինքնանպատակ է, այլ ձև, միջոց արտահայտելու, կարգավորելու, իրացնելու մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` նաև սոցիալ-տնտեսական իրավունքներն ու ազատությունները: Ուստի արդի պետությունը, որպես քաղաքացիական հասարականության հանրային իշխանության ապարատ, նախ, պետք է լինի իրավական, իսկ այնուհետև` սոցիալական:
Հայաստանում ազատ դեմոկրատական, իրավական պետություն կայացնելու համար բավարար է լրիվ ծավալով ՀՀ Սահմանադրության իրականացումը: Մենք պայքարում ենք, որպեսզի`
ա) բացառենք օրենքների տարբերակված կիրառումը և դատական կամայական որոշումների կայացումը` կախված քաղաքական կամ այլ պատվերներից, և ապահովենք բոլորի հավասարությունը օրենքի և դատարանի առաջ,
բ) բացառենք ընտրակեղծիքները, ընտրական գործընթացներում վարչական և այլ ռեսուրսների օգտագործումը, ընտրությունների արդյունքները նենգափոխելը և ապահովենք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ,
գ) բացառենք ԶԼՄ-ների գործունեության նկատմամբ խիստ հսկողությունը, գրաքնննությունը և ապահովենք խոսքի ազատությունը,
դ) վերացնենք կոռուպցիան, հատկապես, գործարարության ոլորտում և նպաստենք գործարարության զարգացմանն ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ու պայմանների ստեղծմանը,
ե) պաշտպանենք սեփականության իրավունքը` սեփականատիրոջ նկատմամբ քաղաքակական և ոստիկանական համակարգի ճնշումներից,
զ) ապահովենք մարդու տեղաշարժման ազատությունը,
է) ապահովենք մարդու արժանավայել կյանքի իրավունքը` արդարացի և արժանի աշխատանքի վարձատրության, անվճար ընդհանուր կրթության և առողջապահական ծառայությունների ապահովման միջոցով, ընտանքիների, մայրության ու մանկության, հաշմանդամներին, ծերերին տրամադրվող սոցիալական ծառայությունների և սոցիալական ապահովության միջոցով, շրջակա միջավայրի պաշտպանության միջոցով,
ը) նպաստենք տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը, բացառելով պետական կառավարման հնարավոր ճնշումները նրանց գործունեության նկատմամբ,
թ) ապահովենք իրավական պետության գաղափարական երեք բաղադրատարրերի իրագործումը. 1) մարդու և քաղաքացու ի ծնե և անքակտելի իրավունքներն ու ազատությունները, 2) իրավական օրենքների գերակայությունը, 3) պետական իշխանության համակարգի իրավական կազմակերպումը` իշխանությունների բաժանման սկզբունքի հիման վրա:
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս բնակչության մածամասնությունը հնարավորություն չունի մաքուր օդ շնչելու, մաքուր ջուր խմելու, որակյալ սնունդ օգտագործելու, առողջ երեխաներ ունենալու: Շարունակվում է բնության աստիճանական անկման գործընթացը: Էկոլոգիական անբարեկեցությունը դարձել է սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման արգելք: Երկրի կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդկան առողջության և բնության բարիքների պաշտպանությունը անպայմանական առաջնահերթություններ են:
Անհրաժեշտ է`
– ուժեղացնել, այլ ոչ թուլացնել բնապահպանական օրենսդրությունը,
– վերականգնել, այլ ոչ վերացնել պետական էկոլոգիական փորձաքննությունների, հսկողության և մոնիտորինգի մեխանիզմները,
– վերականգնել շրջակա միջավայրի պաշտպանության պետական կառուցվածքները, զարգացնել հատուկ պահանվող բնական և պատմա-մշակութային տարածքների համակարգը, հոգ տանել ավանդական բնօգտագործման պահպանման մասին,
– կանխել բնական ռեսուրսները գիշատիչ ձևով շահագործելը, աջակցել էներգոարդյունաբերության և էներգիամատակարարման ծրագրերը,
– ապահովել երկրի արդյունավետ պաշտպանությունը վտանգավոր տեխնոլոգիաներից, ապրանքներից, մթերնքներից և թափոններից,
– կանխել էկոլոգիական կրթության և դաստիարակության աստիճանական անկումը:
Անհրաժեշտ է ռեալ ապահովել առողջ կյանքի և առողջ շրջակա միջավայրի յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը, հաղթահարել դեմոգրաֆիկ ճգնաժամը, կրճատել էկոլոգիայից կախված հիվանդությունները և մահացությունները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Սոցիալական շուկան համակարգ է, որի դեպքում պետությունը ստեղծում է ինստիտուտներ, որոնք կարգավորում են շուկայական ուժերի խաղերը, չթելադրելով նրանց իր կամքը: Այս եվրոպական տնտեսական մոդելը ենթադրում է պետական քաղաքականության իրականացում հետևյալ ուղղություններով`
– մասնավոր սեփականության երաշխավորում, տնտեսական ազատության պաշտպանություն, ձեռնարկատերերի համար բյուրոկրատական խոչընդոտների վերացում, փոքր և միջին բիզնեսի պաշտպանություն, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում, մենաշնորհների վերացում, մրցակցային միջավայրի պաշտպանություն, լիակատար իրավական պաշտպանվածություն, ապահովագրական համակարգերի ստեղծում, աղքատության հաղթահարում, կտրուկ սոցիալական շերտավորման կրճատում, աշխատատեղերի ստեղծում, բնակչության եկամուտների բարձրացում, կրթության և առողջապահության որակի բարելավման և մատչելիության ընդլայնման վրա տարվող աշխատանք, համազգային բնական և մշակութային հարստության պաշտպանություն անփույթ մասնավորեցումից:
Սոցիալական շուկայի արդյունքները կլինեն` համընդհանուր բարեկեցության պետության կայացում` եվրոպական չափանիշներին համապատասխան, ուժեղ միջին դասի ձևավորում, արդյունավետ սոցիալական աջակցության, 21-րդ դարի պահանջներին համապատասխանող կրթության և առողջապահության համակարգերի կայացում, տնտեսապես զարգացած երկրների շարքը համալրվելը:
Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը նաև նոր տեղեկատվական հասարակության ձևավորման ու զարգացման մեջ է: Անհրաժեշտ է գիտա-կրթական պոտենցիալի աշխուժացում, ժամանակակից գիտա-տեխնիկական առաջընթացի ձեռքբերումների ուսումնասիրման հիման վրա արտադրության նոր ճյուղերի զարգացմանն աջակցություն, բարենպաստ պայմանների ստեղծում և միջոցների ներգրավում բարձր տեխնոլոգրաների ու ինովացիոն ճյուղերի զարգացման ոլորտներում:
Մտավոր գործունեություն, կրություն և գիտություն, բարձր տեխնոլոգիաներ. այս երեք ուղղությունները պետական մակարդակով պետք է համարվեն Հայաստանի զարգացման կարևորագույն ռազմավարական ռերսուսները: Այդ ռերսուսները օժտված են հսկայական պոտենցիալով, ինչը կարող է իրականացվել գիտությունը, բարձրագույն դպրոցը և բարձր տեխնալոգիայի արտադրանքը միասնական` գիտելիքահենք տնտեսության մեջ միավորելով:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում սոցիալական առաջընթացը հնարավոր չէ առանց պատասխանատու հասարակության, որն ունակ է քննադատելու և վերահսկելու իշխանությանը` ստիպելով նրան աշխատել իր շահերի համար, ինչպես նաև ապահովել քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների (ընտանիք, սեփականություն, անհատականություն, ազատություն, բարոյականություն, քաղաքացիականություն, կարգուկանոն, իրավական պետականություն) պահպանությունն ու պաշտպանությունը:
Քաղաքացիական հասարակության անդամներն ազատ են: Այդ ազատությունը երաշխավորված է և տնտեսական, և քաղաքական, և անձնական առումներով: Այս հասարակությունն ունի ինքնակառավարման ներուժ, որի արդյունքում այն դառնում է պետությունից անկախ, որոշակիորեն ինքնավար և կարողանում է սահմանափակել պետական իշխանությունը, նվազագույնի հասցնել նրա միջամտությունը հասարակության գործերին: Այս հասարակությունը բաց, տեղեկատվական հասարակություն է, որում հռչակված և պետության կողմից երաշխավորված են խոսքի և քննադատության ազատությունը, հրապարակայնությունը: Այս հասարակության բնորոշ են ազատ շուկայական տնտեսության և մրցակցային քաղաքական համակարգերը:
Կուսակցությունը որդեգրում է քաղաքացիական հասարակությանն ակտիվ աջակցության և պաշտպանության քաղաքականություն` համարելով, որ քաղաքացիների ինքնակազմակերպման տարբեր ձևերը իրենց մեջ կրում են երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման հսկայական հիմք:
Պետությունն իր հերթին, չպետք է «կառավարի» քաղաքացիների կամավոր միավորումները, այլ աջակցի դրանց, ընդլայնելով դրանց մասնակցության հնարավորությունները պետական գործերում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հայաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ: Հայ ազգի պոտենցիալը կարող է բացահայտվել միայն եվրոպական քաղաքակրթության արժեքների համատեքստում: Եվրոպական ճանապարհը Հայաստանի բարեկեցության աճն է, նրա եվրոպական չափանիշներին մոտեցնելու, երկրում եվրոպական տիպի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և քաղաքական մոդելի ձևավորման ճանապարհով: Դա նաև հայկական օրենսդրության զարգացումն է ԵԽ-ի և ԵՄ-ի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, դա մեր ազգային անվտանգության հարցն է:
ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՆՔ
Մենք – հայրենասերների կուսակցություն ենք, բայց ոչ այնպիսի հայրենասերների, որոնք իշխանությունը անհատից վեր են դասում, երկիրը տանում են մեկուսացման և ազգայնական անխոհեմության: Ազգայնականությունը իր ցանկացած տարատեսակում թշնամական է Հայաստանին: Հայաստանի ազգային շահերը որևէ կապ չունեն թագավորական առասպելների հետ:
Մեզ համար լինել հայրենասեր նշանակում է աշխատել միայն մեր երկրի և ՀՀ քաղաքացու բարօրության համար, այլ ոչ թե անդադար հայտարարել մեր հայրենասիրության մասին: Մեր մոտեցումն է – գործի հայրենասիրություն, այլ ոչ «գեղեցիկ խոսքերի» հայրենասիրություն:
Մեր սոցիալական հենարանն առաջին հերթին հայ մտավորականությունն է և վերածնվող միջին դասը: